ԱՌԱՆՑ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ Երեկ Սահմանադրական դատարանը քննության առավ 1948թ. հուլիսի 9-ին Սան Ֆրանցիսկոյում ստորագրված Միավորման ազատության եւ կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը: Նախագահի լիազորված ներկայացուցիչն էր Աղվան Վարդանյանը, իսկ զեկուցողն էր ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանը: ՍԴ փոխնախագահն էլ տեղեկացրեց, որ կոնվենցիան ուժի մեջ է մտել 142 պետության համար եւ այն վավերացնող պետությունները պարտավորվում են ապահովել աշխատողների եւ գործատուների միավորման ազատությունը: Ըստ այս կոնվենցիայի, գործատուները եւ աշխատողները իրավունք ունեն իրենց ընտրությամբ ստեղծելու կազմակերպություններ, առանց վարչակազմի եւ վերադասի միջամտության: Կոնվենցիան համապատասխանում էր ՀՀ սահմանադրությանը: ՍԴ-ում հաջորդ հարցը առնչվում էր «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորություններին: Ըստ այս կոնվենցիայի, պետությունները պարտավորվում էին մշակել եւ իրականացնել գործողության ծրագրեր երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի արգելումը եւ վերացումը շուտափույթ ապահովելու համար: Նախատեսվում էր նաեւ բոլոր երեխաների սոցիալական ինտեգրացման, անվճար բազային կրթության տրամադրման եւ խոցելի վիճակում գտնվող երեխաների հայտնաբերման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանը հարցրեց սոցապ նախարարին, թե որքան երեխաներ են որդեգրվել օտարերկրացիների կողմից: Ըստ սոցապ նախարարի, անցյալ տարի մոտավորապես որդեգրվել է 55-60 երեխա եւ կառավարության 95%-ը նախապատվությունը տալիս է ՀՀ քաղաքացիներին, որոնք որդեգրման ցանկություն են հայտնում: Այս կոնվենցիան նույնպես համապատասխանում էր ՀՀ սահմանադրությանը: Ռ. Մ.