Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն

Հունվար 15,2005 00:00

Միայն ՀԴԿ-ն կփրկի Երեկ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Այսօր ձանձրացնելու չափ թմբկահարվող ՀՀ պետբյուջեի իբրեւ թե սոցիալական ուղղվածությունը, որի ապացույց պետք է դառնար շուրջ 50 մլրդ դրամով եկամտային մասի ավելացումը, նոր տարվա առաջին իսկ օրերին հօդս ցնդեց։ Թոշակների, աշխատավարձերի հերթական վճարումների աննախադեպ ուշացումը, քաղաքային ավտոբուսային առավել մատչելի տրանսպորտի գնի կրկնապատկումը, ջրի ու գազի սակագների սպասվելիք կրկնակի բարձրացումը ի չիք են դարձնում թոշակների 1000-ական դրամով ավելացումը եւ նոր ծանր հարված են հասցնում հատկապես բնակչության անապահով զանգվածի կենսամակարդակին։ Այս իրավիճակում երկրի սոցիալական ապահովության գլխավոր երաշխավորը` ՀՀ նախագահը, ստվերի դեմ պայքարի շղարշ է ստեղծում` երկիրը շուրջ յոթ տարի կառավարելուց հետո մեղքերի թողություն է շնորհում նրանց, ովքեր կողոպտել են ժողովրդի հարստությունը` տարիներ շարունակ պետբյուջե չվճարելով իրենց հարկերի շուրջ 70 %-ը։ Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական ծանր իրավիճակը, մարդու ամենատարրական իրավունքների մշտական ոտնահարումը, իշխանական վերնախավում տիրող համատարած ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտը մեկ անգամ եւս ապացուցում են, որ այսօրվա իշխանություններն ի վիճակի չեն ոչ միայն բարեփոխել երկրի վիճակը, այլ անգամ դանդաղեցնել նրա սրընթաց անկումը»։ Այսպիսով, ՀԴԿ-ն հայտարարում է. «Միայն ՀԴԿ ծրագրի կենսագործման դեպքում է հնարավոր երկրում իրականացնել սոցիալական բարեփոխումներ, ձեւավորել արդարացի հասարակական մթնոլորտ, խուսափել սոցիալ-տնտեսական ցնցումներից եւ երկիրը դուրս բերել ճգնաժամից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել