ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ՄՈՐԳԻ՞Ց «Այսուհետեւ ՀՀ-ն պետք է կոչենք Արեւելյան Հայաստանի Հանրապետություն՝ այդպիսով շեշտելով Արեւմտյան Հայաստանի գոյությունը»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Աշոտյանը: Վերջինիս ղեկավարած կազմակերպության հրավիրած ասուլիսն այլ նպատակ ուներ՝ ներկայացնել 2004թ. իրենց գործունեության որոշ մանրամասներ եւ 2005-ի հիմնական ծրագրերը: Ասուլիսի օրը պատահական չէր ընտրված. 1933թ. հունվարի 14-ին Գարեգին Նժդեհը Բուլղարիայում հիմնադրեց 1-ին ցեղակրոն ուխտերը: Հանրակրթության ոլորտում իրականացրած ծրագրերն ամփոփելով, պարոն Աշոտյանը հանգել է այսպիսի եզրակացության. «Այսօր կրթությունն ազգային դեմք չունի, մեր կրթության նախարարը Բոլոնյան հռչակագիր արտահայտությունն ավելի հաճախ է օգտագործում, քան հայժողպատմություն կամ Հայաստան բառերը: Ամանորյա եթերին շատ զարհուրելի էր, որ Ձմեռ պապը հայկական գովազդում զարմանալիս փոխանակ «վայ» ասի, «վաու» է ասում (անգլերեն հնչողությամբ)»: Մտահոգությունը շարունակեց կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Եթե բացենք հայոց պատմության 7-8-րդ դասարանի դասագրքերը, ապա այնտեղ ինդուստրացման եւ ՆԷՊ-ի մասին ավելի շատ է գրված, քան մայիսյան հերոսամարտերի եւ Լեռնահայաստանի մասին»: Կազմակերպությունը ակտիվ համագործակցություն է սկսել Հայաստանյայց առաքելական եկեղեցու երիտասարդաց միության հետ՝ մասնավորապես աղանդների դեմ պայքարի հարցում: Սակայն պարզվում է, որ նրանց հույսը ոչ թե պետությունն է, այլ շուրջ 50-ի հասնող հ/կ-ները: Նրանց օգնությամբ այս տարի երիտասարդ հանրապետականները կկարողանան հրատարակել հակաաղանդավորական գրքույկներ եւ անհատույց բաժանել բնակչությանը: Սակայն միջոցներն այնքան սուղ են, որ գրքույկները նույնիսկ գունավոր չեն լինի, ինչպես, օրինակ, եհովականների գունազարդ ու գրավիչ քարոզչական գրականությունն է: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը անցյալ տարվա նվաճումներից է համարում այն, թե ինչպես իրենք, մի քանի այլ երիտասարդական կազմակերպությունների հետ, մայիսին օդանավակայանում «դեբոշ» սարքեցին այն քաղաքական գործիչների գլխին, ովքեր Ստրասբուրգում ի ցույց դրեցին մեր կեղտոտ լվացքը: «Մեր այդ քայլը հոգու պոռթկում էր, հոգու պարտք, ամենաանկեղծ եւ ամենաազնիվ ակցիան»,- հպարտությամբ նշում է Արմեն Աշոտյանը: ՀՀԿ երիտասարդների այս տարվա նախագծերից է «Հայաստան եւ ճշմարտություն»-ը: Այսուհետեւ ամեն օր, օրը 4-5 անգամ մենք Հ1-ով կլսենք Գարեգին Նժդեհի ասույթներից մեկը. նպատակն է՝ հայերի մեջ սերմանել ազգային-ռազմահայրենասիրական դաստիարակություն: Ազգի ու հայրենիքի հավիտենականության գաղափարից բխող եւս մի պրոյեկտ. ԱԼՄ-ով մենք կարող ենք ծանոթանալ եղանակի տեսությանը՝ ողջ հայկական բարձրավանդակում՝ եղանակը Կարսում, Տիգրանակերտում, Բագավանում, այն պատմական քաղաքներում, որոնք օտարների ձեռքում են, ինչպես նաեւ ծանոթանալ մեր ազատագրված տարածքների եղանակին: ՀՀԿ երիտասարդները այսպիսով նպատակ ունեն հայերի մեջ պահել եւ զարգացնել այն գաղափարը, որ դրանք մեր տիրույթներն են: Ինչո՞ւ ներկայացնել Սիդնեյի կամ Հռոմի եղանակը, իսկ Արեւմտյան Հայաստանինը՝ ոչ. ի՞նչ է, Սիդնեյ ու Հռոմ ավելի շատ մարդ է մեկնո՞ւմ: «Ամեն դեպքում, էմոցիան եւ հավատամքն է պահում ցանկացած ազգի այս երկրում»,- ասում է Արմեն Աշոտյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆՀ. Գ. Ի դեպ, ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանի՝ այլ պաշտոնի նշանակվելու պարագայում, համամասնական ցուցակով հերթը Արմեն Աշոտյանինն է: Նա վստահեցնում է, որ պատգամավոր դառնալու դեպքում հասարակական գործունեությունը չի թողնի, որովհետեւ շատ է սիրում ուսանողության հետ աշխատել (Բժշկական համալսարանի ռեկտորի օգնականն է), բայց իր մասնագիտությամբ չի աշխատի, որովհետեւ դատական բժշկության մասնագետ է. պատկերացնո՞ւմ եք դիակների հետ աշխատող պատգամավոր: