Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ

Հունվար 15,2005 00:00

Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ Այս հարցը ընդդիմության ներսում բազմաթիվ պատասխաններ ունի, սակայն ամենաշատ հանդիպող պատասխանն այն է, որ ամեն ինչ լավ է լինելու, եւ վերականգնվելու է սահմանադրական կարգը: Առայժմ այս պնդման համար որեւէ կոնկրետ հիմք չի երեւում։ Թերեւս միակ կոնկրետը միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներն են, որոնք ընդդիմության ներկայացուցիչներից շատերն ընկալում են որպես դրսի ուշադրության ակտիվացում Հայաստանի ներքին խնդիրների նկատմամբ: Մասնավորապես, «Մարշալի հիմնադրամի» ԱՄՆ փորձագետների հետ հանդիպման ժամանակ մերոնց հարց է ուղղվել՝ դուք որոշե՞լ եք՝ մնում եք ֆորպո՞ստ, թե՞ դառնում եք ժողովրդավարական երկիր: Հասկանալի է, որ մերոնք, մասնավորապես՝ ընդդիմադիրները, ժողովրդավարության կողմն են եղել: Մնում է միայն այն իրականացնել: Սակայն, մյուս կողմից, ընդդիմությունը շարունակ հայտարարում է, թե Հայաստանի ներքին հարցերը պետք է լուծվեն բացառապես ներսի ուժերով: ԱԺԿ կուսակցության նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը նույնպես մասնակցել էր ԱՄՆ փորձագետների հետ հանդիպմանը, եւ նրանից երեկ փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք ընդդիմության վերջին հույսը մնում է ԱՄՆ-ն, եւ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա ամերիկացիների աջակցությամբ: Մեր հարցադրումից պարոն Քոչարյանը կարծես նեղացավ. «Ներողություն, եթե իրենք եկել են եւ հանդիպում են մեզ հետ, դա չի նշանակում, որ մենք այդպիսի քաղաքականություն ենք որդեգրել: Ամենեւին, մենք միշտ էլ մեր հույսը, մեր ուժը կապել ենք մեր ժողովրդի հետ: Խնդիրն այն է, որ եկել են փորձագետներ, որոնք ազդում են ԱՄՆ-ի քաղաքական որոշումների կայացման վրա: Նրանց համար դա այց է, որը պետք է հնարավորություն տա ճշտել Սպիտակ տան քաղաքականությունը տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ»: Հունվարի վերջին Ստրասբուրգում կլսվի Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը Հայաստանի մասին: Հայաստանյան պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը հույս ունի, որ մեր պատվիրակությունը կփորձի նիստի ժամանակ զեկույցում որոշակի փոփոխությունների հասնել: Հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ Ղարաբաղի հարցում պատվիրակության անդամները միշտ էլ համագործակցել են եւ այսուհետեւ էլ համագործակցելու են: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել