Ազիմովը փչացրեց Երբ լրագրողները ՀՀ արտգործնախարարին Ղարաբաղի վերաբերյալ հարց են ուղղում, վերջինս շատ քաղաքավարի հրաժարվում է պատասխանել՝ ասելով, թե ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել է չբացահայտել «պրահյան» բանակցությունների մանրամասները: Հետաքրքիր է, որ այդ պայմանավորվածությունը հարգվում է միայն Օսկանյանի կողմից: Բանն այն է, որ բոլոր այն հարցերը, որոնցից ՀՀ արտգործնախարարը ճարպկորեն խուսափում է, հաճույքով պարզաբանում են ադրբեջանցի պաշտոնատարները: Այսպես. ի տարբերություն Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, մեկնաբանելով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների Պրահայում կայացած բանակցությունների հերթական ռաունդը, կտրականապես հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու կամ Ղարաբաղը Հայաստանի կառավարմանը հանձնելու շուրջ: «Թուրան» գործակալության հաղորդմամբ, Ազիմովը հայտարարել է, թե «Պրահյան գործընթացի» շրջանակներում քննարկվում է առաջին փուլում ԼՂ-ին հարող բոլոր յոթ շրջանների ազատագրման հարցը, ինչի դիմաց «Ադրբեջանը պատրաստ կլինի վերականգնել հաղորդակցական եւ առհասարակ բոլոր տեսակի կապերը»: Գնահատելով վերջին զարգացումները՝ վերջինս նշել է, թե «Հայաստանը հետաքրքրություն է հանդես բերում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման նկատմամբ, եւ դա արդյունքների ձեռքբերման հույս է տալիս»: Այդուամենայնիվ, Ազիմովի խոսքերով, առկա տարաձայնությունները «դեռեւս շատ են», եւ բանակցություններում «իրավիճակը բարդ է»: Հայկական կողմի բանակցային ակտիվացումը նա բացատրում է միջազգային նոր իրողություններով. Հայաստանը հարկադրված է առավել ակտիվորեն մասնակցել ՆԱՏՕ-ի ծրագրերին, Եվրամիությունն աստիճանաբար ավելի է մոտենում տարածաշրջանին, իսկ միջազգային հանրության կարծիքը փոխվում է հօգուտ Ադրբեջանի: Դրա օրինակներից մեկը, Ազիմովի վկայաբերմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԽԽՎ զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի հաշվետվությունն է: Եվս մի դիտարկում. ըստ Արազ Ազիմովի, «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը դեռեւս չի նշանակում ամբողջությամբ վերցրած խնդրի կարգավորում»: Նրա խոսքերով, խնդրի կարեւոր բաղադրիչներից է տարածաշրջանում հայկական բնակչության անվտանգության երաշխիքների ապահովումը: Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմը գաղտնապահությամբ չի փայլում եւ, փաստորեն, Ազիմովի շուրթերով «մերկացրեց», այսպես կոչված, «Պրահայի գործընթացի» բոլոր թաքուն հրապույրները: Թե սրանից հետո հայկական գաղտնապահությունն էլ քանի կոպեկ կարժենա, դատեք ինքներդ: Վերջում հավելենք, որ, ըստ Ազիմովի, հայ-ադրբեջանական երբեւէ եղած ու փաստված համաձայնություն կարող է դիտվել բացառապես 1997 թվականի հոկտեմբերին Հ. Ալիեւի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համատեղ հայտարարությունը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ