Էնքա՜ն բան ենք տեսել ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը համարում է, որ առաջներում էլ ՀՀ-ն ժողովրդավարությամբ չի փայլել Օրերս Հայաստանում գտնվող «Մարշալի հիմնադրամի» ամերիկյան ներկայացուցիչները քաղաքական շրջանակների հետ հանդիպումների ժամանակ հետաքրքրվել էին ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ վերջիններիս դիրքորոշումներով: Նույն օրը «Human rights watch» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում այդ համատեքստում մեզ համար շատ կոշտ ու անմխիթար գնահատականներ էր հրապարակել՝ անդրադառնալով մասնավորապես 2003-ի ընտրությունների տրամաբանական շարունակություն հանդիսացող 2004-ին տեղի ունեցած իրադարձություններին եւ իշխանությունների կողմից ընդդիմության եւ նրա աջակիցների նկատմամբ կիրառված բռնարարքներին: «Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթացի կամ ետընթացի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, թե այդ նույն՝ 2003-ի դեպքերն առաջի՞նն են եղել: Ավելի սարսափելի բաներ են եղել մեր երկրում: Ես այն տեսակետին չեմ, որ առանձին բաղադրիչով կամ առանձին դեպքով կարելի է ամբողջ երեւույթը գնահատել: Բայց անգամ այդ դեպքում մեր խղճի հանգստության համար պետք է ասել՝ արդյո՞ք մեր երկրում ամեն ինչ այնքան փայլուն էր, որ 2003-ին հանկարծ նման բան տեղի ունեցավ: Մենք այնքան նման եւ ավելի սարսափելի դեպքեր ենք ունեցել: Եթե միջազգային կազմակերպություններն այդ դեպքերից տեղյակ չեն, ապա մենք հո տեղյակ ենք»,- այսպես արձագանքեց մեր հարցադրմանը ՀԺԱՄ կուսակցության նախագահ Սեյրան Ավագյանը՝ նկատի ունենալով 1994-96թթ. ընթացքում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները: «Ես ուզում եմ, որ մենք օբյեկտիվությունը չկորցնենք: Մենք մեծ դժվարությամբ ենք կարողանում առաջընթաց արձանագրել: Մեր ներքաղաքական կյանքում որեւէ տարի չի առանձնացել եւ չի փայլատակել իր ժողովրդավարությամբ: Ոչ, ժողովրդավարության վիճակը Հայաստանում լավ չէ: Ի՞նչ է պետք անել ավելի լավ արդյունքներ ունենալու համար: Պետք է գործ անել»,- հավելեց պրն Ավագյանը: Հիմա հայաստանյան քաղաքական կյանքում կուսակցություններից որոշները փորձում են շատ արեւմտամետ երեւալ, որոշները՝ շատ ռուսամետ: Ո՞րն է ՀԺԱՄ-ի արժեքային կողմնորոշումը: «ՀԺԱՄ-ն առաջին հերթին նպատակ ունի ստանալ արդյունավետ հասարակություն եւ դրան հասնելու գրավականը տեսնում է ազատական տնտեսության, ազատ հասարակության կառուցման մեջ: Մենք կողմնակից ենք այն քաղաքական վեկտորին, որը ձեւավորված է երկրի համար՝ Եվրոպայի ինտեգրացում, ԵՄ անդամակցություն»,- պարզաբանեց Ս. Ավագյանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, որն այսօր կրկին ամենաշատ քննարկվող թեմաներից է, ապա, նրա ասելով, իր գլխավորած կուսակցությունը կողմ է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններին: «Այսօր, ցավոք, բավականին բարդ խնդիրներ կան հայ-թուրքական հարաբերությունների դաշտում: Մենք կողմնակից ենք մեր հարաբերությունները կարգավորել առանց երկուստեք նախապայմանների»,- ասաց կուսակցության ղեկավարը՝ հավելելով, թե հայ-թուրքական հարաբերությունների կառուցումը պետք է սկսել հենց տնտեսական հարաբերությունների հաստատումից, «ինչն ավելի տրամաբանական է»: Իսկ ռուսական ռազմաբազաների առկայությունը ՀՀ-ում Ս. Ավագյանը պայմանավորեց նախորդ հարցադրման՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ. «Դա մեր ժողովրդի համար անվտանգության ապահովման հիմնախնդիր է»: Այդ իմաստով նա կարեւորեց տարածաշրջանում անվտանգության համակարգ ունենալու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, որին, ի դեպ, ձգտում են միանալ մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, ապա, Ս. Ավագյանի դիտարկմամբ, դա իսկապես անվտանգության որոշակի համակարգ է, բայց սխալ կլինի ասել, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում հաստատված է եւ ապահովում է տարածաշրջանի երկրների անվտանգությունը: Ըստ նրա, «դա է պատճառը, որ տարածաշրջանում անվտանգության համակարգի խնդիրը դեռ լուծված չէ: Մենք դեռ պետք է հասնենք նրան, որ այդ համակարգը գոյություն ունենա, իսկ թե ինչպիսին է լինելու դա` չեմ կարծում, թե տարածաշրջանում միայն Հայաստանը կամ միայն տարածաշրջանի երկրներն են այդ հարցի պատասխանը տալու: Դա կախված է մի շարք գործոններից եւ մի շարք այլ պետություններից»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ