Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԴԻԿ

Հունվար 15,2005 00:00

«ՄԱՐԴԻԿ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ՄՏԱԾԵԼ» Պնդում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը Իր պնդումը նա հիմնավորեց հասարակական ու քաղաքական հնչեղություն ստացած որոշ հարցերի շուրջ բանավեճերում հնչող փաստարկներով: «Մարդիկ սկսել են հավատալ միայն ինչ-որ խորհրդանիշ-բառերի եւ բացարձակ չեն փորձում տեսնել, թե ինչ կա դրանց խորքում,- ասաց Աղասի Ենոքյանը:- Օրինակ, Իրաք զորախումբ ուղարկելու դեպքում կային երկու հիմնական մոտեցումներ: Մեկն այն էր, թե քանի որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պետք է ուղարկել… Անհասկանալի է, թե ինչու՝ ցավոք, չբերվեցին բացատրություններ»: Առարկեցինք, թե որոշ բացատրություններ եղել են, մասնավորապես պաշտպանության նախարարն էր պնդում, թե Հայաստանը չի կարող լիովին մի կողմ քաշվել նման գործընթացներից եւ պիտի մասնակցություն ունենա իր մասով: «Ինչո՞ւ պիտի մեր մասով մասնակցություն ունենանք: Հիմնական փաստարկները չհնչեցին,- ասաց Աղասի Ենոքյանը:- Մյուս կողմն էլ ասում էր՝ ո՛չ, պետք չի ուղարկել, քանի որ Քոչարյանն ասել է, թե պետք է ուղարկել»: Դարձյալ առարկեցինք, թե հնչել են շատ հակափաստարկներ, մասնավորապես՝ Իրաքում հայ համայնքի անվտանգության, Հայաստանն ահաբեկչության թիրախ դառնալու հավանականության եւ այլնի վերաբերյալ: «Եթե հայկական համայնքի մասին են մտածում՝ պիտի ցանկանան նրանց ազատել ահաբեկիչներից: Այսինքն՝ պիտի գնանք եւ մասնակցենք հակաահաբեկչական պայքարին եւ հայ համայնքի համար ստեղծենք ավելի լավ պայմաններ,- ասաց քաղաքագետը:- Իսկ եթե համարում են, թե Ամերիկան այնտեղ ահաբեկչության դեմ չէ, որ պայքարում է, եւ ընդամենը վարում է զավթողական պատերազմ՝ թող կուսակցությունները հանդես գան ու բողոքեն ամերիկյան այդ քաղաքականության դեմ: Օրինակ՝ այդպես արեցի՞ն դաշնակցականները: Բայց դեմ քվեարկեցին, չէ՞, զորախումբ ուղարկելուն»: Նկատեցինք, թե Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների առումով բավական վտանգավոր կլիներ, եթե իշխանությանը մաս կազմող կուսակցությունը հանդես գար հակաամերիկյան հայտարարություններով: Աղասի Ենոքյանն արձագանքեց հարցով. «Իսկ իշխանությանը մաս կազմող կուսակցությունը եթե այդպես է քվեարկում՝ չի՞ անդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա»: Իրաքի օրինակը միակը չէր: Մեր զրուցակիցը մեջբերեց նաեւ ակտիվորեն քննարկվող մեկ այլ՝ սոցիալական քարտերի խնդիրը. «Էլի բոլորի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է դրանց դեմ կամ կողմ լինել: Սոցիալական քարտերին դեմ արտահայտվողները փաստարկում են, թե մարդկանց համարակալում են… Բայց, կներեք, երբ մարդը ծննդյան վկայական կամ անձնագիր է ստանում՝ արդեն իսկ համարակալվում է: Իսկ ինչո՞ւ են կողմ սոցիալական քարտերին՝ էլի անհասկանալի է: Ասում են, թե այդպես լավ կլինի: Ինչո՞ւ: Պատճառը միայն այն է, որ վարկ են վերցրել սոցիալական քարտեր սարքելու համար, ու հիմա սարքում են մեր գլխին. մարդկանց պիտի աշխատավարձ ու թոշակ չտան, ինչ է թե արդարացնեն վերցրած վարկը»: Քաղաքագետի պնդմամբ՝ իր վերոնշյալ դիտարկումները վերաբերում են նաեւ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ ծավալվող բանավեճին. «Դրա ամբողջ էությունն այս է՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային: Եվ այսօր արտաքին գործերի նախարարությունը, բոլոր քաղաքական ուժերը կուրծք են ծեծում, միայն թե կարգավորման փաթեթը չկոչվի «փուլային»: Ի վերջո՝ գալիս-հասնում են նրան, որ փուլ առ փուլ փաթեթներ ներկայացվեն կամ փուլերը փաթեթավորվեն… Այսինքն՝ հիմնական կռիվը նույնիսկ այն չէ, թե ինչ առաջարկվում է Ղարաբաղի վերաբերյալ՝ ձեռնտո՞ւ է Հայաստանին ու ԼՂ-ին, թե՞ ոչ, այլ այն, թե ինչպես կկոչվի այդ ամենը»: Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին. «Ասում են՝ Ռուսաստանի հետ ենք: Ինչո՞ւ՝ սա արդեն համատարած զոմբիականացում է: Ասում են՝ ամերիկամետ ենք կամ դավանում ենք եվրոպական արժեքներ: Որո՞նք են այդ արժեքները»: Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ «մտքերի, փաստարկների փոխարեն՝ խորհրդանիշներ» սխեմայով կարելի է անդրադառնալ քաղաքական գրեթե բոլոր գործընթացներին. «Ու ցույց տալ, որ հիմնական վեճերն ընթանում են հենց խորհրդանիշների շուրջ: «Ուղեղների լվացման» մեթոդներով՝ զանգվածային լրատվության միջոցներով, մարդկանց մատուցվում են հենց խորհրդանիշներ՝ առանց թողնելու հասկանալ, առանց փորձելու բացատրել: Եկեք թողնենք այդ խորհրդանիշները եւ խոսենք հնարավորինս պարզ բառերով: Հասկանանք, թե, օրինակ, ինչ է նշանակում մարդկային չափում, մարդու իրավունք կամ ռուսական կողմնորոշում: Այն բառերը, որ իրավապաշտպաններն օգտագործում են իրենց դրամաշնորհները ստանալու համար՝ պետք են իրենց ու իրենց գրանտատուներին: Բայց այն արտահայտությունները, որոնք քաղաքական գործիչները եւ հասարակական կազմակերպություններն օգտագործում են մարդկանց հետ շփվելու համար՝ պիտի լինեն գոնե քաղաքացիների համար հասկանալի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել