Լրահոս
Օրվա լրահոսը

Դասատո՞ւ, թե՞ ուսուցիչ

Հունվար 15,2005 00:00

Իրենց կարգավիճակն են ուզում պարզել երաժշտական դպրոցներում դասավանդողները

Մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությամբ անհանգստացած՝ երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի հետ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում կազմակերպել էին հանդիպում՝ քննարկելու երաժշտական դպրոցների խնդիրները: Ս. Երիցյանի խորհրդականների անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօր ՀՀ-ում կա 109 երաժշտական դպրոց՝ 3180 մանկավարժով եւ շուրջ 20000 աշակերտ: Պարոն Երիցյանը նշեց, որ այդ դպրոցներում հիմնականում առկա են բովանդակային դժվարություններ, քանի որ մինչ այսօր մանկավարժներն առաջնորդվում են 1988-ի ծրագրերով՝ հաշվի չառնելով վերջին 10-15 տարիների իրողությունը. «Այսօր մենք չենք եկել պատրաստի դեղատոմսեր ձեզ մատուցելու, պիտի պարզապես քննարկենք, տեսնենք՝ ինչն ինչոց է»: Հ. Հովեյանն էլ առաջարկեց մասնագետներին, որ այլեւս չտարածեն այն թյուր կարծիքը, թե ազգագրական երգ-երաժշտությանը զարկ տալու դեպքում կոտնահարվեն մյուս ուղղությունները: «Էլիտան ուզում է, որ իր երեխան ջութակ նվագի, կարեւոր չէ՝ լսողություն ունի՞, թե՞ ոչ: Իսկ ո՞վ պետք է քանոն նվագի, բնականաբար, իրենց խնդիրը չէ»,- սրտնեղեց մշակույթի նախարարը՝ ավելացնելով, որ ինքը կգերադասեր, որ իր տղան քամանչա նվագեր: «Ես դրա մեջ ոչ մի «փլեյբեյական» բան չեմ տեսնում»,- ասաց նա՝ հավանաբար, նկատի ունենալով «փեյբոյ»-ի եւ «պլեբեյ»-ի (ռամիկի) խառնուրդը:

Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանի կարծիքով, երաժշտական դպրոցների հարցում գործում է «շարժումն ամեն ինչ է, արդյունքը՝ ոչինչ» մետաֆիզիկական մտածողությունը. «Մենք 4 տարի է՝ գալիս ենք մշակույթի նախարարություն, մեր դարդերը պատմում ու գնում, բայց ոչ մի հարց էլ չի լուծվում»:

Ըստ տիկին Կիրակոսյանի, մարզերում մեթոդական միավորումները օգտակար չեն, քանի որ սկզբում դրանք լուրջ ծրագրեր են ներկայացնում, հետո մոռանում են, որ անհրաժեշտ է նաեւ իրականացնել. «Մենք ունենք համայնքի ղեկավար, որն իրեն անծանոթ առարկաները պարտադրաբար հանում է դասավանդումից ու հարցը լուծում այն կարգադրությամբ, թե դաշնամուրը դրեք գյուղապետարաններում, թող երեխեն գա նվագի, գնա»: Իսկ Ալ. Սպենդիարյանի անվան դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանի բոլոր հարցադրումներն այդպես էլ մնացին անպատասխան. «Մենք չգիտենք՝ ո՞վ ենք՝ ուսուցի՞չ, թե՞ դասատու, ինչպե՞ս հասկանանք, որ ուսուցիչը ստանում է 50 հազար դրամ աշխատավարձ, դասատուն՝ ոչ: Ո՞վ պիտի պարզի մեր ստատուսը: Մեր անունը դրեցին արտադպրոցական խմբակներ, ուրեմն մի ամբողջ կրթություն խմբա՞կ է համարվում, ինչքա՞ն պիտի ուսման վարձը ավելացնելով՝ աշխատավարձ տանք»: Անդրադառնալով «ԱԼՄ»-ի աստղերի համերգներին՝ պրն Սահակյանը նշեց, որ երգարվեստն այդչափ գռեհկացնելը եւ նման անճաշակություններ հեռուստատեսությամբ ցուցադրելը՝ ողբերգություն է մեր ազգի համար. «Ես պատկերացնում եմ՝ մարզերից եկող խեղճ երեխաներն ինչպես են այստեղից-այնտեղից շորեր ճարում, կյանքում առաջին անգամ բեմում կանգնում, իրենցից գոհ ելույթ ունենում՝ մտածելով, թե արդեն աստղ են: Ո՞վ պետք է պատասխան տա նրանց խաթարված հոգու համար»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել