Երեկ լրացավ կոմպոզիտոր, ԽՍՀՄ
եւ ՀՀ Ժող. արտիստ, պետ. մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան
75-ամյակը: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ
2005 թվականը հռչակվել է Էդգար Հովհաննիսյանի տարի: Նախատեսվում են մի շարք հոբելյանական
միջոցառումներ, հեղինակային համերգաշարեր, առանձին ստեղծագործությունների կատարումներ՝
հանրապետության առաջատար նվագախմբերի, երգչախմբերի, կամերային անսամբլների եւ մենակատարների
մասնակցությամբ: Բազմազան ու բազմաժանր ստեղծագործությունների հեղինակ է Էդգար
Հովհաննիսյանը. օպերա, օպերա-բալետ, բալետներ, երեք սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ երկեր,
կոնցերտներ, կամերային-գործիքային, վոկալ, խմբերգային երկեր, երաժշտություն ֆիլմերի
եւ դրամատիկ ներկայացումների համար, ժողովրդական երգերի մշակումներ: 20-րդ դարի իրարամերժ
ու բեւեռային միտումները տեղ են գտել կոմպոզիտորի տարբեր տարիների գրված ստեղծագործություններում:
Այդ շարքում կա, օրինակ, ժամանակակից ուրբանիստական թեմաներով քնարական բալետ՝ «Երկնագուն
նոկտյուրնը» /1961-64/, իսկ Կոնցերտային վարիացիաները սաքսոֆոնի եւ ջազային նվագախմբի
համար /1961-62/ մեզանում ջազի հանդեպ աճող հետաքրքրության արգասիքն էին: Այդուհանդերձ,
եթե մեկ արտահայտությամբ բնորոշելու լինենք Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունը,
ամենահարմարը իսկապես նեոկլասիցիզմն է՝ բառիս իսկական ակադեմիական իմաստով: Կոմպոզիտորի
նորարարական ձգտումների համար բարեբեր հող դարձավ երաժշտական թատրոնի ասպարեզը: Այս
ժանրում է գրվել Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական ժառանգության նշանակալի մասը:
Հովհաննիսյանի առաջին բալետը՝ «Մարմարը», նշանավորեց հայկական նոր բալետի
ծնունդը: Այսպես, երաժշտագետ Գայանե Չեբոտարյանի դիպուկ բնորոշումով, սկսվեց հայկական
բալետի, ինչպես նաեւ ընդհանրապես հայկական օպերային թատրոնի աստեղային ժամանակաշրջանը:
Դրանում գործուն ազդեցություն ունեցավ նաեւ Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական գործունեության
այն հատվածը, երբ նա՝ տակավին 30 տարեկան երիտասարդ արվեստագետը ստանձնեց Օպերայի
եւ բալետի թատրոնի տնօրինությունը: Ժամանակակիցների հիշողություններում անմոռանալի,
նախադեպը չունեցող ստեղծագործական ակտիվության տարիներ էին դրանք: Օպերային թատրոնն
իր տարեկան երկացանկում ուներ ավելի քան հիսուն ներկայացում, որոնց թվում՝ հայկական,
ռուսական, արեւմտաեվրոպական դասական օպերաներ եւ բալետներ, ժամանակակից գործերի պրեմիերաներ,
ԽՍՀՄ-ում առաջին անգամ բեմադրվող հանրահայտ գործերի պրեմիերաներ: Այդ ամենը, անշուշտ,
երիտասարդ տնօրենի հմուտ խաղացանկային քաղաքականության, կազմակերպչական եռանդի ու
մարդկային անսպառ հմայքի շնորհիվ: Հենց մարդ-մտավորականի հմայքն էր իր շուրջը համախմբել
Հրաչյա Ղափլանյանի, Եվգենի Չանգայի, Սուրեն Չարեքյանի, Արամ Քաթանյանի, Հակոբ Ոսկանյանի,
Յուրի Դավթյանի, Մինաս Ավետիսյանի, Արտո Չաքմաքչյանի պես արվեստագետներին: Թատրոնի
առողջ ներքին եռուզեռը կոմպոզիտորներին ոգեշնչում էր նոր մտահղացումների, որոնք իսկույն
եւեթ բեմական կյանք էին ստանում: Այսպես, մեկը մյուսի հետեւից ստեղծվեցին նաեւ իր՝
Հովհաննիսյանի բալետները՝ «Հավերժական կուռքը»՝ Արտո Չաքմաքչյանի անզուգական ձեւավորումով,
«Երկնագույն նոկտյուրնը», «Անտունին», ուր միահյուսվել էին կոմպոզիտորի երաժշտա-թատերական,
սիմֆոնիկ ու խմբերգային ոճերը (ի դեպ, առաջին անգամ այստեղ բալետային ներկայացման
մեջ օգտագործվեց երգչախումբը): Եվ, վերջապես, «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, արդեն
իսկ սինթետիկ ժանրի իմաստով բացառիկ, նաեւ երաժշտալեզվական ու դրամատուրգիական ինքնատիպ
լուծումներով հագեցված հիրավի էպիկական ներկայացումը: Ավելի ուշ, բեմականացման
համար աննպաստ ժամանակներում ստեղծվեցին «Ժաննա դԱրկ» եւ «Սուլամիթ» բալետները,
որոնք մինչ օրս համբերատար սպասում են իրենց բեմական մարմնավորմանը: 60-ականներից
սկսած Էդգար Հովհաննիսյանի հարուստ ստեղծագործական գործունեությունը զուգակցվում
էր տարբեր բնագավառներում հասարակական-կազմակերպչական, նույնիսկ վարչական ու քաղաքական
գործունեության հետ: Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար
լինելու տարիներին ծրագրեց արմատապես փոխել անսամբլի երկացանկը, կատարողական ոճն
ու երաժշտական ձեւավորումը: Հեռուստատեսության ու ռադիոյի երաժշտական խորհրդատու
աշխատելու տարիներին էլ ծնվեց Հայ երգի կամերային երգչախումբը՝ իր յուրահատուկ հնչողությամբ,
երգացանկով: 1986-92 թվականներին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
ռեկտորն էր: Նրա շնորհիվ հիմնադրվեցին նոր ամբիոններ ու դասընթացներ՝ մեծ մասամբ
ազգային մշակույթին եւ պատմությանը նվիրված ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով,
Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը՝ իր բազմաբովանդակ գործունեությամբ, ժողովրդական
երգի բաժինը, Հայ առաքելական եկեղեցու պատմությանը, հայ գրականությանն ու պոեզիային,
գրաբարին, հայ հոգեւոր երաժշտությանը, ժամանակակից երաժշտական մտածողությանը, երաժշտական
սոցիոլոգիային վերաբերող ու շատ ուրիշ դասընթացներ: 80-ականներին՝ ազգային
ինքնագիտակցության աննախընթաց վերելքի տարիներին, նորովի հնչեց նրա հանրահայտ «Էրեբունի-Երեւանը»:
Իսկ 2004-ին երգն արժանացավ իր իսկական գնահատմանը՝ պաշտոնապես ընդունվելով մայրաքաղաքի
օրհներգ: ԾՈՎԻՆԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, երաժշտագետ, Երեւանի կոնսերվատորիայի
դոցենտ