Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ՄՈՐԳԻ՞Ց

Հունվար 15,2005 00:00

«Այսուհետեւ ՀՀ-ն պետք է կոչենք Արեւելյան Հայաստանի
Հանրապետություն՝ այդպիսով շեշտելով Արեւմտյան Հայաստանի գոյությունը»,- երեկ հրավիրած
ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Աշոտյանը:
Վերջինիս ղեկավարած կազմակերպության հրավիրած ասուլիսն այլ նպատակ ուներ՝
ներկայացնել 2004թ. իրենց գործունեության որոշ մանրամասներ եւ 2005-ի հիմնական ծրագրերը:
Ասուլիսի օրը պատահական չէր ընտրված. 1933թ. հունվարի 14-ին Գարեգին Նժդեհը Բուլղարիայում
հիմնադրեց 1-ին ցեղակրոն ուխտերը: Հանրակրթության ոլորտում իրականացրած ծրագրերն
ամփոփելով, պարոն Աշոտյանը հանգել է այսպիսի եզրակացության. «Այսօր կրթությունն ազգային
դեմք չունի, մեր կրթության նախարարը Բոլոնյան հռչակագիր արտահայտությունն ավելի հաճախ
է օգտագործում, քան հայժողպատմություն կամ Հայաստան բառերը: Ամանորյա եթերին շատ
զարհուրելի էր, որ Ձմեռ պապը հայկական գովազդում զարմանալիս փոխանակ «վայ» ասի, «վաու»
է ասում (անգլերեն հնչողությամբ)»: Մտահոգությունը շարունակեց կազմակերպության փոխնախագահ
Էդուարդ Շարմազանովը. «Եթե բացենք հայոց պատմության 7-8-րդ դասարանի դասագրքերը,
ապա այնտեղ ինդուստրացման եւ ՆԷՊ-ի մասին ավելի շատ է գրված, քան մայիսյան հերոսամարտերի
եւ Լեռնահայաստանի մասին»: Կազմակերպությունը ակտիվ համագործակցություն է
սկսել Հայաստանյայց առաքելական եկեղեցու երիտասարդաց միության հետ՝ մասնավորապես
աղանդների դեմ պայքարի հարցում: Սակայն պարզվում է, որ նրանց հույսը ոչ թե պետությունն
է, այլ շուրջ 50-ի հասնող հ/կ-ները: Նրանց օգնությամբ այս տարի երիտասարդ հանրապետականները
կկարողանան հրատարակել հակաաղանդավորական գրքույկներ եւ անհատույց բաժանել բնակչությանը:
Սակայն միջոցներն այնքան սուղ են, որ գրքույկները նույնիսկ գունավոր չեն լինի, ինչպես,
օրինակ, եհովականների գունազարդ ու գրավիչ քարոզչական գրականությունն է: ՀՀԿ
երիտասարդական կազմակերպությունը անցյալ տարվա նվաճումներից է համարում այն, թե ինչպես
իրենք, մի քանի այլ երիտասարդական կազմակերպությունների հետ, մայիսին օդանավակայանում
«դեբոշ» սարքեցին այն քաղաքական գործիչների գլխին, ովքեր Ստրասբուրգում ի ցույց դրեցին
մեր կեղտոտ լվացքը: «Մեր այդ քայլը հոգու պոռթկում էր, հոգու պարտք, ամենաանկեղծ
եւ ամենաազնիվ ակցիան»,- հպարտությամբ նշում է Արմեն Աշոտյանը: ՀՀԿ երիտասարդների
այս տարվա նախագծերից է «Հայաստան եւ ճշմարտություն»-ը: Այսուհետեւ ամեն օր, օրը
4-5 անգամ մենք Հ1-ով կլսենք Գարեգին Նժդեհի ասույթներից մեկը. նպատակն է՝ հայերի
մեջ սերմանել ազգային-ռազմահայրենասիրական դաստիարակություն: Ազգի ու հայրենիքի հավիտենականության
գաղափարից բխող եւս մի պրոյեկտ. ԱԼՄ-ով մենք կարող ենք ծանոթանալ եղանակի տեսությանը՝
ողջ հայկական բարձրավանդակում՝ եղանակը Կարսում, Տիգրանակերտում, Բագավանում, այն
պատմական քաղաքներում, որոնք օտարների ձեռքում են, ինչպես նաեւ ծանոթանալ մեր ազատագրված
տարածքների եղանակին: ՀՀԿ երիտասարդները այսպիսով նպատակ ունեն հայերի մեջ պահել
եւ զարգացնել այն գաղափարը, որ դրանք մեր տիրույթներն են: Ինչո՞ւ ներկայացնել Սիդնեյի
կամ Հռոմի եղանակը, իսկ Արեւմտյան Հայաստանինը՝ ոչ. ի՞նչ է, Սիդնեյ ու Հռոմ ավելի
շատ մարդ է մեկնո՞ւմ: «Ամեն դեպքում, էմոցիան եւ հավատամքն է պահում ցանկացած ազգի
այս երկրում»,- ասում է Արմեն Աշոտյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆՀ.
Գ. Ի դեպ, ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանի՝ այլ պաշտոնի նշանակվելու պարագայում,
համամասնական ցուցակով հերթը Արմեն Աշոտյանինն է: Նա վստահեցնում է, որ պատգամավոր
դառնալու դեպքում հասարակական գործունեությունը չի թողնի, որովհետեւ շատ է սիրում
ուսանողության հետ աշխատել (Բժշկական համալսարանի ռեկտորի օգնականն է), բայց իր մասնագիտությամբ
չի աշխատի, որովհետեւ դատական բժշկության մասնագետ է. պատկերացնո՞ւմ եք դիակների
հետ աշխատող պատգամավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել