Լրահոս
Օրվա լրահոսը

Գոմերը հանձնում են «կալվածատիրոջը»

Հունվար 15,2005 00:00

Վտարելով չորս ընտանիք

«Առավոտն» արդեն անդրադարձել է Նորագավիթի նախկին գոմերի տարածքում ապրող 4 ընտանիքի՝ իրենց բնակավայրից արտաքսելու խնդրին: 1992-ին «Նոր ուղի» կոչվող կոլտնտեսությունը, որտեղ նրանք աշխատում էին, լուծարվել է, եւ գոմերը հատկացվել են այդ ընտանիքներին՝ որպես բնակելի տարածք: Իրենք էլ վերանորոգել են եւ ապահովել ապրելու համար անհրաժեշտ նորմալ պայմաններով: Քանի որ 10 տարուց ավելի տիրապետել են շինությունները եւ շրջակա հողամասերը, խնդրել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը՝ շինությունների եւ օգտագործման իրավունքը՝ հողամասի նկատմամբ: Սակայն պարզվել է, որ այն տարածքը, որտեղ տնօրինել, ապրել եւ բազմացել են այնտեղ բնակվող ընտանիքները, իրենցը չէ: Այն «պատկանում» է «Ելիզավետա եւ Գայանե» ՍՊԸ-ին, որին գործկոմի որոշմամբ իբր աճուրդով հատկացվել է տարածքը: ՍՊԸ-ն տնօրինող Գեւորգ Հովհաննիսյանը, ըստ նախկին կոլտնտեսականների, այն մարդու որդին է, որին սեփականաշնորհվել է կոլտնտեսության տեխնիկան եւ հողի ամենալավ հատվածներից մեկը: Սակայն դա բավարար չհամարելով, ՍՊԸ-ն հավակնում է նաեւ վերոհիշյալ ընտանիքների տնօրինած տարածքին: Նախկին կոլտնտեսականները դիմել են դատարան: Շենգավիթի առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ ճանաչելով հայցվորների սեփականություն ունենալու իրավունքը: «Ելիզավետա եւ Գայանե» ՍՊԸ-ն վճիռը համարելով անհիմն՝ դիմել է վերաքննիչ դատարան: Ի դեպ, արդարադատության փոխնախարար Տ. Մուկուչյանի գրավոր հավաստմամբ, 06.03.03թ. դրությամբ «Նորագավիթ» գյուղատնտեսական հաշվարկային ֆիրման (որը պատկանում է ՍՊԸ-ին)՝ որպես իրավաբանական անձ, պետռեգիստրում գրանցված չէ:

Վերաքննիչը Տ. Սահակյանի նախագահությամբ բավարարում է Գ. Հովհաննիսյանի բերած բողոքը եւ վճռում արտաքսել բնակիչներին զբաղեցրած տարածքից ու այն հանձնել չգրանցված սեփականատիրոջը, թողնելով կողմերին հաշտությունը որպես հարցի միակ լուծում: Սակայն խմբագրություն դիմած երկու ընտանիքները, որից Մելս Պետրոսյանը՝ 10 անձից բաղկացած իր ընտանիքով, որոնցից 4-ը 6 ամսականից 3 տարեկան երեխաներ են, զբաղեցնում է 1570,85 քմ տարածք, համաձայն չլինելով անորոշ ճակատագրի դիմաց զիջել իր այդքան տարվա քրտինքով վաստակած ունեցվածքը, դիմում է ՀՀ տնտեսական գործերով վճռաբեկ դատարան: Վերջինս քննելով հայցը, որոշում է բավարարել բողոքը եւ բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը (29.06.04թ.), քանի որ այն բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվորեն չի ուսումնասիրել գործը եւ ետ ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Վճռաբեկի վճիռը կատարվել է մասնակի: Վերաքննիչ դատարանը գործը քննում է նույն կազմով, անտեսելով ցուցումը: Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 20-ի նիստին Գ. Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրենք կարող են հաշտվել եւ հիմք ընդունելով այդ, նախագահողը հետաձգել է նիստը՝ առանց կողմի կարծիքը հաշվի առնելու:

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել