Փետրվարի
վերջին լրանում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարության
ժամկետը: Տիգրան Սարգսյանի վերանշանակման-չվերանշանակման հավանականությունը
մասնագետները գնահատում են 50/ 50, իսկ անցած յոթ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի
գործունեության մասին ուշագրավ գնահատականներ տալիս: Այս տարիների ընթացքում
համակարգի ղեկավարման գլխավոր բացթողումը մասնագետները համարում են բանկային անարդյունավետ
վերահսկողությունը, ինչին, ի դեպ, Կենտրոնական բանկը սկզբում ոչ մի կերպ չէր համաձայնում,
մինչեւ գործը չհասավ Վերահսկողական վարչության պետի ձերբակալությանը: Վերլուծաբանները
համարում են, որ թույլ վերահսկողության հեւտեւանքով հանրապետությունում ունեցանք
«պայթող», սնանկացած բանկեր: Մինչդեռ, եթե ԿԲ-ն ժամանակին արձագանքեր այդ բանկերում
տեղի ունեցող ոչ բնականոն գործընթացներին, կարելի էր խուսափել ե՛ւ խաբված ավանդատուների
բանակից, ե՛ւ անգամ քրեական գործերի հարուցման անհրաժեշտությունից: Թեեւ հարկ է նկատել,
որ որոշ տնտեսագետներ էլ վերոհիշյալ գործընթացները գնահատում են որպես համակարգի
առողջացում, սակայն այդ դեպքում պետք է նկատել, որ առողջացման գինը թանկ նստեց: Իսկ
խաբված ավանդատուների շարքերը թեթեւացնելու ուղղությամբ կատարված քայլերը, մասնագետների
գնահատմամբ, խիստ վիճելի էին: Ինչպես, օրինակ, 5.5 մլն դոլարի համակարգային վարկի
տրամադրումը, որն, ըստ էության, ուղղվեց ավանդների մարմանը, եւ այդպես էլ չվերադարձվեց
պետբյուջե: Մինչդեռ այդ վարկի տրամադրման ոչ նպատակահարմարության եւ ռիսկայնության
մասին մասնագետները ժամանակին զգուշացնում էին: Իսկ Լեւոն Մարկոսը, որի միջոցների
հաշվին եւս մեղմացվեց ավանդատուների խնդիրը, մինչեւ հիմա էլ տարբեր դատական ատյաններում
վիճարկելով ԿԲ որոշումները, փորձում է հետ վերադարձնել իր միջոցները: Մյուս
ուշագրավ փաստն այն է, որ անցած տարիների ընթացքում ունեցանք նաեւ փախուստի մեջ գտնվող
եւ դատապարտված մի շարք բանկիրներ: Մյուս կողմից՝ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ
Կենտրոնական բանկը հաջող գործունեություն ծավալեց օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ
(ինչը դեռեւս ավարտված համարել չի կարելի): Այս ընթացքում հաջողվեց միանալ զանազան
կարեւորագույն միջազգային համաձայնագրերի: Ինչպես նաեւ հաջողությամբ ներդրվեց հայրենական
բանկային պլաստիկ քարտի համակարգը, որը հարեւան պետություններում, օրինակ, նույնքան
զարգացած չէ, ինչպես Հայաստանում: Մասնագետների գնահատմամբ, սա եւս հնարավոր եղավ
իրականացնել իրավական բարեփոխումների շնորհիվ: Մասնավորապես՝ պետական հիմնարկներում
աշխատավարձերի վճարումը քարտերի միջոցով կատարելու մասին օրենքի պահանջի ամրագրմամբ:
Սա, քարտային համակարգի բուն ներդրումից բացի, կարեւոր է նաեւ պետության համար երկրի
ֆինանսական հոսքերի տեսանելիության ապահովման տեսանկյունից: Այս ամենից անկախ,
որոշ դիտորդներ, այնուամենայնիվ, լուծված են համարում Տիգրան Սարգսյանի վերանշանակման
հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության նախագահն անձամբ այցելեց
Կենտրոնական բանկ՝ ամանորյա տոների առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու
համար. դրանով Ռ. Քոչարյանը հստակորեն ցույց է տվել իր գոհունակությունը բանկային
համակարգի աշխատանքից: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ