Ազիմովը
փչացրեց Երբ լրագրողները ՀՀ արտգործնախարարին Ղարաբաղի վերաբերյալ
հարց են ուղղում, վերջինս շատ քաղաքավարի հրաժարվում է պատասխանել՝ ասելով, թե ադրբեջանական
կողմի հետ պայմանավորվել է չբացահայտել «պրահյան» բանակցությունների մանրամասները:
Հետաքրքիր է, որ այդ պայմանավորվածությունը հարգվում է միայն Օսկանյանի կողմից: Բանն
այն է, որ բոլոր այն հարցերը, որոնցից ՀՀ արտգործնախարարը ճարպկորեն խուսափում է,
հաճույքով պարզաբանում են ադրբեջանցի պաշտոնատարները: Այսպես. ի տարբերություն Հայաստանի
արտաքին գերատեսչության ղեկավարի, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, մեկնաբանելով
Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների Պրահայում կայացած բանակցությունների հերթական
ռաունդը, կտրականապես հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ պայմանավորվածություններ
են ձեռք բերվել ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու կամ Ղարաբաղը Հայաստանի կառավարմանը
հանձնելու շուրջ: «Թուրան» գործակալության հաղորդմամբ, Ազիմովը հայտարարել է, թե
«Պրահյան գործընթացի» շրջանակներում քննարկվում է առաջին փուլում ԼՂ-ին հարող բոլոր
յոթ շրջանների ազատագրման հարցը, ինչի դիմաց «Ադրբեջանը պատրաստ կլինի վերականգնել
հաղորդակցական եւ առհասարակ բոլոր տեսակի կապերը»: Գնահատելով վերջին զարգացումները՝
վերջինս նշել է, թե «Հայաստանը հետաքրքրություն է հանդես բերում հայ-ադրբեջանական
հակամարտության կարգավորման նկատմամբ, եւ դա արդյունքների ձեռքբերման հույս է տալիս»:
Այդուամենայնիվ, Ազիմովի խոսքերով, առկա տարաձայնությունները «դեռեւս շատ են», եւ
բանակցություններում «իրավիճակը բարդ է»: Հայկական կողմի բանակցային ակտիվացումը
նա բացատրում է միջազգային նոր իրողություններով. Հայաստանը հարկադրված է առավել
ակտիվորեն մասնակցել ՆԱՏՕ-ի ծրագրերին, Եվրամիությունն աստիճանաբար ավելի է մոտենում
տարածաշրջանին, իսկ միջազգային հանրության կարծիքը փոխվում է հօգուտ Ադրբեջանի: Դրա
օրինակներից մեկը, Ազիմովի վկայաբերմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման
գծով ԵԽԽՎ զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի հաշվետվությունն է: Եվս մի դիտարկում. ըստ Արազ
Ազիմովի, «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը դեռեւս չի նշանակում
ամբողջությամբ վերցրած խնդրի կարգավորում»: Նրա խոսքերով, խնդրի կարեւոր բաղադրիչներից
է տարածաշրջանում հայկական բնակչության անվտանգության երաշխիքների ապահովումը: Ինչպես
տեսնում ենք, ադրբեջանական կողմը գաղտնապահությամբ չի փայլում եւ, փաստորեն, Ազիմովի
շուրթերով «մերկացրեց», այսպես կոչված, «Պրահայի գործընթացի» բոլոր թաքուն հրապույրները:
Թե սրանից հետո հայկական գաղտնապահությունն էլ քանի կոպեկ կարժենա, դատեք ինքներդ:
Վերջում հավելենք, որ, ըստ Ազիմովի, հայ-ադրբեջանական երբեւէ եղած ու փաստված համաձայնություն
կարող է դիտվել բացառապես 1997 թվականի հոկտեմբերին Հ. Ալիեւի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի
համատեղ հայտարարությունը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ