Պնդում
է քաղաքագետ Աղասի Ենոքյանը Իր պնդումը նա հիմնավորեց հասարակական ու քաղաքական
հնչեղություն ստացած որոշ հարցերի շուրջ բանավեճերում հնչող փաստարկներով: «Մարդիկ
սկսել են հավատալ միայն ինչ-որ խորհրդանիշ-բառերի եւ բացարձակ չեն փորձում տեսնել,
թե ինչ կա դրանց խորքում,- ասաց Աղասի Ենոքյանը:- Օրինակ, Իրաք զորախումբ ուղարկելու
դեպքում կային երկու հիմնական մոտեցումներ: Մեկն այն էր, թե քանի որ Ռոբերտ Քոչարյանն
ասել է, որ պետք է ուղարկել… Անհասկանալի է, թե ինչու՝ ցավոք, չբերվեցին բացատրություններ»:
Առարկեցինք, թե որոշ բացատրություններ եղել են, մասնավորապես պաշտպանության նախարարն
էր պնդում, թե Հայաստանը չի կարող լիովին մի կողմ քաշվել նման գործընթացներից եւ
պիտի մասնակցություն ունենա իր մասով: «Ինչո՞ւ պիտի մեր մասով մասնակցություն ունենանք:
Հիմնական փաստարկները չհնչեցին,- ասաց Աղասի Ենոքյանը:- Մյուս կողմն էլ ասում էր՝
ո՛չ, պետք չի ուղարկել, քանի որ Քոչարյանն ասել է, թե պետք է ուղարկել»: Դարձյալ
առարկեցինք, թե հնչել են շատ հակափաստարկներ, մասնավորապես՝ Իրաքում հայ համայնքի
անվտանգության, Հայաստանն ահաբեկչության թիրախ դառնալու հավանականության եւ այլնի
վերաբերյալ: «Եթե հայկական համայնքի մասին են մտածում՝ պիտի ցանկանան նրանց ազատել
ահաբեկիչներից: Այսինքն՝ պիտի գնանք եւ մասնակցենք հակաահաբեկչական պայքարին եւ հայ
համայնքի համար ստեղծենք ավելի լավ պայմաններ,- ասաց քաղաքագետը:- Իսկ եթե համարում
են, թե Ամերիկան այնտեղ ահաբեկչության դեմ չէ, որ պայքարում է, եւ ընդամենը վարում
է զավթողական պատերազմ՝ թող կուսակցությունները հանդես գան ու բողոքեն ամերիկյան
այդ քաղաքականության դեմ: Օրինակ՝ այդպես արեցի՞ն դաշնակցականները: Բայց դեմ քվեարկեցին,
չէ՞, զորախումբ ուղարկելուն»: Նկատեցինք, թե Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների առումով
բավական վտանգավոր կլիներ, եթե իշխանությանը մաս կազմող կուսակցությունը հանդես գար
հակաամերիկյան հայտարարություններով: Աղասի Ենոքյանն արձագանքեց հարցով. «Իսկ իշխանությանը
մաս կազմող կուսակցությունը եթե այդպես է քվեարկում՝ չի՞ անդրադառնա հայ-ամերիկյան
հարաբերությունների վրա»: Իրաքի օրինակը միակը չէր: Մեր զրուցակիցը մեջբերեց
նաեւ ակտիվորեն քննարկվող մեկ այլ՝ սոցիալական քարտերի խնդիրը. «Էլի բոլորի համար
անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է դրանց դեմ կամ կողմ լինել: Սոցիալական քարտերին դեմ
արտահայտվողները փաստարկում են, թե մարդկանց համարակալում են… Բայց, կներեք, երբ
մարդը ծննդյան վկայական կամ անձնագիր է ստանում՝ արդեն իսկ համարակալվում է: Իսկ
ինչո՞ւ են կողմ սոցիալական քարտերին՝ էլի անհասկանալի է: Ասում են, թե այդպես լավ
կլինի: Ինչո՞ւ: Պատճառը միայն այն է, որ վարկ են վերցրել սոցիալական քարտեր սարքելու
համար, ու հիմա սարքում են մեր գլխին. մարդկանց պիտի աշխատավարձ ու թոշակ չտան, ինչ
է թե արդարացնեն վերցրած վարկը»: Քաղաքագետի պնդմամբ՝ իր վերոնշյալ դիտարկումները
վերաբերում են նաեւ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ ծավալվող բանավեճին. «Դրա
ամբողջ էությունն այս է՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային: Եվ այսօր արտաքին գործերի նախարարությունը,
բոլոր քաղաքական ուժերը կուրծք են ծեծում, միայն թե կարգավորման փաթեթը չկոչվի «փուլային»:
Ի վերջո՝ գալիս-հասնում են նրան, որ փուլ առ փուլ փաթեթներ ներկայացվեն կամ փուլերը
փաթեթավորվեն… Այսինքն՝ հիմնական կռիվը նույնիսկ այն չէ, թե ինչ առաջարկվում է
Ղարաբաղի վերաբերյալ՝ ձեռնտո՞ւ է Հայաստանին ու ԼՂ-ին, թե՞ ոչ, այլ այն, թե ինչպես
կկոչվի այդ ամենը»: Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին.
«Ասում են՝ Ռուսաստանի հետ ենք: Ինչո՞ւ՝ սա արդեն համատարած զոմբիականացում է: Ասում
են՝ ամերիկամետ ենք կամ դավանում ենք եվրոպական արժեքներ: Որո՞նք են այդ արժեքները»:
Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ «մտքերի, փաստարկների փոխարեն՝ խորհրդանիշներ»
սխեմայով կարելի է անդրադառնալ քաղաքական գրեթե բոլոր գործընթացներին. «Ու ցույց
տալ, որ հիմնական վեճերն ընթանում են հենց խորհրդանիշների շուրջ: «Ուղեղների լվացման»
մեթոդներով՝ զանգվածային լրատվության միջոցներով, մարդկանց մատուցվում են հենց խորհրդանիշներ՝
առանց թողնելու հասկանալ, առանց փորձելու բացատրել: Եկեք թողնենք այդ խորհրդանիշները
եւ խոսենք հնարավորինս պարզ բառերով: Հասկանանք, թե, օրինակ, ինչ է նշանակում մարդկային
չափում, մարդու իրավունք կամ ռուսական կողմնորոշում: Այն բառերը, որ իրավապաշտպաններն
օգտագործում են իրենց դրամաշնորհները ստանալու համար՝ պետք են իրենց ու իրենց գրանտատուներին:
Բայց այն արտահայտությունները, որոնք քաղաքական գործիչները եւ հասարակական կազմակերպություններն
օգտագործում են մարդկանց հետ շփվելու համար՝ պիտի լինեն գոնե քաղաքացիների համար
հասկանալի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ