Արժեքային համակարգն ընտրում ենք մենք
Այս շաբաթվա միջադեպը՝ կապված Ռուսաստանի՝ Սիրիային հրթիռային համակարգեր վաճառել-չվաճառելու հետ, վկայում է ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ լարվածության որոշակի աճի մասին: Պետդեպարտամենտը սպառնաց պատժամիջոցներով, եթե այդ գործարքը կայանա, Ռուսաստանի ԱԳՆ-ն «արժանի հակահարված» տվեց, ի վերջո՝ «բարիշեցին», որ Սիրիային հրթիռ չեն վաճառի: Եթե բացեք ամերիկյան ցանկացած թերթ (խոսքը որակյալ, առաջնակարգ թերթերի մասին է), ապա կտեսնեք, որ Ռուսաստանի, ինչպես նաեւ Բելառուսի, Հայաստանի, միջինասիական երկրների մասին հիշատակումները մեծ մասամբ խիստ բացասական են: Քննադատությունն, ի դեպ, հիմնականում արդարացի է՝ ավտորիտարիզմ, կոռուպցիա, խոսքի ազատության սահմանափակումներ եւ այլն:
Այլ հարց է, թե ինչու է ԱՄՆ-ն այդքան ակտիվացել: Ամենաշատը նրան, անշուշտ, անհանգստացնում է Ռուսաստանը, որն իրոք իր որոշ դրսեւորումներով ավելի ու ավելի է նմանվում Խորհրդային Միությանը: Նույն «կուսնոմենկլատուրային» միջոցառումները, որոնք, չգիտես ինչու, կոչվում են «ընտրություններ», նույն վարդագույն իրականության ներկայացումը հեռուստատեսությամբ, առաջին դեմքի նույն փառաբանումը: Բնականաբար, այդ հունով են ընթանում նաեւ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրները, այդ թվում՝ մենք: Բայց աշխարհում կան շատ ավելի անազատ երկրներ, քան Ռուսաստանն է (ենթադրենք, Սաուդյան Արաբիան), որոնց աղաղակող հակաժողովրդավարության մասին ԱՄՆ-ը ձայն չի հանում: Ի դեպ, նույն ԱՄՆ-ում վիճակն առանձնապես փայլուն չէ, եւ «Human rights watch»-ը իր 2004 թվականի զեկույցում Բուշի վարչակազմի մասին էլ «մի քանի քաղցր» խոսք ասել է՝ դատարաններն անկախ չեն, քննիչները մարդկանց են խոշտանգում, էլ չասած՝ Իրաքի մասին: Այդ ֆոնի վրա այնքան էլ համոզիչ չեն հնչում ԱՄՆ պետդեպարտամենտի կշտամբանքները Իրանին (երեկ, օրինակ, նա իր անհանգստությունն է հայտնել Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Շիրին Էբադիի հետապնդման առնչությամբ) կամ Հայաստանին՝ հրեաների հանդեպ իրականացվող «հետապնդման» կապակցությամբ (մեկ-երկու տհասի «հակաջհուդական» արտահայտությունները դեռեւս հետապնդում չեն):
Մի խոսքով, աշխարհն իդեալական չէ եւ ԱՄՆ-ը՝ այդ թվում: Սակայն Միացյալ Նահանգներն այսօր իրենց մեջ ուժ են զգում վերջնականապես հաստատել աշխարհում սեփական կարգը եւ սեւեռվել են այն երկրների վրա, որոնք այդ հավակնությունների իրականացմանը կարող են խանգարել: Մեր բախտից այդ երկրներից երեքը՝ ՌԴ-ն, Իրանն ու Սիրիան, գտնվում են մեր տարածաշրջանում: Ռուս-ամերիկյան հարաբերությունները, մասնավորապես, կարող են ընդհուպ մոտենալ «սառը պատերազմի» վտանգավոր սահմանագծին: 60-70-ականների հետ տարբերությունը, սակայն, նրանում է, որ Ռուսաստանը տասնապատիկ, եթե ոչ հարյուրապատիկ թույլ է Խորհրդային Միությունից, եւ այս մրցակցության մեջ հաղթելու որեւէ հեռանկար չունի: Դա պետք է հաշվի առնեն մեր պատկան այրերը, որոնք առայժմ իրենց «խաղագումարը» դրել են ի սկզբանե թույլ «ձիու» վրա:
Իսկ ինչպես պետք է կողմնորոշվենք մենք՝ հասարակ քաղաքացիներս: Համենայնդեպս՝ ոչ այնպես, ինչպես հայրենի ընդդիմությունը: Վերջինս այնպիսի ինքնամոռացությամբ է տրվում ամերիկացիներին, կարծես օվկիանոսից այն կողմ իրենց իսկապես խոստացել են Հայաստանում հեղափոխություն իրականացնել: Եվ ընդդիմադիրներն իրենց կուրծքն են ծեծում՝ «ահա մենք, վերցրե՛ք մեզ, մե՛նք ենք այն սահակաշվիլիներն ու յուշչենկոները, որոնց միջոցով դուք կազատվեք ռուսամետ Քոչարյանից»: Եթե նույնիսկ դա այդպես է, ապա մի նոր՝ արդեն Արեւմուտքից կախված, իշխանություն Հայաստանին դժվար թե օգտակար լինի: Հետեւաբար, առավել բանական է առաջնորդվել այն արժեքներով, որոնք ձեռնտու են մեզ՝ հայաստանցիներիս:
Ի՞նչն է մեզ ավելի ձեռնտու՝ որ Հայաստանի նախագահը ընտրվա՞ծ լինի, թե՞ հռչակված լինի բռնությամբ եւ ընտրակեղծիքներով: Որ Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ լինի, թե՞ տասնամյակներով սառեցված մնա, դառնալով տնտեսական դժվարությունների եւ իշխանության շանտաժի առարկա՝ «մեր մասին հանկարծ վատ բան չասեք, դրանից օգտվում են ադրբեջանցիները»: Ո՞րն է ավելի ճիշտ՝ հարգել բոլոր ազգերին (անկախ նրանից, թե ում թասիբին է կանգնում ԱՄՆ պետդեպարտամենտը), թե՞ ամփոփվել գավառական ինքնահավանության մեջ: Ի՞նչը կտանի Հայաստանի բարգավաճմանը՝ նորմալ հարաբերությունների հաստատո՞ւմը Թուրքիայի հետ, թե՞ առասպելները դարավոր ոսոխի մասին: Կարեւոր չէ, թե ինչպես են կոչվում այդ արժեքները՝ ամերիկյան, ռուսական, եվրոպական, թե ճապոնական, կարեւորն այդ արժեքների բովանդակությունն է, իմաստը: Բոլոր դեպքերում այդ արժեքային համակարգը պետք է ընտրենք մենք՝ առանց դրսից որեւէ թելադրանքի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ