Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 14,2005 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՕԳՈՒՏ ՆԱԽԱԳԱՀԻ Կոալիցիայի առաջարկած սահմանադրական փոփոխությունները համեմատելով Սահմանադրության 2001-ի նախագծի հետ՝ այս եզրակացությանն է հանգել Վենետիկի հանձնաժողովը: Առանձնակի վերլուծական միտք պետք չէ՝ կանխատեսելու համար, որ խորհրդարանը կոալիցիայի սահմանադրական փաթեթն է ընդունելու որպես հիմք՝ վերջնական տարբերակը մշակելու համար: Ուստի առավել կարեւոր է, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ դիտողություններ է արել հենց այս եւ ոչ թե Արշակ Սադոյանի կամ ՄԱԿ խմբակցության նախագծերի վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովի 2004-ի դեկտեմբերին հրապարակված միջանկյալ կարծիքի մեջ նախ անդրադարձ կա կոալիցիայի առաջարկած փոփոխություններին՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վերաբերյալ: Հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ հանվել է 2001-ի նախագծի այն դրույթը, որով երաշխավորում էր, թե «այն անձինք, ովքեր տուժել են իրենց՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների խախտումներից, պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք ունենան»: Առաջարկվել է այս նախադասությունը վերականգնել վերջնական տեքստում: Սակայն առավել ուշագրավ են եվրոպական փորձագետների այն եզրակացությունները, որոնք վերաբերում են նախագահի լիազորություններին, օրինակ՝ ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելուն: «Հանձնաժողովն ի սկզբանե հարկ է համարում նշել, որ ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելու կարգի մասին դրույթները շատ էական հարցերում շեղվում են Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ մշակված Սահմանադրության նախագծի դրույթներից»,- նշված է միջանկյալ կարծիքում: Մասնավորապես նշված է, թե արտակարգ միջոցառումների պատճառների եւ համարժեքության, ինչպես նաեւ՝ արտակարգ լիազորությունների կիրառում պահանջող վտանգի շարունակական բնույթը որոշելու գործում անհրաժեշտ է Ազգային ժողովի ակտիվ ներգրավումը: Սահմանադրության 2001 թ. նախագծի համաձայն՝ նման իրավիճակների հայտարարման դեպքում անմիջապես պիտի գումարվեր ԱԺ հատուկ նիստ, քննարկելու «ձեռնարկված միջոցառումների՝ իրավիճակին համարժեք լինելու» հարցը: Իսկ կոալիցիայի նախագծում այս դրույթն ընդգրկված չէ: Ընդամենը պահանջվում է, որ նախագահը համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց առաջ խորհրդակցի ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ: Այս ամենին վերաբերող փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովը գնահատել է իբրեւ «հետընթաց քայլ Սահմանադրության 2001 թ. նախագծի համեմատ. առաջարկվող տարբերակով»: Քննադատվել է նաեւ այն դրույթը, թե հանրապետության նախագահն անձեռնմխելի է. «Անձեռնմխելիության վերաբերյալ նման ընդհանուր դրույթը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Պետք է հստակորեն ձեւակերպել, որ անձեռնմխելիությունը վերաբերում է միայն այնպիսի գործողություններին, որոնք բխում են Նախագահի գործառույթներից»:? Նախագահի, կառավարության եւ ԱԺ-ի հարաբերություններին վերաբերող դիտողությունների շարքում նշվում է, թե կոալիցիայի նախագիծը «Սահմանադրության 2001 թ. նախագծի հետ համեմատած՝ փոփոխված է հօգուտ նախագահի»: Վենետիկի հանձնաժողովը մասնավորապես «ափսոսանքով նշում է, որ Ազգային ժողովը որեւէ դեր չունի վարչապետի նշանակման եւ ազատման ընթացակարգում» եւ շեշտում, թե ԱԺ-ն պետք է բավարար վերահսկողական լիազորություններ ունենա գործադիր իշխանության նկատմամբ. «Հայաստանում, որտեղ ուղղակիորեն ընտրված նախագահն է քաղաքական համակարգի իրական «շարժիչը», պետության ժողովրդավարական կյանքի տեսանկյունից վտանգավոր է վերջինիս լիազորությունների հետագա ընդլայնումը՝ առանց Ազգային ժողովի դերը մեծացնելու մասին դրույթների ամրագրման»:?? Այս համատեքստում է արված փորձագետների եւս մի դիտողությունը. կոալիցիայի նախագծի համաձայն՝ կառավարությունը «կենսագործում է» ներքին եւ արտաքին քաղաքականությունը. «Կարելի է ենթադրել, որ կառավարությունը միայն կյանքի է կոչում մեկ այլ մարմնի՝ հավանաբար նախագահի կողմից ընդունված ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Կառավարության լիազորությունների այսօրինակ սահմանափակումը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»: Վենետիկի հանձնաժողովը նաեւ նշում է, թե չնայած հանվել է նախագահի՝ կառավարության նիստերը նախագահելու իրավունքը, սակայն նա իրավունք ունի կառավարության նիստ հրավիրել եւ նախագահել այն. «Այս եւ մի շարք այլ դրույթներից արված նկատառումներից ելնելով՝ գործադիր իշխանության մասին գլուխը, կարծում ենք, չի երաշխավորում կառավարության արդյունավետ ինքնուրույնությունը նախագահից»: Ըստ միջանկյալ կարծիքի՝ ԱԺ-ն ստորադասվում է նախագահին, քանի որ վերջինս իրավասու է խորհրդարանի հետ վեճ ունենալու դեպքում նշանակել նոր ընտրություններ: Հանձնաժողովն իր ափսոսանքն է հայտնել, որ նախագծից հանվել է պատգամավորների՝ գրավոր հարցերով կառավարությանը կամ պետական կառավարման այլ մարմիններին դիմելու իրավունքը:? Առարկության է արժանացել նաեւ այն հոդվածը, թե Արդարադատության խորհուրդը գլխավորում է նախագահը: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ «սա անպայմանորեն լավագույն լուծումը չէ»: Հիշեցված է Դատավորի կարգավիճակի մասին եվրոպական խարտիան, որն ընդգծում է այս մարմնի բացարձակ անկախությունը ինչպես գործադիր, այնպես էլ՝ օրենսդիր իշխանությունից: Մինչդեռ նախագահի՝ բոլոր դատարանների նախագահներին առանց Արդարադատության խորհրդի մասնակցության նշանակելու լիազորությունը «բարդությունների տեղիք է տալիս»: Սահմանադրական դատարանի անդամների գրեթե կեսին նշանակելու լիազորությունն ինքնին խնդրահարույց չհամարելով՝ հանձնաժողովը հիշեցրել է հակակշիռների եւ զսպումների առկայության անհրաժեշտության մասին: Սակայն կոալիցիայի նախագծով նախագահին վերապահված լիազորությունները «իշխանությունների հավասարակշռումը շեղում են նախագահի օգտին: Եթե անհրաժեշտ հավասարակշռում հնարավոր լինի ապահովել այլ հիմքի վրա՝ ՍԴ որոշ?անդամներին նշանակելու նախագահի լիազորությունը միանգամայն ընդունելի կլինի»: Նախագահի կողմից Երեւանի քաղաքապետի նշանակման ու ազատման առնչությամբ էլ Վենետիկի հանձնաժողովը հիշեցնում է իր 2001-ի զեկույցը, որտեղ ասվում է, թե այս լիազորությունը ոչ միայն տեղական ժողովրդավարության առանցքային սկզբունքների եւ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի սկզբունքների խախտում է, այլեւ հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին, որն ամրագրում է ուղղակի ընտրական իրավունք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար. «Այս դրույթը հանելու վերաբերյալ ծանրակշիռ առաջարկը, հետեւաբար, կրկնում ենք նաեւ այստեղ»: ?ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել