Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջինները

Հունվար 14,2005 00:00

Վերջինները դարձան առաջին «Նրանք մեզ հետ իրենց տեղերը փոխեցին»,- կաշառատու հանցագործների մասին ասում է կաշառքի մեջ մեղադրվող դատավորը: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Ավագ Ավագյանը նախաամանորյա դատական նիստում պահանջել էր 8 եւ 5 տարվա ազատազրկում՝ կաշառքի գործով մեղադրվող Դիլիջանի դատավոր Համլետ Մաթեւոսյանի եւ ԶԴ Գուգարքի կայազորի դատախազի օգնական Գառնիկ Չախմախչյանի համար, ընդ որում՝ առանց գույքի բռնագանձման: Դատավոր Հ. Մաթեւոսյանը երեկ լրացրեց իր պաշտպանական ճառը՝ խոսելով այն մասին, թե ինչպես էր $350 գումարը հայտնվել իր աշխատասենյակի պատուհանի ջեռուցման մարտկոցի տակ: Նա առաջ քաշեց երկու տարբերակ՝ կամ ինքն է գցել, կամ գործով վկա Համլետ Ղարախանյանը: Հ. Մաթեւոսյանը հերքեց, որ ինքը կարող էր գցել, քանի որ նախաքննական մարմինը առաջնորդվել էր այն մոտեցմամբ, թե իրենք գումարը ստացել են ըստ նախնական պայմանավորվածության: Հ. Մաթեւոսյանը պնդեց, որ կես րոպեի ընթացքում, մինչ կգային ազգային անվտանգության աշխատակիցները, Համլետ Ղարախանյանն է այն գցել մարտկոցի տակ եւ նրա խնդիրը փաստորեն եղել է գումարը անպայման գցել աշխատասենյակում: Կաշառքի մեջ մեղադրվող դատավորը նկարագրեց, թե ինչպես ազգային անվտանգության 10-12 աշխատակիցներ մտել են իրենց աշխատասենյակ, իսկ այդ ընթացքում իրենք եղել են 30 քմ սենյակի «կողային պատի ուղղությամբ դրված աթոռին նստած եւ կողքերին էլ՝ մեկ հսկող ԱԱԾ աշխատակից»: Հետեւաբար, իրենք այդ պահին չէին կարող հաղորդակցվել, որեւէ գումար տեղափոխել կամ գցել որեւէ տեղ: Իր պաշտպանական ճառում դատախազ Չախմախչյանի պաշտպան Հովիկ Գալյանը նկատեց, որ Չախմախչյանի կողմից նախապես մշակված գումարը գրպանը դնելը դեռ չի նշանակում կաշառք վերցնել: Նրա պնդմամբ, կատարվածը «ստեղծված իրադրության մեջ բնական ռեակցիա է եղել»: Նա դատարանից պահանջում էր ձեռք բերված ապացույցները չօգտագործել եւ իր պաշտպանյալին անհապաղ ազատել դատարանի դահլիճից: Նախկին դատավոր Համլետ Մաթեւոսյանի պատկերացմամբ, դատարանը գործ ունի «դրամայի» հետ, որի գործող անձինք են ինքն ու դատախազը եւ երկու կաշառատու վկաները, որոնց շնորհիվ, փաստորեն, «նրանք մեզ հետ իրենց տեղերը փոխեցին»: Նկատենք, որ վկաներից մեկին՝ Հ. Ղարախանյանին սպառնում էր 7 տարվա ազատազրկում: Սակայն կաշառքի գործը «լավագույնս իրականացնելուց» հետո՝ նրան տրվել է պայմանական պատիժ: Համլետ Մաթեւոսյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը ռեպլիկով դիմելով մեղադրողին՝ ասաց. «Կուզեի մեղադրողը մատնանշեր այն ապացույցները, որով կհիմնավորվեր մեր պաշտպանյալների համաձայնությամբ կաշառք ստանալը»: Ռեպլիկը չլսեց մեղադրող Ավագ Ավագյանը, որը նախ նկատեց, որ ռեպլիկը ճառ չէ, ապա հարցով դիմեց դատավոր Էռնա Հայրիյանին՝ որտե՞ղ է գրված, որ ես պիտի լսեմ ռեպլիկը: Պաշտպանական կողմը հաթաթա տալու նման դիմեց դատարանին. «Խնդրում ենք հաշվի առնել դատախազի կողմից ռեպլիկից չօգտվելու հանգամանքը»: Սակայն ռեպլիկով հանդես գալը հենց իրավունք է, որից կարելի է եւ չօգտվել: Դատարանն այսօր կկայացնի դատավճիռ: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել