Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԶՎԻ

Հունվար 14,2005 00:00

ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ Է Իր վերջին ասուլիսներից մեկում քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ է տիրում, եւ որ ծառայողական ստուգումների ավարտից հետո խորհուրդն առավել մանրամասն տեղեկություններ կհայտնի այդ մասին: Մինչ խորհուրդը կբացի փակագծերը, փորձեցինք պարզաբանում ստանալ տեսչության պետ Լավրենտի Միրզոյանից: Հիշեցնենք, որ տեսչության ներսում մթնոլորտը լարվել էր դեռ այն ժամանակվանից, երբ տեսչության նոր պետ պետք է ընտրվեր: Իսկ մրցակիցների շարքում էին նաեւ տեսչության նախկին աշխատակիցներ, որոնք, ըստ Լ. Միրզոյանի, իր այս պաշտոնում ընտրվելուց հետո փորձում էին ամեն կերպ խոչընդոտել տեսչության բնականոն աշխատանքը: Այսպես, օրինակ: Տեսչության աշխատակիցներից կազմված 5 հոգանոց հանձնախումբը (անուններ չենք նշում), դպրոցներում ստուգումներ իրականացնելուց հետո, փոխանակ եզրակացության բնագիրը տեսչության պետին հանձնելու, նրան է ներկայացրել միայն դրանց պատճենները: «Եվ երբ ես այն չընդունեցի, բնագրերը տարան վարչապետի վերահսկողական վարչություն: Պետական փաստաթղթերը երկար ժամանակ ապօրինաբար պահել են իրենց մոտ: Մարդիկ չեն գալիս աշխատանքի, մարդիկ բնագրերը չեն ներկայացնում տեսչության պետին, միտումնավոր խոչընդոտում են տեսչության աշխատանքները: Քաղծառայության մասին օրենքով՝ կատարվածը լիազորությունների գերազանցում էր, եւ բոլորը կարգապահական նկատողությունների ենթարկվեցին, մինչեւ իսկ՝ աշխատանքից ազատման,- վրդովված պատմում է Լավրենտի Միրզոյանը,- երբ բացատրություն եմ պահանջում, ասում են՝ կհանդիպենք դատարանո՜ւմ: Բայց մինչ օրս ոչ ոք հայցը տրամադրելուց հետո դատարան չի ներկայացել»: Տեսչության պետը մեզ ցույց տվեց փաստաթղթերի մի կապոց, ուր տարբեր բաժինների աշխատակիցներ՝ սկսած գլխավոր մասնագետից, աննկարագրելի անգրագետ դիմումներ ու բացատրություններ են ներկայացրել տեսչության պետին: «Բա լեզվի տեսչության գլխավոր մասնագետն «առընթեր» բառը գրի առանց ը-ի՞: Տողադարձ անելիս 2 բաղաձայնը տանում են հաջորդ տո՞ղ, «դիսերտացիա» բառի հայերեն համարժեքը չգիտեն: Եվ դրանք այն մարդիկ են, ովքեր հայերենի բարձրագույն խորհրդի որոշումներն են պատրաստում»: Բայց սա դեռ ամենը չէ: «Երբ մարդուն հարցնում ես՝ ինչու գործի չես եկել, գրավոր ներկայացնում է՝ «Պրն Միրզոյան, հայտնում եմ Ձեզ, որ լուծ եմ»: Տեսչության պետը որոշ դեպքերում ստիպված է եղել նույնիսկ գնալ ներկայացված «բժշկի տեղեկանքների» հետքերով: «Մարդիկ օրերով գործի չեն գալիս, բժշկի տեղեկանք են բերում, ամեն օր մեկինը բերում են, գնում եմ տեղեկանքի հետեւից, ասում են՝ կեղծ է, գլխավոր բժշկի կողմից հաստատված չէ: Իմ գործերը թողած՝ ընկել եմ ինչի հետեւից: Մարդկանց գրագիտություն սովորեցնե՜մ, գրելու ձեւ սովորեցնե՜մ, բա իմ ամբողջ աշխատանքը ո՞վ կատարի: Ինձ այսպիսի պատճառաբանություններ են օրինակ բերում. ես չեմ կարող իմ տեղում նստել, որովհետեւ չեմ կարող արեգակին հակառակ նստել. աչքերս լավ չեն տեսնում…Նրանց գործողություններում առկա են օրենքի 32-րդ հոդվածի մասով նախատեսված կարգապահական խախտման հատկանիշներ՝ կապված իրենց ծառայողական պարտականությունները անհարգելի չկատարելու հանգամանքի հետ, ուստի նրանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը հիմնավոր են»: Վերջերս աշխատանքից ազատված մի գլխավոր մասնագետ մի ամբողջ ամիս չի ներկայացել աշխատավայր, իսկ ներկայանալիս էլ նման ձեւով է շփվել իր վերադասի հետ. «Տեսչության պետին ասեք՝ 20 րոպե ժամանակ ունեմ, 20 րոպեից հետո ես գնում եմ»: Սակայն նույնիսկ այս պայմաններում տեսչության պետը կարողացել է տուգանքներից գանձված գումարների թիվը զգալիորեն ավելացնել: Ըստ նրա, հանրային գրվածքներից (գովազդային պաստառներ եւ այլն) իր օրոք 4 ամսվա ընթացքում գանձվել է 3 մլն դրամ: Այն դեպքում, երբ տեսչության պետի պաշտոնակատարի օրոք 1 տարվա կտրվածքով այդ գումարը կազմել է ընդամենը 280 հազար դրամ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել