Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղավորը

Հունվար 14,2005 00:00

«Մեղավորը պետությունն է» 2004թ. դեկտեմբերի 30, ժամը 17:00: Երեւան, Կենտրոն համայնք: Կամերային երաժշտության տան մերձակայքի այգի: Բաշը- Ծառերի տակ հավաքված են թափառաշրջիկները: Այստեղ է քաղաքի ամենահայտնի բոմժը՝ Բաշը: Շատ թափառաշրջիկների վկայությամբ՝ Բաշը քաղաքում ամենահարգված բոմժն է: Նա ժամանակին էլ, երբ դեռ այս կյանքով չէր ապրում, հայտնի էր քաղաքի կենտրոնում: «Հացով մարդ էր»,- նրա մասին ասում էին ժամանակ առ ժամանակ Բաշին բարեւելու եկած, նրա առողջության մասին հարցուփորձ անող Կենտրոնի բնակիչները: Լաթերի մեջ, շների հետ փաթաթված էր նաեւ նրա մոտ ընկերը՝ Նորոն: Հենց այդ ժամանակ ոստիկանական մեքենան, ազդանշանները միացրած, մտավ Կամերային երաժշտության տան բակ: Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին էին ուղեկցում: Քիչ հետո երեւացին ԱԺ նախագահն ու մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը: Երեւի Ամանորի ինչ-որ միջոցառում էր այնտեղ: Կրակի շուրջ նստած բոլոր բոմժերը հայհոյախառն բառերով փորձում էին լռեցնել բոմժերից մեկին՝ Ռուզանին, սակայն չէր հաջողվում: Այնքան շատ էին օղի խմել, որ բոլորն էլ ուզում էին խոսել: Այսպես է ամեն օր, որովհետեւ եթե չխմեն, չեն դիմանա ցրտին: Բոմժերին փողոցում պահողը օղին է, եթե չխմեն, մի օր էլ չեն դիմանա: Նորոն- Երեւանցի Նորոն մի քանի տարի առաջ Զեյթունում էր ապրում. «Փոքր եղբայրս թավանի տակ էր, ստիպված տունս ծախեցի: Ընտանիքս էլ՝ կինս, երկու աղջիկներս եւ տղաս, Ֆրանսիայում են, ապրում են Ստրասբուրգում: Այնտեղ ապրում են ընտիր, հայկական հեռուստաալիքն էլ նայում են»,- վերջին նախադասությունը հպարտությամբ արտաբերելով ասաց Նորոն: Նորոն ծառայել է Ղարաբաղում՝ Ժիրայր Սեֆելյանի ջոկատում: Նա ջոկատի դարբինն էր: Միքոն- 32-ամյա Միքոն Սպիտակից է, իսկական անունը Վահան է, ազգանունը՝ Շիրոյան: «Երեւանյան»՝ պերիոդիկ հիվանդությամբ է տառապում: Նա հաշվառված է, սակայն չի կարողանում դեղերը ստանալ: Միքոն թոշակ չի ստանում՝ չնայած երրորդ կարգի հաշմանդամ է: Տեղեկանքներ են ուզում, չի կարողանում վերցնել, տեղից տեղ են ուղարկում, որովհետեւ գրանցված է Սպիտակում: «Եթե կարող եք, օգնեք մի քանի օրով գնամ հիվանդանոց պառկեմ, լավ չեմ: Սիրտս լավ չի»,- հեւալով խնդրում է Միքոն: Երկրորդ այցելության ժամանակ նա, լաթերի մեջ գետնին պառկած, հեւում էր ցավից: Ալգան- Ալգան թափառաշրջիկ չէ, նա բժիշկ է եւ երբեմն այցելության է գալիս այստեղ գտնվողներին: «Որպես բժիշկ՝ ես ուզում եմ ասել, որ այս մարդիկ բոլորը հիվանդ են եւ պետք է թոշակ ստանան»,- ասում է Ալգան: «Այդ պաշտոնյաները մենակ իրենց գրպաններն են լցնում, լցնում են հենց սրանց նմանների հաշվին, ես բժիշկ եմ աշխատել եւ գիտեմ, թե ինչ է կատարվում: Հազար տեղեկանքներ են պահանջում, ձգձգում, որ չօգնեն այս մարդկանց»,- շարունակում է Ալգան: «Այս մարդկանց մեղադրելը անմտություն է: Նրանց չպետք է մեղադրել, տե՛ս, թե ինչպես են հոգ տանում միմյանց մասին: Իրար ծածկում են, ջուր տալիս: Մեղավորը պետությունն է, կառավարությունն է»: «Քայլի՛ր Երեւանի փողոցներով, ամեն քայլափոխի ռեստորաններ են, սաունաներ, բարեր, բենզալցակայաններ, իսկ Հայաստանը դարձել է մուրացկան, «դեշովկա» (էժանագին): Մուրում է բոլոր երկրներից»,- ասում է արդեն գինովցած Ալգան: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել