Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎ

Հունվար 14,2005 00:00

«ԼԱՎ ՆՎԵՐ»՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ 60-ԱՄՅԱԿԻՆ Հանրապետությունում կա Հայրենական պատերազմի ընդամենը 9500 վետերան: Պատերազմի ավարտից 60 տարի անց նրանց արտոնությունները խիստ կրճատվում են: Կառավարության 2004թ. փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշմամբ Հայրենական պատերազմի մասնակիցների ու հաշմանդամների արտոնությունները ստացան «օգնություն» ձեւակերպումը, իսկ արտոնություններով սահմանված փոխհատուցումների հիմնական մասը՝ չնչին գումարի տեսք: Օրերս կատարված ավտոբուսների վարձավճարի թանկացումը պարզեց, որ տրանսպորտի եւ կոմունալ ծառայությունների գների ցանկացած փոփոխություն չի ինդեքսավորվելու: Բանն այն է, որ մինչեւ վերոհիշյալ որոշումը, մեր երկրում նույնպես, ինչպես ԱՊՀ մյուս երկրներում, գործում էր վետերաններին տրվող արտոնությունների նույն կարգը, համաձայն 1994թ. ապրիլի 12-ին ԱՊՀ երկրների ղեկավարների միջեւ կնքված «Հայրենական պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, զոհվածների ընտանիքների արտոնությունների եւ սոցիալական երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրի: Ըստ այդմ, վետերաններն օգտվում էին կոմունալ բոլոր ծախսերը 50%-ով վճարելու, անվճար բուժօգնության եւ հանգստի, անվճար երթեւեկության՝ ինչպես ներքաղաքային, այնպես էլ բնակավայրից 50 կմ շառավղով, նաեւ մի շարք այլ արտոնություններից: Կառավարության սահմանած նոր կարգով՝ վետերաններին մնաց անվճար բուժօգնության, իսկ կոմունալ վճարումներից՝ բնակվարձը, հեռախոսի բաժանորդային, ռադիոյի եւ աղբահանության համար 50%-ով վճարելու արտոնությունը: Հիմնական ծախսատար ծառայությունների համար, այն է՝ տրանսպորտ, էլեկտրաէներգիա, գազ, ջերմամատակարարում, ջրամատակարարում, որոշվեց յուրաքանչյուր մասնակցի տալ 3500 դրամ, որը, միջին հաշվարկով, փոխհատուցում էր ծախսերի 25%-ը՝ 50-ի փոխարեն: Ընդ որում, ըստ միջպետական պայմանագրի, արտոնությունները տարածվում էր վետերանի ողջ ընտանիքի ծախսերի վրա, իսկ այժմյան հաշվարկը նախատեսված է միայն մասնակցի համար, ինչը միջպետական համաձայնագրի կոպիտ խախտում է: Բացի այդ, մեր երկրում մասնակցի մահից հետո նրա արտոնություններից ամուսինը կամ կինը չեն օգտվում, ինչը նույնպես սահմանված էր եւ պահպանվում է ԱՊՀ մյուս երկրներում: Ավելին, կառավարության որոշման մեջ ընդհանրապես «մոռացված» էր թողնված ջրամատակարարման դիմաց փոխհատուցման կետը, ինչի հետեւանքով անցյալ տարին վետերանները ջրի համար վճարել են 100%-ով: Միայն վետերաններից մեկի՝ Հովհաննես Ռուշանյանի, նախաձեռնությամբ եւ մի քանի վետերանների միացյալ պայքարով հաջողվեց փոփոխություն մտցնել համապատասխան օրենքի մեջ եւ ջրամատակարարման դիմաց 2005-ից փոխհատուցման գումարի չափն ավելացնել 1000 դրամով: Ըստ միջպետական համաձայնագրի, կողմերը չպետք է արտոնությունների ծավալը նվազեցնեն համաձայնագրով նախատեսված չափից: Իսկ որեւէ փոփոխություն կատարելու դեպքում՝ տվյալ երկիրը պետք է կազմեր արձանագրություն եւ կցեր համաձայնագրին: Նկատենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, նույն համաձայնագրից ելնելով, 2005-ի համար նույնպես փոփոխություններ է կատարել: Սակայն դրանք չեն խաթարել վետերանների որեւէ իրավունք: Մեզ մոտ աստիճանաբար փոշիացնում են տրված չնչին գումարը: Ավտոբուսների, ինչպես նաեւ ջրի եւ այլ կոմունալ վարձավճարների սպասվող թանկացումները այդ գումարը կդարձնեն գրեթե զրոյական: Խնդրի առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գտնում է, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ վետերաններին տրվող փոխհատուցումը ֆիքսված է պետբյուջեում կոնկրետ գումարով եւ փոփոխության, գոնե առայժմ, ենթակա չէ: Կառավարությունը ցանկացած ծառայության թանկացման համար միշտ գտնում է արդարացնող միջոց՝ պետք է բիզնեսը գրավիչ դարձնել տնտեսվարողի համար: Ստացվում է, որ տնտեսվարողի ներդրումը արժեւորվում է, իսկ վետերանի թափած արյունը՝ ոչ: Բայց փորձենք նաեւ կյանքը փոքր-ինչ ավելի գրավիչ դարձնել մեր վետերանների համար: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել