ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ Արցախի պատերազմի վետերանները բաց նամակով դիմել են ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին. «Լսելով ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի պաշտոնազրկման լուրը՝ մեր անհանգստությունն ու վրդովմունքն ենք հայտնում: Ծանոթ լինելով ԼՂՀ ՊԲ բարձր հրամանատարական կազմին, մասնավորապես գեներալներին՝ առանց որեւէ չափազանցության կարող ենք ասել, որ ամենամարտական տրամադրված գեներալը հենց Վ. Բալասանյանն է: Մի քանի ամիս առաջ, երբ ՊԲ շտաբի պետ Մ. Հակոբյանը հրապարակայնորեն արտահայտվեց բանակի կողմից ազատագրված տարածքները հանձնելու մասին, մենք Ձեզանից ակնկալեցինք համարժեք պատասխան, սակայն, ցավոք սրտի, Դուք լռություն պահպանեցիք: Հույս ունենք գոնե այս անգամ բացատրություն լսել Ձեզանից, քանի որ խոսքը գնում է մեր Գոյամարտի հայտնի դեմքերից մեկի՝ Վ. Բալասանյանի պաշտոնանկության մասին: Մեզ անհանգստացնում է մի այլ հանգամանք եւս. մեր զինծառայող ընկերների ու հարազատների հետ ամենօրյա շփումներից տպավորություն ունենք, որ օր օրի կորչում է երբեմնի հաղթական բանակի մարտունակությունը, ինչի նկատմամբ չենք կարող անտարբեր մնալ: Իսկ հարգարժան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն նախընտրում է երկրի ռազմական ներուժի մասին բարձր ամբիոններից ճառեր արտասանելու ոճը»: Ուշագրավ է, որ այս նամակը խմբագրությունը ստացել է ՀՅԴ-ից: Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրությունների՝ այս նամակը, հավանաբար, կարելի է դիտել նախընտրական տրամաբանության մեջ: