ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ «Ազատ խոսքի կենտրոնը» հրատարակել է լրագրողներ Վահան Իշխանյանի եւ Ավետիս Բաբաջանյանի «Հաշվեհարդար. հալածանք եւ դիմադրություն» գիրքը, որտեղ ուսումնասիրություններով եւ ռեպորտաժներով ներկայացվել է 2003-2004-ին իրականացված քաղաքական հետապնդումների պատկերը: Վերջին 2 տարիներին շուրջ 650 հոգի է ձերբակալվել ցույցերին մասնակցելու եւ իշխանության դեմ բացահայտ բողոքելու համար. գրքի հերոսները նրանցից ոմանք են՝ Գրիշա Վիրաբյանը, Էդգար Առաքելյանը, Գայանե Աշուղյանը, Լավրենտի Կիրակոսյանը, Միքայել Դանիելյանը, Արամազդ Զաքարյանը, Սուրեն Սուրենյանցը եւ այլք: Երեկ գրքի հերոսներից շատերը ներկա էին «Ակումբ» սրճարանում «Հաշվեհարդար. հալածանք եւ դիմադրություն» գրքի շնորհանդեսին: Գրքի համահեղինակը՝ Ավետիս Բաբաջանյանը նշեց, թե անդրադարձել են քաղաքական հաշվեհարդարի առավել արտառոց դեպքերին եւ այն մարդկանց, ովքեր ենթարկվել են ծանր ճնշումների, բայց նաեւ պայքարել են այդ ամենի դեմ, դիմադրել իշխանություններին: «Հալածանքները եղել են ե՛ւ քաղաքական գործիչների, ե՛ւ շարքային քաղաքացիների, ե՛ւ հասարակական կազմակերպությունների ակտիվիստների նկատմամբ,- հիշեցրեց Վահան Իշխանյանը:- Մեթոդները նույնպես շատ տարբեր են եղել, որոնք ներկայացրել ենք գրքում՝ ե՛ւ ոստիկանությանը, դատախազությանն ու իրավապահ մարմիններին են օգտագործել, ե՛ւ հայտնի թիկնապահ-սափրագլուխներին, նաեւ կազմակերպված ցույցերն են արգելել ու քաղաքական գործիչների նկատմամբ սադրանքներ արել, բռնել նրանց»: Գրքի համահեղինակը նաեւ վերհիշեց, որ անցած տարի ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին նկատառում էին հայտնել, թե Հայաստանի արդարադատության համակարգը կարծես չկա, ավերվել է, որի ապացույցն են վերջին շրջանի դատավարությունները. «Նա պատասխանեց՝ դա դեռ պետք է ստուգել»: Գրքի ներկա հերոսներից մեկը՝ 66-ամյա իրավաբան Արտակ Գաբրիելյանը, որին դատապարտել էին հանրահավաքի մասնակցելու կոչ-թռուցիկները բաժանելու համար՝ նետեց. «Որ ինքը նստած էր՝ ստուգո՞ւմ էր»: Վահան Իշխանյանը շարունակեց. «Արդեն կարիք չունի ստուգելու՝ ուղղակի պետք է նրան ցույց տալ «Հաշվեհարդար» գիրքը, որտեղ ամեն ինչ ստուգված է»: Իսկ Ավետիս Բաբաջանյանը հույս հայտնեց, թե Հայաստանում կգա մի օր, երբ այլեւս չի լինի նման գիրք գրելու անհրաժեշտություն: Սեփ. լր.