ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պայթեց հերթական դիվանագիտական սկանդալը՝ պայմանավորված Աբխազիայում անցկացված կրկնական նախագահական ընտրություններով: Ինչպես հայտնի է, այդ ընտրությունների հետ կապված Սուխում էր այցելել ՌԴ պետդումայի պատգամավորներից բաղկացած խումբ՝ Դումայի փոխնախագահ Սերգեյ Բաբուրինի գլխավորությամբ: «Առավոտն» արդեն անդրադարձել է պաշտոնական Թբիլիսիի արձագանքին: Հիշեցնենք, որ վարչապետ Զուրաբ Ժվանիան ռուս գործիչների՝ Աբխազիայի քաղաքական կարգավիճակի մասին արված հայտարարությունները որակել էր ոչ այլ կերպ, քան «անպատկառություն»: Ժվանիայի այս բանավոր գնահատականին հաջորդել էր Վրաստանի ԱԳ նախարարության բավականաչափ կոշտ հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. «Վրաստանի ԱԳՆ-ն խիստ բողոք է արտահայտում Վրաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության փաստերի կապակցությամբ եւ Ռուսաստանից կտրականապես պահանջում է կասեցնել ապակառուցողական գործողությունները Աբխազիայի տարածքում»: Հայտարարության մեջ հատուկ շեշտված է Պետդումայի պատգամավորների «առանց վրացական այցագրերի ձեւակերպման եւ առանց Վրաստանի ղեկավարության հետ համաձայնեցման անօրինաբար վրացական պետական սահմանը հատելու» հանգամանքը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության արձագանքը, որն այս անգամ եւս դիվանագիտական էթիկետի (ավելի ճիշտ՝ դրա իսպառ բացակայության) առումով բավականաչափ յուրատիպ է, իրեն երկար սպասեցնել չտվեց: ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, թե «Ռուսաստանի արտգործնախարարությունը չի պատրաստվում մեկնաբանել Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը, որն ամբողջությամբ անպատասխանատու բնույթ ունի»: Հենց այդ պատճառով էլ մենք այն անպատասխան կթողնենք, հավելել է աղբյուրը: Նշենք նաեւ, որ Բագապշ-Խադջիմբա արհեստածին տանդեմը Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է քվեների անպարկեշտության հասնող բարձր՝ մոտ 90,1 տոկոսով: Ընտրություններից հետո Բագապշն արդեն իսկ հայտարարություններ է արել Աբխազիայի օրենսդրությունը 100%-ով ՌԴ օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ Վրաստանի հետ բացառապես հավասարազոր գործընկերոջ դիրքերից երկխոսելու պատրաստակամության մասին: Կովկասում նորից, ինչպես ասում են, կենացները քաղցրանում են: Տ. Ա.