Մարդու իրավունքներից կաղում ենք 2004-ին ՀՀ իշխանությունների առավել ավտորիտար քայլերից հրաժարվելը «Human rights watch»-ը համարում է ԵԽ ջանքերի արդյունքը: «Թեեւ միջազգային հանրությունը բարենպաստ կարծիք ունի Հայաստանի մասին՝ հաշվի առնելով 2004 թվականին իրականացված տնտեսական բարեփոխումները, իշխանությունները չեն բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը»: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այսպես է սկսվում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ «Human rights watch»-ի երեկ հրապարակված եւ Հայաստանին վերաբերող տարեկան զեկույցը: Ըստ այդ զեկույցի, «Հայաստանի քաղաքական կյանքում գերիշխում էին 2003թ. նախագահական ընտրությունների հետեւանքները: Ընտրություններ, որոնք ուղեկցվել էին զանգվածային խախտումներով: Ընդդիմությունը լայնածավալ արշավ էր նախաձեռնել, որի գագաթնակետը դարձավ ապրիլի 12-ի մարդաշատ, խաղաղ ցույցը, որն իշխանությունները ցրեցին բռնի ուժ կիրառելով»: Ի դեպ, զեկույցում որպես 2004-ի՝ մարդու իրավունքների ամենաաղաղակող խախտում մատնանշվել է հենց այս դեպքը, որի ժամանակ «անվտանգության ուժերը հավաքվածների նկատմամբ օգտագործեցին ջրցան մեքենաներ, իսկ այնուհետեւ ծեծեցին ցուցարարներին մահակներով, շոկ առաջացնող էլեկտրադագանակներով եւ աղմուկ առաջացնող նռնակներ նետեցին նրանց վրա»: Իրավապաշտպան կազմակերպությունը արձանագրել է, որ «կրկնելով 2003-ի ընտրությունների ռեպրեսիվ մարտավարությունը՝ իշխանությունները ձերբակալեցին ընդդիմության առաջնորդներին եւ աջակիցներին, բռնությամբ ցրեցին ցույցերը, ավերեցին կուսակցությունների գրասենյակները, հարձակման ենթարկեցին լրագրողներին եւ սահմանափակեցին մարդկանց տեղափոխվելու հնարավորությունները, որպեսզի նրանք չմասնակցեն հանրահավաքների»: Զեկույցում նշված է, որ 2004-ի մարտից-հունիս ամիսների ընթացքում «ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հարյուր մարդու: Դատավարությունները չեն համապատասխանել հիմնարար չափանիշներին, ներառյալ՝ փաստաբան ունենալու եւ իր օգտին ապացույցներ ներկայացնելու իրավունքը: Մարտին իշխանությունները ուժեղացրին ճնշումը քաղաքական ընդդիմության նկատմամբ՝ քրեական գործեր հարուցելով ընդդիմադիր դաշինքի եւ նրա կողմնակիցների դեմ: Դատախազները ընդդիմության մի քանի առաջնորդների մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի եւ իշխանության ներկայացուցիչներին հրապարակավ վիրավորելու համար եւ մի քանի ամիս պահեցին մեկուսարանում»: Իրավապաշտպան կազմակերպությունը մատնանշել է նաեւ, որ «2004թ. մայիսին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց նոր օրենք՝ հանրահավաքների եւ ցույցերի մասին, որն ընդունել էր ՀՀ խորհրդարանը՝ հակառակ այն բանի, որ ԵԽ-ն եւ ԵԱՀԿ-ն քննադատել էին օրենքը՝ փաստելով, որ այն չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին»: Սեփ. լր.