ՑՈՒՆԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆՈՒՄ Առայժմ ազատվում են մանր ձկներից Նոր տարվա հենց առաջին օրերից երկրի գործադիր մարմնում սկսվեցին փոփոխությունները: Արդեն պաշտոնանկ են արվել մի շարք փոխնախարարներ, սպասվում են նոր տեղաշարժեր: Սակայն այս ամենը տեղի է ունենում ոչ թե կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այլ «կոալիցիայի չորրորդ կողմի»՝ Ռոբերտ Քոչարյանի կամքով: Կոալիցիոն կառավարության հուշագրում մանր եւ միջին օղակների փոփոխության եւ տեղաշարժերի մասին ոչինչ չի գրված. այդ օղակներում փոփոխությունները կատարվում են վարչապետի որոշումներով: Բայց բոլորի համար հասկանալի է, որ տեղաշարժերի նախաձեռնողը ՀՀ նախագահն է: Երեկ պաշտոնանկությունների շարքը կարծես թե լրացվեց եւս մեկով՝ աշխատանքից ազատվելու դիմում գրեց Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Ֆրունզիկ Մուշեղյանը: Ժամանակին, երբ վերջինս նշանակվեց այս պաշտոնում, խոսվում էր այն մասին, որ եկամտաբեր պաշտոններից մեկը տրվեց ՀՀԿ-ին, քանի որ Ֆրունզիկ Մուշեղյանը հայտնի էր որպես Անդրանիկ Մարգարյանի ընկեր: Հետո վերջինիս անունը սկսեց հայտնվել թանկարժեք կոստյումներ եւ փողկապներ հագնող պաշտոնյաների ցուցակում: Այնուհետեւ, հակառակ դրան, ավելի ու ավելի հաճախ էր խոսվում կենսաթոշակների չուշացման եւ ավելացման մասին: Պատասխանատու հեռուստաընկերությունների էկրաններից կենսաթոշակառուները շնորհակալություն էին հայտնում հարազատ կառավարությանը, սակայն այդ կենսաթոշակառուներից որեւէ մեկը այդպես էլ չկարողացավ եւ դեռ երկար չի կարողանալու ապրել այնպես, ինչպես ապրում է Կենսաթոշակային հիմնադրամի միջին պաշտոնյան։ Վերադառնանք պաշտոնանկություններին: Հավանաբար, Կենսաթոշակային պետական հիմնադրամի նախագահ է նշանակվելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ոչ անհայտ Վազգեն Խաչիկյանը (Հմայակ Հովհաննիսյանի համար կսկսվեն դժվարին ժամանակներ՝ ինչպե՞ս է այսուհետ ԱԺ ամբիոնից քննադատելու «Շարիկովներին»): Սակայն, եթե այս հարցում Վազգեն Խաչիկյանի բախտը բերեց, ապա ընդհանուր առմամբ այս նշանակումը չի կարելի պարոն Խաչիկյանի համար առաջխաղացում համարել, եթե հաշվի առնենք, որ Կենսաթոշակային հիմնադրամն այլեւս առաջվանը չի լինելու՝ նրա «եկամտաբեր» գործառույթները հանձնվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը եւ հարկայինին: Խաչիկյանի հնարավոր նշանակումը հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ Հանրապետականի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Խաչիկյանի փոխարեն խորհրդարան է գալու ցուցակով հաջորդը՝ ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, Երեւանի բժշկական համալսարանի ռեկտորի օգնական, 1975 թվականին ծնված Արմեն Աշոտյանը: Կառավարությունում տարեսկզբից սկսված փոփոխությունների շղթան դեռեւս կշարունակվի, եւ մի շարք փոքր եւ միջին պաշտոնյաներ եւս հրաժեշտ կտան իրենց պորտֆելներին: Ասվածը վերաբերում է հատկապես սոցիալական ոլորտի պաշտոնյաներին: Սա նախապատմություն ունի, եւ այդ նախապատմության մեջ մեծ է Դաշնակցության դերը. ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկով ստեղծվել է աշխատանքային տեսչությունը: Վերջինս զբաղվելու է գործատու-աշխատող հարաբերությունների հստակեցմամբ, բացահայտելու է ստվերային երեւույթները ձեռնարկություններում: Դե, իսկ «ստվեր հայտնաբերելը», ինչպես հայտնի է, շատ եկամտաբեր գործ է։ Ըստ էության, այս տեսչությանն է տրվում այն ամենը, ինչ մինչ այդ կատարում էր Կենսաթոշակային հիմնադրամը: Այս կառույցը փոփոխություններից հետո հայտնվել է խաղից դուրս վիճակում: Փոխարենը ուժեղանալու են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործառույթները: Այսինքն՝ լուրջ ֆինանսական լծակներ է ստանում Դաշնակցությունը: Դաշնակցության ներկայացուցիչները ամենեւին համաձայն չեն մեր այս դիտարկմանը եւ երեկ հայտարարում էին, որ այս փոփոխությունները միայն մեկ, ազգանպաստ նպատակ են հետապնդում՝ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը. «Ոմանք, որպեսզի բուն էությունից շեղեն, հարցը տեղափոխում են անձնական, կուսակցական կամ այլ հարթություն: Իրականում այն, ինչ առաջարկել է Դաշնակցությունը եւ ինչ ընդունվել է, ոչ թե իր շահերից է բխում, այլ երկրի զարգացումն ապահովող համակարգային փոփոխություններ իրականացնելու շահերից: Այդ համակարգը եթե չփոխվեց, մյուս խոսակցություններն անիմաստ են եւ անպտուղ»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց առայժմ բացահայտվել չցանկացող դաշնակցականներից մեկը: Ակնհայտ է, որ այս բոլոր փոփոխությունները կատարվում են նախագահի կամքով։ Այդ հարցերը չեն քննարկվել կոալիցիայի խորհրդի նիստերում, որոնք, ի դեպ, շատ վաղուց չեն գումարվել: Մանավանդ բուն գործադիր մարմնին առնչվող կարեւոր հարցերի մասին տարեվերջից սկսած միայն նախագահն է խոսում: Երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր կառավարություն՝ հին նոր տարին նշելու: Վարչապետը երեկ մտադիր չէր մեր հարցերին պատասխանել, նա առաջարկում էր քեֆ անել եւ հարցեր չտալ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ