Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԳԱՆՔԸ ԿՓՐԿԻ՞ ՉԱՐԱՇԱՀՈՂՆԵՐԻՑ

Հունվար 14,2005 00:00

Երեկ կառավարությունը հավանություն է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին, որով կհստակեցվի խախտումներ թույլ տվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմը եւ ավելի օպերատիվ կդարձվի հանձնաժողովի աշխատանքը:

Փոփոխությունների նախագիծը կազմել եւ կառավարությանն է ներկայացրել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը: Փոխնախարար Արմեն Գեւորգյանը երեկ տեղեկացրեց, որ մինչ այդ, հանձնաժողովին միշտ չէ, որ հաջողվում էր հավաքել անհրաժեշտ ինֆորմացիա եւ արագ կարգավորել շուկայում տեղ գտած իրավախախտումները: Հարցին, թե նույն ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հանցավոր համաձայնությամբ բարձրացված գների արդյունքում տուժող սպառողները ինչպե՞ս պետք է փոխհատուցվեն, այն դեպքում, երբ հակամրցակցային համաձայնությունն ապացուցվի եւ սուբյեկտներն արժանանան տույժ ու տուգանքի, փոխնախարարը պատասխանեց՝ կփոխհատուցվեն: Բայց չպարզաբանեց, թե ինչ մեխանիզմով: Նկատենք միայն, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մի մասը Ազգային ժողովում է:

Փոփոխությամբ, գերիշխող դիրքը չարաշահողների նկատմամբ պետք է կիրառվի տույժ՝ նախորդ տարվա շրջանառության 1%-ի չափով: Եթե ԱԺ հիշյալ «գերիշխողներին» դիտարկենք որպես պոտենցիալ դիրք չարաշահողներ, արդյոք պատգամավորները օրենքի փոփոխությունները հեշտությա՞մբ կընդունեն: Ա. Գեւորգյանը գտնում է, որ խնդիր չի լինի, քանի որ «բոլորն են հասկանում, որ այդ փոփոխությունները բխում են տնտեսության զարգացման շահերից»:

Երկար մտածելուց հետո կառավարությունը երեկ որոշել է պահուստային ֆոնդից 25 մլն դրամ տրամադրել որպես օգնություն՝ ջրհեղեղից տուժած երկրներին:

Ռ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել