Որպեսզի
հայրենիքում զբաղվեն ժամանակակից բալետի տարածմամբ Ինչպես տեղեկացրել
էր «Առավոտը», հունվարի 12-ին եւ 13-ին Ազգային օպերային թատրոնում Ադանի «Ժիզել»
եւ Բիզե-Շչեդրինի «Կարմեն» ներկայացումներում մենապարերով հանդես եկան Երեւանի պարարվեստի
ուսումնարանի սաներ, միջազգային մրցույթի դափնեկիրներ, Ցյուրիխի բալետային ակադեմիայում
կատարելագործվող, տեղի թատրոնի առաջատար բալերոններ Արման Գրիգորյանն ու Վահե Մարտիրոսյանը:
Բալերոնների հետ զրույցից պարզեցինք, որ դեռ սովորելով Երեւանի պարարվեստի
ուսումնարանում, երկու տարի առաջ բալերոնները մեկնել էին Շվեյցարիա՝ մասնակցելու
Լոզանում անցկացվելիք ամենամյա միջազգային մրցույթին: Նրանց ելույթը գրավել է տեղի
ակադեմիայի ու թատրոնի տնօրեն, ճանաչված բալերոն Հայնց Շպյոռլի ուշադրությունը, որին
հետեւել է իրենց մոտ կատարելագործվելու հրավերը: Ա. Գրիգորյանն ու Վ. Մարտիրոսյանը
խնդրեցին հատուկ շեշտել այն փաստը, որ իրենք կատարելագործվում են ժամանակակից բալետի
գծով, ինչը Երեւանի պարարվեստի ուսումնարանում դեռ չի ուսուցանվում: «Հյուրախաղերով
լինելով Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, Ճապոնիայում, Չինաստանում, Աֆրիկայում
եւ այլուր, կարող ենք բարձրաձայն ասել, որ դասական բալետի ուսուցումը Հայաստանում
բարձր մակարդակի է»,- վստահեցրին բալերոնները, ավելացնելով, որ կատարելագործման լրիվ
դասընթացն ավարտելուց հետո, անկասկած, կվերադառնան հայրենիք ու ստացած գիտելիքները
կներդնեն Հայաստանում ժամանակակից բալետի ուսուցման գործում: «Առավոտի» հետաքրքրությանը՝
դա քանի՞ տարի հետո կլինի, երիտասարդները պատասխանեցին. «Ակադեմիայում յուրաքանչյուր
տարեվերջին հանձնում ենք ստուգարք ու հանձնաժողովին գոհացնելու դեպքում միայն հնարավորություն
է տրվում եւս մեկ տարի շարունակել: Իսկ ընդհանուր առմամբ, ժամանակակից բալետի ուսուցման
կուրսը 5 տարի է»: «Ինչպե՞ս տարբերակել ժամանակակից ու մոդեռն բալետարվեստները»
հարցին բալերոնները պատասխանեցին. «Ժամանակակից բալետը հիմնված է դասական երաժշտության
ու դասական բալետի շարժումների վրա, իսկ մոդեռնը, կարծում ենք, արդեն բացատրելու
հարկ չկա»: Հետաքրքրվեցինք նաեւ Եվրոպայում բալետի արտիստների աշխատավարձի
չափով: Պարզվում է, զարգացած քաղաքակիրթ երկրներում աշխատավարձ՝ որպես այդպիսին,
գոյություն չունի: Նույնիսկ հնարավոր է մի ամիս աշխարհահռչակ արվեստագետի վաստակած
գումարը ավելի քիչ լինի, քան սկսնակինը: Ամեն ինչ կախված է զբաղվածության աստիճանից,
ինչը ամրագրվում է պայմանագրով: Նկատենք, որ թեեւ երեւանյան թատրոններում վաղուց
կնքվում են պայմանագրեր, բայց այս կամ այն արտիստին այդպես էլ ամիսներով չենք տեսնում
տվյալ թատրոնի բեմում: Չնայած այս ամենին, նա յուրաքանչյուր ամիս բարեխղճորեն ստանում
է իր հասանելիք պետական աշխատավարձը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ