Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջինները դարձան առաջին

Հունվար 14,2005 00:00

«Նրանք
մեզ հետ իրենց տեղերը փոխեցին»,- կաշառատու հանցագործների մասին ասում է կաշառքի
մեջ մեղադրվող դատավորը: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի
դատարանում ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Ավագ Ավագյանը նախաամանորյա դատական
նիստում պահանջել էր 8 եւ 5 տարվա ազատազրկում՝ կաշառքի գործով մեղադրվող Դիլիջանի
դատավոր Համլետ Մաթեւոսյանի եւ ԶԴ Գուգարքի կայազորի դատախազի օգնական Գառնիկ Չախմախչյանի
համար, ընդ որում՝ առանց գույքի բռնագանձման: Դատավոր Հ. Մաթեւոսյանը երեկ լրացրեց
իր պաշտպանական ճառը՝ խոսելով այն մասին, թե ինչպես էր $350 գումարը հայտնվել իր
աշխատասենյակի պատուհանի ջեռուցման մարտկոցի տակ: Նա առաջ քաշեց երկու տարբերակ՝
կամ ինքն է գցել, կամ գործով վկա Համլետ Ղարախանյանը: Հ. Մաթեւոսյանը հերքեց, որ
ինքը կարող էր գցել, քանի որ նախաքննական մարմինը առաջնորդվել էր այն մոտեցմամբ,
թե իրենք գումարը ստացել են ըստ նախնական պայմանավորվածության: Հ. Մաթեւոսյանը պնդեց,
որ կես րոպեի ընթացքում, մինչ կգային ազգային անվտանգության աշխատակիցները, Համլետ
Ղարախանյանն է այն գցել մարտկոցի տակ եւ նրա խնդիրը փաստորեն եղել է գումարը անպայման
գցել աշխատասենյակում: Կաշառքի մեջ մեղադրվող դատավորը նկարագրեց, թե ինչպես ազգային
անվտանգության 10-12 աշխատակիցներ մտել են իրենց աշխատասենյակ, իսկ այդ ընթացքում
իրենք եղել են 30 քմ սենյակի «կողային պատի ուղղությամբ դրված աթոռին նստած եւ կողքերին
էլ՝ մեկ հսկող ԱԱԾ աշխատակից»: Հետեւաբար, իրենք այդ պահին չէին կարող հաղորդակցվել,
որեւէ գումար տեղափոխել կամ գցել որեւէ տեղ: Իր պաշտպանական ճառում դատախազ
Չախմախչյանի պաշտպան Հովիկ Գալյանը նկատեց, որ Չախմախչյանի կողմից նախապես մշակված
գումարը գրպանը դնելը դեռ չի նշանակում կաշառք վերցնել: Նրա պնդմամբ, կատարվածը «ստեղծված
իրադրության մեջ բնական ռեակցիա է եղել»: Նա դատարանից պահանջում էր ձեռք բերված
ապացույցները չօգտագործել եւ իր պաշտպանյալին անհապաղ ազատել դատարանի դահլիճից:
Նախկին դատավոր Համլետ Մաթեւոսյանի պատկերացմամբ, դատարանը գործ ունի «դրամայի»
հետ, որի գործող անձինք են ինքն ու դատախազը եւ երկու կաշառատու վկաները, որոնց շնորհիվ,
փաստորեն, «նրանք մեզ հետ իրենց տեղերը փոխեցին»: Նկատենք, որ վկաներից մեկին՝ Հ.
Ղարախանյանին սպառնում էր 7 տարվա ազատազրկում: Սակայն կաշառքի գործը «լավագույնս
իրականացնելուց» հետո՝ նրան տրվել է պայմանական պատիժ: Համլետ Մաթեւոսյանի
պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը ռեպլիկով դիմելով մեղադրողին՝ ասաց. «Կուզեի մեղադրողը մատնանշեր
այն ապացույցները, որով կհիմնավորվեր մեր պաշտպանյալների համաձայնությամբ կաշառք
ստանալը»: Ռեպլիկը չլսեց մեղադրող Ավագ Ավագյանը, որը նախ նկատեց, որ ռեպլիկը ճառ
չէ, ապա հարցով դիմեց դատավոր Էռնա Հայրիյանին՝ որտե՞ղ է գրված, որ ես պիտի լսեմ
ռեպլիկը: Պաշտպանական կողմը հաթաթա տալու նման դիմեց դատարանին. «Խնդրում ենք հաշվի
առնել դատախազի կողմից ռեպլիկից չօգտվելու հանգամանքը»: Սակայն ռեպլիկով հանդես գալը
հենց իրավունք է, որից կարելի է եւ չօգտվել: Դատարանն այսօր կկայացնի դատավճիռ:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել