Իր
վերջին ասուլիսներից մեկում քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց,
որ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ է տիրում,
եւ որ ծառայողական ստուգումների ավարտից հետո խորհուրդն առավել մանրամասն տեղեկություններ
կհայտնի այդ մասին: Մինչ խորհուրդը կբացի փակագծերը, փորձեցինք պարզաբանում
ստանալ տեսչության պետ Լավրենտի Միրզոյանից: Հիշեցնենք, որ տեսչության ներսում մթնոլորտը
լարվել էր դեռ այն ժամանակվանից, երբ տեսչության նոր պետ պետք է ընտրվեր: Իսկ մրցակիցների
շարքում էին նաեւ տեսչության նախկին աշխատակիցներ, որոնք, ըստ Լ. Միրզոյանի, իր այս
պաշտոնում ընտրվելուց հետո փորձում էին ամեն կերպ խոչընդոտել տեսչության բնականոն
աշխատանքը: Այսպես, օրինակ: Տեսչության աշխատակիցներից կազմված 5 հոգանոց հանձնախումբը
(անուններ չենք նշում), դպրոցներում ստուգումներ իրականացնելուց հետո, փոխանակ եզրակացության
բնագիրը տեսչության պետին հանձնելու, նրան է ներկայացրել միայն դրանց պատճենները:
«Եվ երբ ես այն չընդունեցի, բնագրերը տարան վարչապետի վերահսկողական վարչություն:
Պետական փաստաթղթերը երկար ժամանակ ապօրինաբար պահել են իրենց մոտ: Մարդիկ չեն գալիս
աշխատանքի, մարդիկ բնագրերը չեն ներկայացնում տեսչության պետին, միտումնավոր խոչընդոտում
են տեսչության աշխատանքները: Քաղծառայության մասին օրենքով՝ կատարվածը լիազորությունների
գերազանցում էր, եւ բոլորը կարգապահական նկատողությունների ենթարկվեցին, մինչեւ իսկ՝
աշխատանքից ազատման,- վրդովված պատմում է Լավրենտի Միրզոյանը,- երբ բացատրություն
եմ պահանջում, ասում են՝ կհանդիպենք դատարանո՜ւմ: Բայց մինչ օրս ոչ ոք հայցը տրամադրելուց
հետո դատարան չի ներկայացել»: Տեսչության պետը մեզ ցույց տվեց փաստաթղթերի
մի կապոց, ուր տարբեր բաժինների աշխատակիցներ՝ սկսած գլխավոր մասնագետից, աննկարագրելի
անգրագետ դիմումներ ու բացատրություններ են ներկայացրել տեսչության պետին: «Բա լեզվի
տեսչության գլխավոր մասնագետն «առընթեր» բառը գրի առանց ը-ի՞: Տողադարձ անելիս 2
բաղաձայնը տանում են հաջորդ տո՞ղ, «դիսերտացիա» բառի հայերեն համարժեքը չգիտեն: Եվ
դրանք այն մարդիկ են, ովքեր հայերենի բարձրագույն խորհրդի որոշումներն են պատրաստում»:
Բայց սա դեռ ամենը չէ: «Երբ մարդուն հարցնում ես՝ ինչու գործի չես եկել, գրավոր ներկայացնում
է՝ «Պրն Միրզոյան, հայտնում եմ Ձեզ, որ լուծ եմ»: Տեսչության պետը որոշ դեպքերում
ստիպված է եղել նույնիսկ գնալ ներկայացված «բժշկի տեղեկանքների» հետքերով: «Մարդիկ
օրերով գործի չեն գալիս, բժշկի տեղեկանք են բերում, ամեն օր մեկինը բերում են, գնում
եմ տեղեկանքի հետեւից, ասում են՝ կեղծ է, գլխավոր բժշկի կողմից հաստատված չէ: Իմ
գործերը թողած՝ ընկել եմ ինչի հետեւից: Մարդկանց գրագիտություն սովորեցնե՜մ, գրելու
ձեւ սովորեցնե՜մ, բա իմ ամբողջ աշխատանքը ո՞վ կատարի: Ինձ այսպիսի պատճառաբանություններ
են օրինակ բերում. ես չեմ կարող իմ տեղում նստել, որովհետեւ չեմ կարող արեգակին հակառակ
նստել. աչքերս լավ չեն տեսնում…Նրանց գործողություններում առկա են օրենքի 32-րդ
հոդվածի մասով նախատեսված կարգապահական խախտման հատկանիշներ՝ կապված իրենց ծառայողական
պարտականությունները անհարգելի չկատարելու հանգամանքի հետ, ուստի նրանց նկատմամբ
կիրառված կարգապահական տույժերը հիմնավոր են»: Վերջերս աշխատանքից ազատված
մի գլխավոր մասնագետ մի ամբողջ ամիս չի ներկայացել աշխատավայր, իսկ ներկայանալիս
էլ նման ձեւով է շփվել իր վերադասի հետ. «Տեսչության պետին ասեք՝ 20 րոպե ժամանակ
ունեմ, 20 րոպեից հետո ես գնում եմ»: Սակայն նույնիսկ այս պայմաններում տեսչության
պետը կարողացել է տուգանքներից գանձված գումարների թիվը զգալիորեն ավելացնել: Ըստ
նրա, հանրային գրվածքներից (գովազդային պաստառներ եւ այլն) իր օրոք 4 ամսվա ընթացքում
գանձվել է 3 մլն դրամ: Այն դեպքում, երբ տեսչության պետի պաշտոնակատարի օրոք 1 տարվա
կտրվածքով այդ գումարը կազմել է ընդամենը 280 հազար դրամ: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ