2004թ. դեկտեմբերի 30, ժամը 17:00: Երեւան, Կենտրոն
համայնք: Կամերային երաժշտության տան մերձակայքի այգի: Բաշը- Ծառերի տակ հավաքված
են թափառաշրջիկները: Այստեղ է քաղաքի ամենահայտնի բոմժը՝ Բաշը: Շատ թափառաշրջիկների
վկայությամբ՝ Բաշը քաղաքում ամենահարգված բոմժն է: Նա ժամանակին էլ, երբ դեռ այս
կյանքով չէր ապրում, հայտնի էր քաղաքի կենտրոնում: «Հացով մարդ էր»,- նրա մասին ասում
էին ժամանակ առ ժամանակ Բաշին բարեւելու եկած, նրա առողջության մասին հարցուփորձ
անող Կենտրոնի բնակիչները: Լաթերի մեջ, շների հետ փաթաթված էր նաեւ նրա մոտ
ընկերը՝ Նորոն: Հենց այդ ժամանակ ոստիկանական մեքենան, ազդանշանները միացրած, մտավ
Կամերային երաժշտության տան բակ: Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին էին
ուղեկցում: Քիչ հետո երեւացին ԱԺ նախագահն ու մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը:
Երեւի Ամանորի ինչ-որ միջոցառում էր այնտեղ: Կրակի շուրջ նստած բոլոր բոմժերը
հայհոյախառն բառերով փորձում էին լռեցնել բոմժերից մեկին՝ Ռուզանին, սակայն չէր հաջողվում:
Այնքան շատ էին օղի խմել, որ բոլորն էլ ուզում էին խոսել: Այսպես է ամեն օր, որովհետեւ
եթե չխմեն, չեն դիմանա ցրտին: Բոմժերին փողոցում պահողը օղին է, եթե չխմեն, մի օր
էլ չեն դիմանա: Նորոն- Երեւանցի Նորոն մի քանի տարի առաջ Զեյթունում էր ապրում.
«Փոքր եղբայրս թավանի տակ էր, ստիպված տունս ծախեցի: Ընտանիքս էլ՝ կինս, երկու աղջիկներս
եւ տղաս, Ֆրանսիայում են, ապրում են Ստրասբուրգում: Այնտեղ ապրում են ընտիր, հայկական
հեռուստաալիքն էլ նայում են»,- վերջին նախադասությունը հպարտությամբ արտաբերելով
ասաց Նորոն: Նորոն ծառայել է Ղարաբաղում՝ Ժիրայր Սեֆելյանի ջոկատում: Նա ջոկատի դարբինն
էր: Միքոն- 32-ամյա Միքոն Սպիտակից է, իսկական անունը Վահան է, ազգանունը՝
Շիրոյան: «Երեւանյան»՝ պերիոդիկ հիվանդությամբ է տառապում: Նա հաշվառված է, սակայն
չի կարողանում դեղերը ստանալ: Միքոն թոշակ չի ստանում՝ չնայած երրորդ կարգի հաշմանդամ
է: Տեղեկանքներ են ուզում, չի կարողանում վերցնել, տեղից տեղ են ուղարկում, որովհետեւ
գրանցված է Սպիտակում: «Եթե կարող եք, օգնեք մի քանի օրով գնամ հիվանդանոց
պառկեմ, լավ չեմ: Սիրտս լավ չի»,- հեւալով խնդրում է Միքոն: Երկրորդ այցելության
ժամանակ նա, լաթերի մեջ գետնին պառկած, հեւում էր ցավից: Ալգան- Ալգան թափառաշրջիկ
չէ, նա բժիշկ է եւ երբեմն այցելության է գալիս այստեղ գտնվողներին: «Որպես բժիշկ՝
ես ուզում եմ ասել, որ այս մարդիկ բոլորը հիվանդ են եւ պետք է թոշակ ստանան»,- ասում
է Ալգան: «Այդ պաշտոնյաները մենակ իրենց գրպաններն են լցնում, լցնում են հենց սրանց
նմանների հաշվին, ես բժիշկ եմ աշխատել եւ գիտեմ, թե ինչ է կատարվում: Հազար տեղեկանքներ
են պահանջում, ձգձգում, որ չօգնեն այս մարդկանց»,- շարունակում է Ալգան: «Այս
մարդկանց մեղադրելը անմտություն է: Նրանց չպետք է մեղադրել, տե՛ս, թե ինչպես են հոգ
տանում միմյանց մասին: Իրար ծածկում են, ջուր տալիս: Մեղավորը պետությունն է, կառավարությունն
է»: «Քայլի՛ր Երեւանի փողոցներով, ամեն քայլափոխի ռեստորաններ են, սաունաներ,
բարեր, բենզալցակայաններ, իսկ Հայաստանը դարձել է մուրացկան, «դեշովկա» (էժանագին):
Մուրում է բոլոր երկրներից»,- ասում է արդեն գինովցած Ալգան: ԷԴԻԿ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am