Հանրապետությունում
կա Հայրենական պատերազմի ընդամենը 9500 վետերան: Պատերազմի ավարտից 60 տարի անց նրանց
արտոնությունները խիստ կրճատվում են: Կառավարության 2004թ. փետրվարի 5-ի
թիվ 207-Ն որոշմամբ Հայրենական պատերազմի մասնակիցների ու հաշմանդամների արտոնությունները
ստացան «օգնություն» ձեւակերպումը, իսկ արտոնություններով սահմանված փոխհատուցումների
հիմնական մասը՝ չնչին գումարի տեսք: Օրերս կատարված ավտոբուսների վարձավճարի թանկացումը
պարզեց, որ տրանսպորտի եւ կոմունալ ծառայությունների գների ցանկացած փոփոխություն
չի ինդեքսավորվելու: Բանն այն է, որ մինչեւ վերոհիշյալ որոշումը, մեր երկրում նույնպես,
ինչպես ԱՊՀ մյուս երկրներում, գործում էր վետերաններին տրվող արտոնությունների նույն
կարգը, համաձայն 1994թ. ապրիլի 12-ին ԱՊՀ երկրների ղեկավարների միջեւ կնքված «Հայրենական
պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, զոհվածների ընտանիքների արտոնությունների
եւ սոցիալական երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրի: Ըստ
այդմ, վետերաններն օգտվում էին կոմունալ բոլոր ծախսերը 50%-ով վճարելու, անվճար բուժօգնության
եւ հանգստի, անվճար երթեւեկության՝ ինչպես ներքաղաքային, այնպես էլ բնակավայրից 50
կմ շառավղով, նաեւ մի շարք այլ արտոնություններից: Կառավարության սահմանած նոր կարգով՝
վետերաններին մնաց անվճար բուժօգնության, իսկ կոմունալ վճարումներից՝ բնակվարձը,
հեռախոսի բաժանորդային, ռադիոյի եւ աղբահանության համար 50%-ով վճարելու արտոնությունը:
Հիմնական ծախսատար ծառայությունների համար, այն է՝ տրանսպորտ, էլեկտրաէներգիա, գազ,
ջերմամատակարարում, ջրամատակարարում, որոշվեց յուրաքանչյուր մասնակցի տալ 3500 դրամ,
որը, միջին հաշվարկով, փոխհատուցում էր ծախսերի 25%-ը՝ 50-ի փոխարեն: Ընդ որում,
ըստ միջպետական պայմանագրի, արտոնությունները տարածվում էր վետերանի ողջ ընտանիքի
ծախսերի վրա, իսկ այժմյան հաշվարկը նախատեսված է միայն մասնակցի համար, ինչը միջպետական
համաձայնագրի կոպիտ խախտում է: Բացի այդ, մեր երկրում մասնակցի մահից հետո նրա արտոնություններից
ամուսինը կամ կինը չեն օգտվում, ինչը նույնպես սահմանված էր եւ պահպանվում է ԱՊՀ
մյուս երկրներում: Ավելին, կառավարության որոշման մեջ ընդհանրապես «մոռացված» էր
թողնված ջրամատակարարման դիմաց փոխհատուցման կետը, ինչի հետեւանքով անցյալ տարին
վետերանները ջրի համար վճարել են 100%-ով: Միայն վետերաններից մեկի՝ Հովհաննես Ռուշանյանի,
նախաձեռնությամբ եւ մի քանի վետերանների միացյալ պայքարով հաջողվեց փոփոխություն
մտցնել համապատասխան օրենքի մեջ եւ ջրամատակարարման դիմաց 2005-ից փոխհատուցման գումարի
չափն ավելացնել 1000 դրամով: Ըստ միջպետական համաձայնագրի, կողմերը չպետք է արտոնությունների
ծավալը նվազեցնեն համաձայնագրով նախատեսված չափից: Իսկ որեւէ փոփոխություն կատարելու
դեպքում՝ տվյալ երկիրը պետք է կազմեր արձանագրություն եւ կցեր համաձայնագրին: Նկատենք,
որ Ռուսաստանի Դաշնությունը, նույն համաձայնագրից ելնելով, 2005-ի համար նույնպես
փոփոխություններ է կատարել: Սակայն դրանք չեն խաթարել վետերանների որեւէ իրավունք:
Մեզ մոտ աստիճանաբար փոշիացնում են տրված չնչին գումարը: Ավտոբուսների, ինչպես նաեւ
ջրի եւ այլ կոմունալ վարձավճարների սպասվող թանկացումները այդ գումարը կդարձնեն գրեթե
զրոյական: Խնդրի առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գտնում
է, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ վետերաններին տրվող փոխհատուցումը ֆիքսված
է պետբյուջեում կոնկրետ գումարով եւ փոփոխության, գոնե առայժմ, ենթակա չէ: Կառավարությունը
ցանկացած ծառայության թանկացման համար միշտ գտնում է արդարացնող միջոց՝ պետք է բիզնեսը
գրավիչ դարձնել տնտեսվարողի համար: Ստացվում է, որ տնտեսվարողի ներդրումը արժեւորվում
է, իսկ վետերանի թափած արյունը՝ ոչ: Բայց փորձենք նաեւ կյանքը փոքր-ինչ ավելի գրավիչ
դարձնել մեր վետերանների համար: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ