Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Հունվար 14,2005 00:00

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ Արցախի պատերազմի վետերանները բաց նամակով դիմել
են ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին. «Լսելով ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր
Վիտալի Բալասանյանի պաշտոնազրկման լուրը՝ մեր անհանգստությունն ու վրդովմունքն ենք
հայտնում: Ծանոթ լինելով ԼՂՀ ՊԲ բարձր հրամանատարական կազմին, մասնավորապես գեներալներին՝
առանց որեւէ չափազանցության կարող ենք ասել, որ ամենամարտական տրամադրված գեներալը
հենց Վ. Բալասանյանն է: Մի քանի ամիս առաջ, երբ ՊԲ շտաբի պետ Մ. Հակոբյանը
հրապարակայնորեն արտահայտվեց բանակի կողմից ազատագրված տարածքները հանձնելու մասին,
մենք Ձեզանից ակնկալեցինք համարժեք պատասխան, սակայն, ցավոք սրտի, Դուք լռություն
պահպանեցիք: Հույս ունենք գոնե այս անգամ բացատրություն լսել Ձեզանից, քանի որ խոսքը
գնում է մեր Գոյամարտի հայտնի դեմքերից մեկի՝ Վ. Բալասանյանի պաշտոնանկության մասին:
Մեզ անհանգստացնում է մի այլ հանգամանք եւս. մեր զինծառայող ընկերների ու հարազատների
հետ ամենօրյա շփումներից տպավորություն ունենք, որ օր օրի կորչում է երբեմնի հաղթական
բանակի մարտունակությունը, ինչի նկատմամբ չենք կարող անտարբեր մնալ: Իսկ հարգարժան
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ
քայլեր ձեռնարկելու փոխարեն նախընտրում է երկրի ռազմական ներուժի մասին բարձր ամբիոններից
ճառեր արտասանելու ոճը»: Ուշագրավ է, որ այս նամակը
խմբագրությունը ստացել է ՀՅԴ-ից: Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը նախապատրաստվում
է խորհրդարանական ընտրությունների՝ այս նամակը, հավանաբար, կարելի է դիտել նախընտրական
տրամաբանության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել