Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ

Հունվար 14,2005 00:00

ՆՈՐ
ՍԿԱՆԴԱԼ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պայթեց հերթական դիվանագիտական
սկանդալը՝ պայմանավորված Աբխազիայում անցկացված կրկնական նախագահական ընտրություններով:
Ինչպես հայտնի է, այդ ընտրությունների հետ կապված Սուխում էր այցելել ՌԴ պետդումայի
պատգամավորներից բաղկացած խումբ՝ Դումայի փոխնախագահ Սերգեյ Բաբուրինի գլխավորությամբ:
«Առավոտն» արդեն անդրադարձել է պաշտոնական Թբիլիսիի արձագանքին: Հիշեցնենք, որ վարչապետ
Զուրաբ Ժվանիան ռուս գործիչների՝ Աբխազիայի քաղաքական կարգավիճակի մասին արված հայտարարությունները
որակել էր ոչ այլ կերպ, քան «անպատկառություն»: Ժվանիայի այս բանավոր գնահատականին
հաջորդել էր Վրաստանի ԱԳ նախարարության բավականաչափ կոշտ հայտարարությունը, որում,
մասնավորապես, ասված է. «Վրաստանի ԱԳՆ-ն խիստ բողոք է արտահայտում Վրաստանի ինքնիշխանության
դեմ ոտնձգության փաստերի կապակցությամբ եւ Ռուսաստանից կտրականապես պահանջում է կասեցնել
ապակառուցողական գործողությունները Աբխազիայի տարածքում»: Հայտարարության մեջ հատուկ
շեշտված է Պետդումայի պատգամավորների «առանց վրացական այցագրերի ձեւակերպման եւ առանց
Վրաստանի ղեկավարության հետ համաձայնեցման անօրինաբար վրացական պետական սահմանը հատելու»
հանգամանքը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության արձագանքը, որն այս անգամ
եւս դիվանագիտական էթիկետի (ավելի ճիշտ՝ դրա իսպառ բացակայության) առումով բավականաչափ
յուրատիպ է, իրեն երկար սպասեցնել չտվեց: ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը
հայտնել է, թե «Ռուսաստանի արտգործնախարարությունը չի պատրաստվում մեկնաբանել Վրաստանի
ԱԳՆ հայտարարությունը, որն ամբողջությամբ անպատասխանատու բնույթ ունի»: Հենց այդ
պատճառով էլ մենք այն անպատասխան կթողնենք, հավելել է աղբյուրը: Նշենք նաեւ,
որ Բագապշ-Խադջիմբա արհեստածին տանդեմը Աբխազիայի նախագահական ընտրություններում
հաղթել է քվեների անպարկեշտության հասնող բարձր՝ մոտ 90,1 տոկոսով: Ընտրություններից
հետո Բագապշն արդեն իսկ հայտարարություններ է արել Աբխազիայի օրենսդրությունը 100%-ով
ՌԴ օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ Վրաստանի հետ բացառապես հավասարազոր գործընկերոջ
դիրքերից երկխոսելու պատրաստակամության մասին: Կովկասում նորից, ինչպես ասում են,
կենացները քաղցրանում են: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել