2004-ին
ՀՀ իշխանությունների առավել ավտորիտար քայլերից հրաժարվելը «Human rights watch»-ը
համարում է ԵԽ ջանքերի արդյունքը: «Թեեւ միջազգային հանրությունը բարենպաստ
կարծիք ունի Հայաստանի մասին՝ հաշվի առնելով 2004 թվականին իրականացված տնտեսական
բարեփոխումները, իշխանությունները չեն բարելավել մարդու իրավունքների պաշտպանության
վիճակը»: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այսպես է սկսվում միջազգային հեղինակավոր
իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ «Human rights watch»-ի երեկ հրապարակված
եւ Հայաստանին վերաբերող տարեկան զեկույցը: Ըստ այդ զեկույցի, «Հայաստանի
քաղաքական կյանքում գերիշխում էին 2003թ. նախագահական ընտրությունների հետեւանքները:
Ընտրություններ, որոնք ուղեկցվել էին զանգվածային խախտումներով: Ընդդիմությունը լայնածավալ
արշավ էր նախաձեռնել, որի գագաթնակետը դարձավ ապրիլի 12-ի մարդաշատ, խաղաղ ցույցը,
որն իշխանությունները ցրեցին բռնի ուժ կիրառելով»: Ի դեպ, զեկույցում որպես 2004-ի՝
մարդու իրավունքների ամենաաղաղակող խախտում մատնանշվել է հենց այս դեպքը, որի ժամանակ
«անվտանգության ուժերը հավաքվածների նկատմամբ օգտագործեցին ջրցան մեքենաներ, իսկ
այնուհետեւ ծեծեցին ցուցարարներին մահակներով, շոկ առաջացնող էլեկտրադագանակներով
եւ աղմուկ առաջացնող նռնակներ նետեցին նրանց վրա»: Իրավապաշտպան կազմակերպությունը
արձանագրել է, որ «կրկնելով 2003-ի ընտրությունների ռեպրեսիվ մարտավարությունը՝ իշխանությունները
ձերբակալեցին ընդդիմության առաջնորդներին եւ աջակիցներին, բռնությամբ ցրեցին ցույցերը,
ավերեցին կուսակցությունների գրասենյակները, հարձակման ենթարկեցին լրագրողներին եւ
սահմանափակեցին մարդկանց տեղափոխվելու հնարավորությունները, որպեսզի նրանք չմասնակցեն
հանրահավաքների»: Զեկույցում նշված է, որ 2004-ի մարտից-հունիս ամիսների ընթացքում
«ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հարյուր մարդու: Դատավարությունները չեն համապատասխանել
հիմնարար չափանիշներին, ներառյալ՝ փաստաբան ունենալու եւ իր օգտին ապացույցներ ներկայացնելու
իրավունքը: Մարտին իշխանությունները ուժեղացրին ճնշումը քաղաքական ընդդիմության նկատմամբ՝
քրեական գործեր հարուցելով ընդդիմադիր դաշինքի եւ նրա կողմնակիցների դեմ: Դատախազները
ընդդիմության մի քանի առաջնորդների մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային
կոչերի եւ իշխանության ներկայացուցիչներին հրապարակավ վիրավորելու համար եւ մի քանի
ամիս պահեցին մեկուսարանում»: Իրավապաշտպան կազմակերպությունը մատնանշել է
նաեւ, որ «2004թ. մայիսին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց նոր օրենք՝ հանրահավաքների
եւ ցույցերի մասին, որն ընդունել էր ՀՀ խորհրդարանը՝ հակառակ այն բանի, որ ԵԽ-ն եւ
ԵԱՀԿ-ն քննադատել էին օրենքը՝ փաստելով, որ այն չի համապատասխանում Մարդու իրավունքների
եվրոպական չափանիշներին»: Սեփ. լր.