«Մարշալի հիմնադրամի» փորձագետները հանդիպեցին ՀՀ-ի քաղաքական եւ տնտեսական շրջանակների հետ
Գերմանական «Մարշալի հիմնադրամի» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքական փորձագետների պատվիրակությունը երեկ հանդիպեց ինչպես ՀՀ ԱԺ-ում ներկայացված իշխանական կոալիցիայի եւ Հայաստան-ԱՄՆ բարեկամության պատգամավորական խմբի անդամներին, այնպես էլ հասարակական եւ քաղաքական լայն շրջանակների հետ:
Եվ եթե իշխանամետ պատգամավորները այդ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման մակարդակին՝ կարծիք էին հայտնել, թե Հայաստանը մեր տարածաշրջանում ամենաժողովրդավարական երկիրն է, ապա ընդդիմադիր պատգամավորները փաստել էին միանգամայն հակառակի՝ ժողովրդավարական տարրական նորմերի ոտնահարման մասին: Միակ ընդհանրությունը իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորների տեսակետներում, թերեւս, այն էր, որ նրանց տպավորությամբ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքն ընդհանրապես սկսել են ավելի լրջորեն զբաղվել մեր տարածաշրջանով եւ մասնավորապես Հարավային Կովկասի երեք երկրներում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներով:
Ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, որն ընթացել էր ճաշի սեղանի շուրջ, «Մարշալի հիմնադրամի» ներկայացուցիչներին ամենաշատը հետաքրքրել էր երկու հարց: Հանդիպմանը մասնակցած Վիկտոր Դալլաքյանը «Առավոտին» ասաց, որ դա ՀՀ-ում ժողովրդավարության այսօրվա վիճակն էր, ինչպես նաեւ եվրոպական արժեքների, եվրաատլանտյան, արեւմտյան արժեքային համակարգին ինտեգրվելու վերաբերյալ հայաստանյան ընդդիմության դիրքորոշումը:
Ընդդիմության ներկայացուցիչները Հայաստանում ժողովրդավարության մակարդակը գնահատել են որպես՝ «շատ ցածր» եւ դա փաստարկող կոնկրետ օրինակներ են մատնանշել: Մասնավորապես Վ. Դալլաքյանը արձագանքելով իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին վերաբերող հարցադրմանը՝ կարծիք է հայտնել, որ դրա հիմքում ընկած է երկու կարեւոր գործոն: Մեկն այն է, որ 1998-ին եւ 2003-ին նախագահական ընտրությունները կեղծվել են: Այդ իմաստով վկայակոչվել է նաեւ 98-ի ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հայտարարությունը՝ տեղ գտած 100 հազար ձայնի կեղծման, իսկ 2003-ի ընտրությունների առնչությամբ միջազգային կառույցների եզրակացությունը՝ դրանք միջազգային ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանելու մասին: Նշվել է, որ ժամանակին ՀՀ ՍԴ-ն էլ իր որոշմամբ, ըստ էության, կասկածի տակ է դրել այդ ընտրությունները՝ առաջարկելով վստահության հանրաքվե անցկացնել:
Երկրորդ գործոնը, որը դարձել է իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հիմնաքար, «1999-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած քաղաքական ահաբեկչությունն է», եւ այն, որ ընդդիմության գնահատմամբ, չընտրված նախագահը չի նպաստել հանցագործության բացահայտմանը: «Այս երկու գործոնները միշտ պետք է հաշվի առնել ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակը գնահատելու համատեքստում»,- ասվել է հանդիպման ժամանակ: Վ. Դալլաքյանը հավելել է նաեւ, թե ՀՀ-ում ընդդիմությունը գործ ունի «զինված բանդայի պարագլխի հետ»:
Խոսվել է նաեւ 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած բռնությունների մասին: Ընդդիմության ներկայացուցիչներն ընդգծել են, որ այդ օրն ԱԺ տարածքը իշխանության ուժային կառույցների համար բազա է դարձել խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառելու համար, որ այդ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան դիմաց, մինչդեռ դրա հաջորդ օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը այդ բռնարարքն իրագործող նախագահի հետ գնացել է սրճարան՝ ջազ լսելու, ինչը ընդդիմությունն անընդունելի է համարում: Նշվել է նաեւ «Ա1+»-ի փակման, ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները ասպատակության ենթարկելու եւ այլնի մասին:
«Մարշալի հիմնադրամի» ներկայացուցիչներին հետաքրքրել է նաեւ, թե ընդդիմությունն արժեքային ինչ համակարգի է դավանում: Ամերիկյան փորձագետներից մեկն անգամ հարցրել է՝ ընդդիմությունը Ռուսաստանի եւ Իրանի՞ հետ է, թե՞ Արեւմուտքի: Պատասխանը միանշանակ է եղել՝ «իսկ ժողովրդավարությանն այլընտրանք հանդիսացող այլ արժեքային համակարգ կա՞: Իհարկե, չկա, ուստիեւ՝ հարցադրումն արհեստական է»: Ինչ վերաբերում է կոնկրետ Իրանի հետ փոխհարաբերություններին, ապա, ընդդիմության գնահատմամբ, այդ երկիրը ՀՀ հարեւանն է, իսկ հարեւանների հետ բնականոն հարաբերություններ պետք է ունենալ, իսկ ռուսական գործոնին մեծ տեղ տալը բացատրվել է Ցեղասպանությունը չճանաչող Թուրքիայի կողմից վտանգի զգացումով: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է կարծիք հայտնել, որ իր կուսակցությունը կողմնակից է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Նրա գործընկերներից որեւէ մեկը այս դիրքորոշմանը չի առարկել:
Երեկ ավելի ուշ «Մարշալի հիմնադրամի» ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանի, իրավապաշտպանների հետ:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ