ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ, ԿԱՐԾԵՍ, ՊԱՐԶՎԵՑԻՆ Հունվարի 15-ին Մոսկվայում մեկնարկում է ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» խաղարկությունը՝ ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների մասնակցությամբ: Մեկնարկից մի քանի օր առաջ տեղի ունեցավ մրցաշարի անցկացման աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցում էր նաեւ ՀՖՖ ներկայացուցիչը: Կայացվեցին հետեւյալ որոշումները: Ռուսաստանի եւ Ուկրաինայի չեմպիոններ Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու Կիեւի «Դինամոն» պայքարի մեջ կներգրավվեն եզրափակիչից: Մնացած 13 թիմերը կբաժանվեն չորս խմբերի, որոնցից մեկում՝ «A» խմբում, կլինի չորս թիմ: Հաջորդ փուլ անցնելու են միայն խմբերում հաղթողները: Եվ քանի որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականը հանդես է գալու մրցակցությունից դուրս, ուրեմն ապահովվում է պայքարի արդարությունը: Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկն» ընդգրկվել է «C» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռիգայի «Սկոնտոն», Թուրսունզադեի «Ռեգար Տադազը»: Խմբային մրցումները նախատեսված են հունվարի 15-ին, 16-ին, 18-ին, 1/4 եզրափակիչը՝ 19-ին, կիսաեզրափակիչը՝ 21-ին, եզրափակիչը՝ 23-ին: Երեկ Ռուսաստանի ինտերնետային լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոն» վերջին պահին հրաժարվել է «Համագործակցության գավաթի» խաղարկությանը մասնակցելուց՝ ավելի նպատակահարմար գտնելով հանդես գալ Իսպանիայի Մարբել քաղաքում անցկացվելիք միջազգային մրցաշարում: «Դինամոյին» Մոսկվայում փոխարինելու է Վրաստանի առաջնության երրորդ մրցանակակիր Թբիլիսիի նույնանուն ակումբը: Այսպիսով, ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների մրցաշարում խմբերն այսպիսի տեսք ունեն. «A» խումբ. «Դինամո» (Մինսկ), «Կայրաթ» (Ալմա Աթա), «Լեվադիա» (Տալլին), Ռուսաստանի երիտասարդական հավաքական: «B» խումբ. «Թբիլիսի» (Թբիլիսի), «Պախտակոր» (Տաշքենդ), «Կաունաս» (Կաունաս): «C» խումբ. «Սկոնտո» (Ռիգա), «Ռեգար Տադազ» (Թուրսունզադե), «Փյունիկ» (Երեւան): «D» խումբ. «Շերիֆ» (Տիրասպոլ), «Նեբիտչի» (Բալկանաբադ), «Նեֆտչի» (Բաքու): ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ