Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԱԶՈՒՄՍ ՏԵՍԱ»

Հունվար 13,2005 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԱԶՈՒՄՍ ՏԵՍԱ» Այդպես է բացատրում մեր երկիր գալու պատճառը բրիտանացի ճանաչված դիրիժոր Փոլ Մաքալինդինը Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», դիրիժորը առաջին անգամ է ժամանում նախկին Խորհրդային միության տարածք եւ «Ա. Խաչատրյան» համերգասրահում հունվարի 14-ին կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարվա առաջին համերգը: Հանդիպման սկզբում դիրիժորը հարկ համարեց ընդամենը երկու նախադասությամբ ներկայանալ. «Երեք տարի ուսանել եմ անգլիացի աշխարհահռչակ մաեստրո Էլգար Հովարթի ղեկավարությամբ: Մեծ սիրով ղեկավարում եմ ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ամերիկայի տարբեր նվագախմբեր՝ մասնակցելով միջազգային փառատոների ու համաշխարհային երաժշտության օրերի»: Բուկլետից ծանոթանալով դիրիժորի ստեղծագործական ուղուն, նկատեցինք, որ նրա բեմական կյանքը, մինչ Հայաստան ժամանելը, կապված է եղել բացառապես Եվրոպայի ու Ամերիկայի հետ: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս դիտարկմանը Փ. Մաքալինդինն ասաց. «Այո, նախկին Խորհրդային միության ու Արեւելքի ոչ մի երկրում չեմ եղել: Բնականաբար, դա չի նշանակում, որ հայ, վրացի կամ ճապոնացի ոչ մի կոմպոզիտորի չեմ ճանաչում: Ասեմ, որ Արեւելքի երաժշտական արվեստը միշտ հրապուրել է ինձ: Չայցելելու միակ պատճառը իմպրեսարիոյի կամ մենեջերի բացակայությունն էր իմ կողքին: Որովհետեւ նրանք առաջին հերթին մտածում են իրենց շահի մասին, ինչը անտեսել չեմ կարողացել: Իսկ Հայաստանը տեսա երազումս»: Ֆիլհարմոնիկի հետ առաջին փորձի ժամանակ դիրիժորին դուր է եկել հայկական ասացվածքներից մեկը՝ «Ամեն մարդ առաջինը պիտի իր ծառը ջրի»: Ու թեեւ դիրիժորը չհիշեց նման բովանդակության անգլիական ասացվածք, բայց «ծառը ջրելու» մասին միտքը հոգեհարազատ համարեց Մարգարետ Թետչերին. «Տիկին Թետչերի վարած քաղաքականության արդյունքում, կարող եմ ասել, որ փոխվեց նաեւ անգլիացիների մտածողությունը: Այստեղ ոչ թե կարեւոր է՝ դեպի լավը կամ վատը, այլ այն, որ անգլիացին իր ականջին օղ արեց, որ պետք է հույսը իր վրա դնի: Ես էլ բացառություն չեմ ու՝ նման հայերիդ. աշխատում եմ առանց իմպրեսարիոյի»: Հայաստանը դիրիժորի երազում հայտնվել է 2003-ին եւ միայն 2005-ին է նա իրականացրել այցելությունը՝ զբաղվածության պատճառով: Ինչ վերաբերում է երազին, իր խոսքերով. «Ես միշտ կողմնակից եմ հնի, ավանդականի: Իսկ հին ժամանակներում երազներն ընդունվում էին որպես աստվածային հայտնություն, մարդիկ հավատում էին, որ բարի ու չար ոգիները կարող են բնակվել քնածի մարմնում եւ երազների միջոցով նրան զանազան տեղեկություններ հայտնել, ուղղորդել դեպի այս կամ այն արարքը, նախագուշակել իրադարձությունները: Հայաստանը առաջին երկիրն է, որ տեսել եմ երազում»: Դարձյալ բուկլետից տեղեկացանք, որ երկար ժամանակահատված Փ. Մաքալինդինը իրեն նվիրել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Սըր Փիթըր Մաքսուել Դեւիսի ստեղծագործությունները պրոպագանդելուն: Ի դեպ, կոմպոզիտորը, ըստ միջազգային լրատվամիջոցների, սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է: Մեր այս դիտարկմանը դիրիժորը պատասխանեց. «Ես հասկանում եմ Փիթըրի նկատմամբ աշխարհի հետաքրքրասիրությունը, բայց կասեմ հետեւյալը. սիրով եմ աշխատել նրա հետ ու, թույլ տվեք բարձրաձայնել իմ կարծիքը, որ այդ կոմպոզիտորը հատկապես թատերական ներկայացումների համար գրած իր ստեղծագործություններով արժանի է դասվելու մեծերի շարքին»: Կարճատեւ հարցազրույցի ավարտին դիրիժորը իր գոհունակությունը հայտնեց ոչ միայն ֆիլհարմոնիկի արտիստներին, այլեւ այն հատուկենտ հայերին, որոնց հետ հասցրել է շփվել. «Թեեւ վաղ է ասելը, բայց արդեն կասկած չունեմ՝ կապված ունկնդրի ընդունելության հետ»: Ներկայումս Մաքալինդինը Գերմանիայում աշխատում է «Orchidee» անսամբլի եւ Քյոլնի կամերային երգչախմբի հետ, ինչպես նաեւ Դյուսելդորֆի Orchestrerakademie NRW-ի հետ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել