Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի

Հունվար 13,2005 00:00

«Պուտինի ռեժիմը վտանգավոր է» Այդպիսի եզրահանգում է արել The Weekly Standard ամերիկյան պարբերականը՝ կանխատեսելով, որ «շատ շուտով նրա ռեժիմին վերջ կդրվի»: Հունվարի 11-ին The Weekly Standard ամերիկյան պարբերականը գնահատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-ամյա իշխանավարության արդյունքը՝ նկատել է, թե քիչ նախագահների է «հաջողվել» նախագահության առաջին ժամկետը ավարտելուց հետո երկրորդ ժամկետը տապալել այնպես, ինչպես դա արեց Վլ. Պուտինը՝ 2004-ին վերստին ընտրվելով այդ պաշտոնում: Թերթի մեկնաբան Անդերս Ասլունդի կարծիքով, նախագահության առաջին ժամկետի ընթացքում Պուտինին մշտապես ուղեկցել է հաջողությունը: «Բայց անցյալ տարի իրավիճակն արմատապես փոխվեց: Պուտինը սկսեց կորցնել իր դիրքերը, ինչի արդյունքում երեք խորհրդանշական իրադարձություններ տեղի ունեցան»,- գրում է պարբերականը՝ մատնանշելով «ՅՈՒԿՕՍ»-ի նավթային ընկերության կոնֆեսկացիան, Բեսլանում սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին համարժեք պատասխան տալու պետության անկարողությունը եւ Ուկրաինայի նախագահական ընտրություններին Պուտինի ակնհայտ միջամտությունը: The Weekly Standard-ի մեկնաբանի դիտարկմամբ, «իշխանության բոլոր այն աղբյուրները, որոնք կարող էին ինչ-որ կերպ Պուտինին հակակշիռ հանդիսանալ, կամ ոչնչացվեցին, կամ՝ էապես թուլացվեցին, եւ հանկարծ պարզվեց, որ Պուտինը երկիրը կառավարում է գործնականում միահեծան կերպով՝ ՊԱԿ-ի սպաների նեղ շրջանակի հետ միասին: Հիմա նայելով արդեն տեղի ունեցած իրադարձություններին՝ յուրաքանչյուրը կարող է տեսնել, որ իշխանության կենտրոնացումը Պուտինի ձեռքում կատարվել է մեթոդաբար եւ նպատակաուղղված»: Պարբերականը նկատել է, որ Պուտինի թույլ կողմերից ամենաակնառուն երկրի վրա միահեծան իշխանություն ունենալու անհագ ձգտումն է. «Նա նույնիսկ փոխեց երբեւէ իր կողքին եղած ամենաուժեղ դերակատարներին՝ վարչապետին եւ նախագահի աշխատակազմի ղեկավարին, որոնք կարող էին ինքնուրույն որոշումներ կայացնել»: Մանրամասնորեն վերլուծելով վերոհիշյալ երեք իրադարձությունների պատճառահետեւանքային կապը՝ մեկնաբանը Պուտինի անհաջողության վերջնակետը համարում է Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունները, որոնց արդյունքում հաղթեց ոչ թե ՌԴ եւ անձամբ Պուտինի աջակցությունը վայելող Յանուկովիչը, այլ՝ Յուշչենկոն: «Պուտինի ռեժիմը հենված է շատ սահմանափակ բազայի վրա եւ չափազանց անարդյունավետ է իշխանության ղեկին երկար մնալու համար, թեեւ դժվար է կանխատեսել՝ որքան արագ այն կտապալվի, բայց, ամենայն հավանականությամբ, շատ ավելի շուտ, քան որեւէ մեկը կարող է կանխատեսել»,- եզրակացնում է մեկնաբանը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել