Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի

Հունվար 13,2005 00:00

Գյումրիի ավտոբուսային պարկը «չփոշիացավ» Չնայած որոշ կառույցներ «սրտատրոփ» սպասում էին դրան Նոր տարվա առաջին իսկ օրվանից՝ 11 օր շարունակ դադարեցվել էր Գյումրիի «Ուղեւորատար ավտոբուսատրանսպորտային» ՓԲԸ-ի գործունեությունը, որը սկսել էր անհանգստացնել ինչպես ավտոբուսի վարորդներին, այնպես էլ Գյումրի ու հարեւան համայնքների բնակիչներին: Պատճառն այն էր, որ 6 ամիս առաջ սնանկ ճանաչված հիշյալ ձեռնարկության գործունեության շուրջ պարտատերերը համաձայնության չէին գալիս` շարունակ հետաձգելով իրենց ժողովը: Երեքշաբթի օրը տնտեսական դատարանում վերջնականապես որոշվեց նախքան աճուրդ-վաճառքը ավտոբուսային պարկին հնարավորություն տալ մինչեւ այս տարվա հունիսի 30-ը շարունակել իր գործունեությունը: Ի դեպ, սնանկ ճանաչված ձեռնարկությունը վերսկսած գործունեության ընթացքում շահույթով էր աշխատել՝ ոչ միայն ճիշտ ժամանակին վճարելով աշխատավարձերը, այլեւ մասնակի փակելով նախկին պարտքերը: Պարտատերերի ժողովն անցավ բավականին լարված: Թեեւ վարորդներին թույլ չէր տրվել մասնակցելու, այնուամենայնիվ, նրանք մի մարդու պես ներկայացել էին: Ամբողջ ընթացքում միջանցքում կանգնած նրանք քննադատում ու անիծում էին նախկին տնօրենին, ով, նրանց ներկայացնելով, «հիմնարկը թալանեց ու վաճառեց, մեզ էլ այս օրը գցեց»: Անգամ վարորդների ու նախկին տնօրենի միջեւ ծագած լեզվակռիվը վերածվեց քաշքշուկի: Չնայած տվյալ պահին վարորդներին հուզողը ոչ այնքան նախկին տնօրենն էր, որքան քաղաքապետարանի «գայլային ախորժակը»: Բանն այն էր, որ պարկի ներկայիս տնօրեն Սպարտակ Սահակյանից բացի, հիմնարկության աճուրդ-վաճառքին մասնակցելու ցանկություն հայտնել էր նաեւ Գյումրիի քաղաքապետարանը: Իսկ վարորդները վստահ էին, որ հիշյալ կառույցի ենթակայության տակ անցնելու դեպքում իրենք կդառնան գործազուրկներ: Վարորդների՝ միջանցքներում հավաքվելն ու ժողովի արդյունքներին սպասելն էլ իր հերթին զայրացրել էր կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանին: Նրա ասելով, պարկի տնօրենը իրեն չպիտի թույլ տար աշխատողներին այստեղ բերել ու տպավորություն ստեղծել, թե քաղաքապետարանը դեմ է ավտոբուսային պարկի աշխատելուն: Ըստ Գագիկ Մանուկյանի, ընդհակառակը, իրենց կառույցը անչափ մտահոգված է պարկի ճակատագրով, այդ իսկ պատճառով մասնակցել է աճուրդ-վաճառքին: Ինչպես ցույց տվեց ժողովի ընթացքը, քաղաքապետարանը իրոք դեմ էր ավտոբուսային պարկի հետագա գործունեությանը: Նրանց ասելով, երկարացված մի քանի ամիսը պարկի կյանքում ոչինչ չի փոխի: Ավելին, շուտով կսկսվեն մրցույթները ու պարկը դուրս կմնա, քանի որ լուծարման գործընթացում գտնվող հիմնարկը չի կարող մասնակցել. այն այլեւս իրավաբանական անձ չէ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաեւ հայտարարեցին, որ այս տարվա հունվարի մեկից իրենք ավտոբուսային պարկի հետ շահագործման պայմանագրեր չեն կնքել, քանի որ այնտեղ ձեռնարկություն «չեն տեսնում»: Նրանք մի քանի անգամ կրկնեցին, որ քաղաքապետարանը պատրաստ է ուղղակի վաճառքի կամ աճուրդ-վաճառքի միջոցով պարկը գնել` երեք օրվա ընթացքում էլ պարտքերը մարել: Չնայած գայթակղիչ այս խոստմանը`պարտատերերը ամենեւին էլ չոգեւորվեցին՝ .83 տոկոսից ավելին կողմ քվեարկեց սնանկ ճանաչված ձեռնարկության սեփական ուժերով գործունեությանը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել