Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ

Հունվար 13,2005 00:00

ԱՌԱՅԺՄ ԹԵՐԱՀԱՎԱՏ ԵՆ ԵՎ ՀՈՌԵՏԵՍ Նախորդ օրը Հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպման արդյունքում հանրապետության նախագահի տրված հանձնարարականները հոռետեսական տրամադրություններ են առաջացրել ձեռներեցների մեջ: Հատկապես անհանգստացած են փոքր, միջին եւ «տանիք» չունեցող ձեռնարկատերերը: Թվում էր հակառակը պետք է լիներ: Նախագահը հարկահաններին կոչ է արել տնտեսության ստվերային հատվածի դեմ պայքար նախաձեռնել (ընդհանրապես այս տարի նախագահ Քոչարյանը բոլոր գերատեսչությունների առջեւ է այդ խնդիրը դրել), ընդ որում՝ այդ պայքարն սկսել հենց իրենց բարեկամներից: Մինչդեռ տարիների փորձն աչքի առաջ ունենալով՝ այս տնտեսվարողները կարծում են, որ հենց իրենք են նոր ստուգումների թիրախում հայտնվելու: Նրանցից շատերն արդեն կանխատեսում են, որ հարկային բեռը կավելանա շուրջ 40 տոկոսով: Այնինչ, այս պահին մեր տեղեկություններով, հարկային դրույքաչափերի փոփոխություն նախատեսված չէ: Ըստ երեւույթին, ձեռներեցներին շփոթության մեջ է գցել «40 տոկոս» ցուցանիշը, որն իրականում վերաբերում է պետբյուջեում սոցիալական ոլորտի ծախսերին: Հարկային ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է խնդիրը լուծել վարչարարության կատարելագործման միջոցով: Իսկ հարկային վարչարարությունը կատարելագործելու խոստումներ եւ փորձեր արվում են դեռեւս 90-ական թվականներից, բայց այդպես էլ հարկահավաքության ոլորտում չի վերանում ոչ հովանավորչությունը, ոչ «կանխավճարային համակարգը», ոչ էլ հարկային տեսուչներին ստուգումից-ստուգում կամ եռամսյակից-եռամսյակ տրվող «հատուկ հարկը»: Ի դեպ, որոշ տնտեսվարողների կանխատեսմամբ էլ՝ պարզապես կմեծանա այս «հարկատեսակը» եւ այս նախաձեռնությամբ ստվերային տնտեսության տեսակարար կշռի փոփոխություն առանձնապես տեղի չի ունենա: Առավել ուշագրավ է նախագահի հետեւյալ հանձնարարականը. պաշտոնական հաղորդագրության համաձայն. «հանրապետության նախագահն ուշադրություն է հրավիրել նաեւ զանգվածային սպառման տարբեր ապրանքատեսակների շուկայում տիրող ստվերին, ընդգծելով, որ հարկային ծառայությունը պետք է ոլորտ առ ոլորտ լրջորեն ուսումնասիրի եւ ստվերի ծավալի մասին հստակ պատկերացում ունենա»: Իրականում՝ զանգվածային սպառման ապրանքատեսակների շուկայում տիրող ստվերի վրա ընդամենը ուշադրություն հրավիրելը նշանակում է առնվազն մի քանի տարի էլ այդ բնագավառում «ապահովել» բարձիթողի վիճակ: Իսկ թեկուզ հենց ստվերի տեսակետից առավել խայտառակ պատկեր, քան զանգվածային սպառման ապրանքատեսակների շուկայում է, դժվար է գտնել: Ընդամենն ընդգծենք, որ, օրինակ, հայտնի որոշ ֆիրմաների պատկանող հիգիենիկ խնամքի մի շարք պարագաներ (շամպուն, օճառ, ատամի մածուկ եւ այլն)՝ «արտադրվում» են (կեղծվում, լցվում են) Հայաստանում: Իսկ առեւտրի կետերում վաճառողները հաճախորդներին հարցնում են՝ «իսկակա՞նն եք ուզում, թե՞ մյուսը»: Նույնիսկ արդեն հստակորեն կետեր են գործում, որոնք ընդունում-հավաքում են դատարկ շամպունների տարաներ: Հաշվի առնելով կադրային պատկերն ու նրանց կուտակած հմտությունները, միամիտ է կարծել, որ հարկահավաքները սրանից տեղյակ չեն, եւ որ այդ համատարած երեւույթը կվերացվի: Դեռ մի կողմ թողնելով մարդու առողջության վրա այդ «արտադրատեսակների» հետեւանքները, նկատենք, որ, մեղմ ասած, դրանք ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում են «ծնվում», ինչը պետք է ոչ թե ուսումնասիրել, այլ պատժել: Կամ էլ պետք է ենթադրել՝ պատկան մարմինները սա ստվեր չեն համարում: Մի խոսքով, հարկային եւ մաքսային համակարգերի միջոցով ստվերային տնտեսության դեմ պայքարի այս նախաձեռնության նկատմամբ ձեռներեցներն առայժմ հոռետես են, մասնագետները՝ թերահավատ: ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել