Լրահոս
Օրվա լրահոսը

Յառա՛ջ, դիվանագետներ

Հունվար 13,2005 00:00

Յառա՛ջ, դիվանագետներ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մատուցած երեկվա մամլո ասուլիսի հրավիրման պաշտոնական հիմնավորումը արտաքին գերատեսչության անցած տարվա գործունեության ամփոփումն էր: 23 համակարգչային էջի մեջ զետեղված ամփոփագրի մեջ, անկեղծ ասած, հետաքրքիր եւ, որ կարեւոր է՝ օգտակար բան քիչ կար: Տեսեք: Ինչ կզգա, օրինակ, ՀՀ շարքային քաղաքացին, երբ այսօր հանկարծ մամուլից իմանա, որ «Մեր երկիրը 2005 թվականը դիմավորում է՝ անցնելով ժողովրդավարական բարեփոխումների, քաղաքացիական հասարակության կայացման մի նոր փուլով, պահպանելով վերջին տարիների տնտեսական զարգացման աճի բարձր տեմպերը, առավել ներգրավվելով ինտեգրացման, անվտանգության ապահովման միջազգային ծրագրերում, համաշխարհային արդի գործընթացներում» (մեջբերում փաստաթղթից, խմբ.): Մեծ հավանականությամբ խեղճ ընթերցողը կընկնի դեպրեսիայի մեջ՝ անկարող լինելով մարսել այդչափ մեծ դոզայի անհեթեթությունը: Սակայն շարունակենք. «Հետեւելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի անցած տարիների կուտակած փորձին՝ հայկական դիվանագիտությունը 2004 թվականին հարկադրված եղավ լրացուցիչ ջանքեր գործադրել՝ դիմագրավելու միջազգային տարբեր ատյաններում կարգավորման գործին չնպաստող Ադրբեջանի իշխանությունների ոչ կառուցողական նախաձեռնություններին: Այնուամենայնիվ, տարեվերջին ձեւավորվեց համաձայնեցված հարցերի մի շրջանակ, որը հնարավորություն կտա շարունակել բանակցությունները 2005 թ. ընթացքում»: Միանգամից նշենք, որ իրեն բնորոշ տաղանդի շնորհիվ Վարդան Օսկանյանը հաջողացրեց Ղարաբաղի մասին ուրիշ ոչ մի բան չասել, չնայած հենց նախօրեին հերթական անգամ «Պրագյան գործընթացի շրջանակներում» հանդիպել էր Մամեդյարովի հետ: Թերեւս մի դրվագ. «այսօր բանակցությունների սեղանին են քննարկման ենթակա բոլոր հնարավոր էլեմենտները»: Սակայն շարունակենք ընթերցողին «երջանկացնել» ՀՀ դիվանագիտական այլ ձեռքբերումներով՝ հիշեցնելով, սակայն, որ դրանց համար մեր խմբագրությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Այսպես. «Հայաստանի տնտեսական անվտանգության, տնտեսական առաջընթացի ապահովման ուղղություններով հարցերի առավել ընդգրկուն փաթեթներ են ներառված Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական Միության եւ նրա անդամ երկրների հետ մշտապես տարվող բանակցությունների օրակարգում, ԵՄ-ի տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում: Առանձին հարցեր ընդգրկված են նաեւ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի եւ այլ երկրների հետ տարվող երկխոսությունների շրջանակում: Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության կարեւոր ուղղություններն են նաեւ գործունեությունը ՄԱԿ, ԱՊՀ, ՍԾՏՀ տնտեսական կառույցներում եւ այլ միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ»: Ահա մեկ ուրիշ բախտավորություն. «Հայաստանը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային ատյաններում եւ այսօր արդեն ներկայացված է ՄԱԿ-ի թվով 7 մարմիններում եւ գործակալություններում՝ ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհուրդ, Մարդու իրավունքների հանձնաժողով, Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողով, Բնակչության եւ զարգացման հանձնաժողով, Ծրագրավորման եւ համակարգման կոմիտե, Համաշխարհային փոստային միության վարչական խորհուրդ, FAO-ի գործադիր խորհուրդ»: Առաջնորդվելով հանրապետությունում կայունությունը պահպանելու սուրբ մտահոգությամբ՝ կարծում ենք, այսքանը միանգամայն բավական է: Թերեւս ավելացնենք միայն, որ, ըստ Օսկանյանի, Հայաստանն ուժերի ներածին չափով օգնելու է ցունամիից տուժած երկրներին, իսկ ՀՀ ԱԳՆ-ում առաջիկայում սպասվում են կադրային տեղաշարժեր: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել