ՀԵՐԹԱԿԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ՞, ԹԵ՞… Չնայած այս կասկածին՝ ընդդիմադիր «Արմատ» կենտրոնի անդամ, տնտեսագետ Էդվարդ Աղաջանովը կարեւորում է Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները: Տարեսկզբից մաքսային եւ հարկային մարմինների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նպատակ հռչակեց ստվերային տնտեսության դեմ պայքարի կազմակերպումը ու վարչարարության կատարելագործումը, նաեւ կարեւորեց տնտեսվարող սուբյեկտների հանդեպ հավասար եւ արդարացի մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: Մեր հարցին, թե որքանո՞վ են իրագործելի այս նպատակները ներկա իշխանական համակարգի պայմաններում՝ Էդվարդ Աղաջանովը պատասխանեց. «Հարկային քաղաքականությունը մենք տեսնում ենք բացառապես հարկ հավաքելու մեջ, իսկ մաքսային քաղաքականությունը՝ միայն մաքսատուրք հավաքելու: Մինչդեռ վարչարարությունից ոչ պակաս կարեւոր է, իմ կարծիքով, խթանիչ եւ կարգավորիչ գործառույթը: Նախագահի կարեւորած վարչարարության միջոցով, իհարկե, կարելի է ստեղծել որոշակի հավասար պայմաններ տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար, որ բավական լուրջ ու կարեւոր խնդիր է: Ցավոք, Հայաստանում ձեւավորված կլանային տնտեսության պայմաններում այդ պայքարը լինելու է բավական դժվար: Կլանների ներկայացուցիչները հիմնականում խուսափում են հարկեր վճարելուց: Եվ վախենում եմ, որ այդ պայքարը հիմնականում ուղղվելու է «անտեր» տնտեսվարող սուբյեկտների դեմ»: Հիշեցրինք, սակայն, որ Ռոբերտ Քոչարյանը գործարարների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ վստահեցրեց, թե սկսելու են «առաջին հերթին հենց այն մարդկանցից, ովքեր հանրության աչքի առջեւ են»: Մեր հարցին, թե արդյոք համոզի՞չ է այս հավաստիացումը՝ պրն Աղաջանովը պատասխանեց. «Եթե այդպիսի բան լինի՝ կարելի է միայն ողջունել: Բայց մեջբերեմ մի քանի թվեր, որոնք երեւի ավելի հստակ ցուցադրեն, թե ինչպես է բարդացել այս խնդիրը Հայաստանում: Հարկային ծառայության գործունեության վերաբերյալ ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն՝ 2002-ին մեր երկրում հավաքագրված հարկերի 36,6 տոկոսը կազմել են գերավճարները: Իսկ 2003-ի 1-ին կիսամյակում այդ գերավճարներն արդեն կազմել են 70 տոկոս: Սա նշանակում է, որ մի խումբ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք «տանիք» չունեն, մոտ չեն իշխանությանը՝ կրկնակի են հարկվում, իսկ մեկ այլ խումբ չի հարկվում ընդհանրապե՛ս: Այսինքն` այս խնդիրն այնքան է լրջացել, որ, այո՛, պետք է լուծվի»: Համանման մի փաստարկ էլ իր վերջին հանդիպման ընթացքում նշեց Ռոբերտ Քոչարյանը, թե նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռնարկություններ կան՝ տարիներով չեն ստուգվում, եւ կան այնպիսիք, որ տարին մի քանի անգամ են ստուգվում: Այս փաստը հայտնի էր անգամ շարքային քաղաքացիներին: Նաեւ հանրահայտ է, թե ինչու են հարկային մարմիններն այդպես գործում, ինչու են հարկային տեսուչները մատների արանքով նայում մի տնտեսվարողի գործունեությանը, եւ հակառակը՝ «քրքրում» մյուսին: Մի՞թե այս ամենի մասին միայն նոր տեղեկացավ երկրի բարձրագույն իշխանավորը: Ուրեմն, արդյոք այս հայտարարություններում չկա՞ն պոպուլիզմի տարրեր: «Ես կասեի, որ ոչ թե պոպուլիզմի տարրեր են, այլ երեւի արդեն իշխանությունն ինքն էլ է զգում այս ամենի վտանգը,- ի պատասխան ասաց տնտեսագետը:- Բանն այն է, որ եթե անգամ ամենապարզագույն ձեւերով հաշվենք ստվերային տնտեսության ծավալը՝ այն 50 տոկոսից պակաս չի կազմի: Սա առաջին հերթին վտանգում է պետականությունը, այսինքն՝ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական վտանգ է պետության համար: Այդ իսկ պատճառով, իմ կարծիքով, արդեն նախագահի մակարդակով է ազդարարվում այս ամենի մասին: Եվ կասեի, որ անգամ ուշացումով է արծարծվում այս խնդիրը»: Նկատեցինք, որ ինքն էլ բավական դրական շեշտադրումներով խոսեց Քոչարյանի հայտարարությունների մասին: Դրանք գրեթե ողջունել էր նաեւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, ըստ որի՝ իշխանություններն այսօր իրենց առջեւ դնում են նույն խնդիրները, ինչ ընդդիմությունը, եւ «եթե իշխանություններն իսկապես գնան հայտարարված ճանապարհով, եւ ժողովուրդը սկսի բարգավաճել, ապա ընդդիմության ոտքի տակ հող չի մնա արմատական ընդդիմադիր գործունեության համար»։ «Արդարության» անդամը նաեւ խոստացել էր, որ եթե զարգացումները գնան այս տարբերակով, «ապա ընդդիմության 60-70 տոկոսը այլեւս կլինի պետության հետ»: «Արմատ» կենտրոնի անդամը մեր հարցին, թե արդյոք ընդդիմությանն իրոք սպառնո՞ւմ է այս առնչությամբ «ոտքի տակի հողը» կորցնելու հեռանկարը՝ պատասխանեց. «Զարմանալի է՝ ընդդիմությունը մի՞թե ունի պայքարի միայն այդ «հողը»: Եթե միայն այդ «հողի» վրա են կանգնած՝ այն բավական խախուտ է: Իմ կարծիքով, ընդդիմությունն իշխանությունների դեմ պայքարի շատ ավելի մեծ դաշտ ունի»: Ամփոփելով ասելիքը՝ Էդվարդ Աղաջանովն ասաց, որ այս հայտարարությունները գուցե թե լինեն «հերթական իմիտացիա, ինչը մենք անում ենք, ասենք, կոռուպցիայի դեմ պայքարի մասով: Ժամանակը ցույց կտա: Պիտի տեսնենք, թե առաջին եռամսյակում ինչպիսին կլինեն հարկային ու մաքսային մուտքերը, արդյոք բոլոր մեծահարուստները, կլանների ներկայացուցիչները կբերվե՞ն հարկման դաշտ եւ մյուս տնտեսվարողների համար կստեղծվե՞ն հավասար պայմաններ, որ իրոք լինի մրցակցություն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ