Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարչուհու երազանքը

Հունվար 13,2005 00:00

Նկարչուհի
Սվետա Մանդալյանն տասնամյա որդու հետ ապրում է սեւացած պատերով մի սենյակում, արեշյան
հին տան իր փոքրիկ անկյունում: Սվետայի նկարների թեման հիմնականում աստվածաշնչյան
է: Նրա 40 հանելուկային գեղանկարները ուշադիր դիտողը միայն գույների անսպասելի, հստակ
անցումների խորքում կնկատի ձուկը՝ քրիստոնեության խորհրդանիշներից մեկը: Այս էքսպոզիցիան
քանիցս ցուցադրվել է Ժամանակակից արվեստի թանգարանում, նաեւ Մայր աթոռի արվեստի սրահում,
դրանց մի մասը գնվել է: «Ես չգիտեմ ինչպես է ծնվում տվյալ թեման կամ նկարը: Նկարելու
պահին տիեզերական էներգետիկայի կրողն եմ ինձ զգում, եւ նկարում եմ, քանի նկարելու
նյութ կա, իսկ թեման հոսում է թղթին կամ կտավին՝ ինքն իրեն, առանց մեծ ջանքերի»,-
ասում է Ս. Մանդալյանը: Սվետային թատրոնին եւ նկարչությանը մոտ կանգնած մարդկանցից
շատերը գիտեն: Ավարտել է Սունդուկյանի թատրոնին կից դերասանական ստուդիան (Խորեն
Աբրահամյանի ստուդիան՝ ինչպես ինքն է ասում), ապա մանկավարժական ինստիտուտում՝ Ալբերտ
Մկրտչյանի կուրսը (ռեժիսուրա), որտեղ 2 դիպլոմային աշխատանք է ունեցել: Բանաստեղծություններ
էլ է գրում, որոնք տպագրվել են գրական մամուլում: «Խորեն Աբրահամյանի ստուդիայում
ես ըմբռնեցի, որ շատ լուրջ գործ է դերասանությունը, բեմը, թատրոնը, որին պետք է ամբողջապես
տրվել: Իսկ Ալբերտ Մկրտչյանն ինձ ռեժիսոր դարձրեց այդ բառի ողջ իմաստով՝ ես իսկապես
տեսնում էի բեմը, այնտեղ կատարվելիքն ու ներկայացվելիքը, կյանքի մի կտորն իր ամբողջության
մեջ»,- ասում է Սվետան: Ժամանակին ընկերներից մեկը ներկեր ու վրձիններ է նվիրել.
«Տունս լցվեց նկարչական պարագաներով, ես լրջորեն սկսեցի նկարել ու ցուցադրվել Նկարիչների
միության տարբեր ցուցահանդեսներում»: Ներկայումս Սվետան Նկարիչների միության
անդամ է: Կատալոգներում հայտնվել է 2 աշխատանք, տպվել է, 3-րդը տպագրության է պատրաստվում:
«Նկարչությունն ինձ նյութապես ոչինչ չի տվել, բայց նկարելիս իմ ներքին աշխարհը հոգեւոր
հավասարակշռության մեջ է ընկնում»: Այժմ նկարչուհին երկու երազանք ունի. «տղայիս
ուժեղ, առողջ, պիտանի մարդ մեծացնեմ եւ մի արվեստանոց ունենամ՝ մեջը լիքը կտավներ»:
Վերջերս տունը տաքացնելու համար փայտ կոտրելիս Սվետան կացնով կտրել է երկու
մատները. ցուցամատը բժիշկները վերականգնել են, իսկ միջնամատի բարդ վիրահատությունների
համար շատ դրամ էր հարկավոր: Սակայն Սվետան ինքն իրեն մխիթարում է. «Նկարիչ տղերքն
ասում են, թե իրենց մեջ մարդ չկա, որ մատը կտրած չլինի. շրջանակ առնելու փող չունեն՝
ստիպված ինքնուրույն են սարքում եւ մատները գցում սղոցի տակ»: ՄԱՐԻԵՏԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել