Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Հունվար 13,2005 00:00

Ներառական կրթությունը կզարգանա այն ժամանակ, երբ հասարակությունը հասկանա՝ «նորմալն» ու «աննորմալը» խիստ հարաբերական են:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ամբողջական ինֆորմացիա չունի հատուկ կրթության կարիք ունեցող անձանց մասին, քանի որ ծնողներից շատ-շատերը պարզապես թաքցնում են իրենց հաշմանդամ երեխաներին: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, կրթությունից դուրս մնացած երեխաների մասին մարզերում անգամ չեն էլ հիշում կամ էլ ճիշտ թիվ չեն ներկայացնում: Սոցապ նախարարության տվյալներով, Հայաստանում 110 հազար հաշմանդամ է գրանցված, որոնցից 10 հազարը՝ երեխաներ, բայց թե նրանցից քանիսն են սովորում՝ հայտնի չէ: Որոշ հաշվարկներով՝ միայն 3-4 հազարը:

«Որ հատուկ կրթությունը հանրակրթության մի մասն է՝ ուշ հասկացանք, մինչեւ որ 1999-ին կրթության մասին օրենքի մեջ նշվեց այդ մասին,- ասում է ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը,- դեռեւս 99-ին ունեինք 48 հատուկ դպրոց՝ գիշերօթիկի կարգավիճակով, եւ այդ ժամանակ դասակարգումը ոչ թե կրթական էր, այլ առողջապահական: Իսկ այդ դպրոցները վերածվել էին սոցիալական հաստատությունների: Որովհետեւ խորհրդային շրջանում մի մեծ խմբի համար ասվում էր՝ «ուսուցման ենթակա չէ»: Չկային ուսումնական համապատասխան ծրագրեր, չկար կարիքի գնահատում»:

Ուսուցման հատուկ կարիք ունեցող երեխաների մի ստվար խումբ կա, որ իրեն չի կարող լավ զգալ հանրակրթական դպրոցում: Երեխան ծնողի ցանկությամբ մտնում է դպրոց, բայց չի կարողանում սովորել: Մյուս կողմից էլ հատուկ դպրոցները հատուկ կրթություն ապահովելու համար բավարար պայմաններ չունեն: Ըստ մասնագետների, նախ պետք է մարդու իրավունքների հանդեպ կարծրատիպը փոխվի, ինչպես նաեւ վերաբերմունքը՝ հաշմանդամների եւ հատուկ կարիք ունեցող անձանց հանդեպ: Հատկապես ավագ սերնդի դաստիարակներն ու ուսուցիչները պետք է մոռանան նախկին մեթոդները:

Թիվ 59 դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը զարմացած է, թե ինչպես կարողացավ իր կոլեկտիվն այդքան արագ հետեւել աստվածաշնչյան պատվիրանին, երբ դպրոցում պետք է ներառական կրթություն ներդրվեր. «Արա այն, ինչ կուզես, որ քեզ անեն»: Ս. Ադամյանը վստահեցնում է, որ իր դպրոցում ուսուցիչները հատուկ կրթության հետ կապված ամեն ինչ անում են մեծ սիրով: Ի դեպ, այդ «ծառայությունների համար» ներառական կրթությունն իրականացնող ուսուցիչները հավելյալ ստանում են ընդամենը 6000 դրամ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե հարցերին որ կողմից եւ ինչ հայացքով ես նայում»,- ասում է տնօրենը:

Իբրեւ այս մտքի պատկերավոր ապացույց, մեջբերենք մի պատմություն՝ մանկապարտեզներում իրականացվող ներառական կրթության անցուդարձից: Միասին խաղում են երեխաներ, որոնցից մեկի ոտքի մատները 6-ն են: Նրանց գլխավերեւում ծնողները քչփչում են՝ խղճալով «հաշմանդամ» երեխային եւ փորձելով թույլ չտալ, որ իրենց երեխան տեսնի դիմացինի «թերությունը»: Միեւնույն ժամանակ «նորմալ», 5 մատանի երեխաներն իրար մեջ իրենց թաքուն նախանձն են հայտնում՝ երազելով ունենալ ավելի շատ մատներ, ինչպես իրենց մի ընկերը:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել