Նախորդ օրը Հարկային պետական ծառայության
ղեկավար կազմի հետ հանդիպման արդյունքում հանրապետության նախագահի տրված հանձնարարականները
հոռետեսական տրամադրություններ են առաջացրել ձեռներեցների մեջ: Հատկապես անհանգստացած
են փոքր, միջին եւ «տանիք» չունեցող ձեռնարկատերերը: Թվում էր հակառակը պետք է լիներ:
Նախագահը հարկահաններին կոչ է արել տնտեսության ստվերային հատվածի դեմ պայքար նախաձեռնել
(ընդհանրապես այս տարի նախագահ Քոչարյանը բոլոր գերատեսչությունների առջեւ է այդ
խնդիրը դրել), ընդ որում՝ այդ պայքարն սկսել հենց իրենց բարեկամներից: Մինչդեռ տարիների
փորձն աչքի առաջ ունենալով՝ այս տնտեսվարողները կարծում են, որ հենց իրենք են նոր
ստուգումների թիրախում հայտնվելու: Նրանցից շատերն արդեն կանխատեսում են, որ հարկային
բեռը կավելանա շուրջ 40 տոկոսով: Այնինչ, այս պահին մեր տեղեկություններով, հարկային
դրույքաչափերի փոփոխություն նախատեսված չէ: Ըստ երեւույթին, ձեռներեցներին շփոթության
մեջ է գցել «40 տոկոս» ցուցանիշը, որն իրականում վերաբերում է պետբյուջեում սոցիալական
ոլորտի ծախսերին: Հարկային ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է խնդիրը
լուծել վարչարարության կատարելագործման միջոցով: Իսկ հարկային վարչարարությունը կատարելագործելու
խոստումներ եւ փորձեր արվում են դեռեւս 90-ական թվականներից, բայց այդպես էլ հարկահավաքության
ոլորտում չի վերանում ոչ հովանավորչությունը, ոչ «կանխավճարային համակարգը», ոչ էլ
հարկային տեսուչներին ստուգումից-ստուգում կամ եռամսյակից-եռամսյակ տրվող «հատուկ
հարկը»: Ի դեպ, որոշ տնտեսվարողների կանխատեսմամբ էլ՝ պարզապես կմեծանա այս «հարկատեսակը»
եւ այս նախաձեռնությամբ ստվերային տնտեսության տեսակարար կշռի փոփոխություն առանձնապես
տեղի չի ունենա: Առավել ուշագրավ է նախագահի հետեւյալ հանձնարարականը. պաշտոնական
հաղորդագրության համաձայն. «հանրապետության նախագահն ուշադրություն է հրավիրել նաեւ
զանգվածային սպառման տարբեր ապրանքատեսակների շուկայում տիրող ստվերին, ընդգծելով,
որ հարկային ծառայությունը պետք է ոլորտ առ ոլորտ լրջորեն ուսումնասիրի եւ ստվերի
ծավալի մասին հստակ պատկերացում ունենա»: Իրականում՝ զանգվածային սպառման ապրանքատեսակների
շուկայում տիրող ստվերի վրա ընդամենը ուշադրություն հրավիրելը նշանակում է առնվազն
մի քանի տարի էլ այդ բնագավառում «ապահովել» բարձիթողի վիճակ: Իսկ թեկուզ հենց ստվերի
տեսակետից առավել խայտառակ պատկեր, քան զանգվածային սպառման ապրանքատեսակների շուկայում
է, դժվար է գտնել: Ընդամենն ընդգծենք, որ, օրինակ, հայտնի որոշ ֆիրմաների պատկանող
հիգիենիկ խնամքի մի շարք պարագաներ (շամպուն, օճառ, ատամի մածուկ եւ այլն)՝ «արտադրվում»
են (կեղծվում, լցվում են) Հայաստանում: Իսկ առեւտրի կետերում վաճառողները հաճախորդներին
հարցնում են՝ «իսկակա՞նն եք ուզում, թե՞ մյուսը»: Նույնիսկ արդեն հստակորեն կետեր
են գործում, որոնք ընդունում-հավաքում են դատարկ շամպունների տարաներ: Հաշվի առնելով
կադրային պատկերն ու նրանց կուտակած հմտությունները, միամիտ է կարծել, որ հարկահավաքները
սրանից տեղյակ չեն, եւ որ այդ համատարած երեւույթը կվերացվի: Դեռ մի կողմ թողնելով
մարդու առողջության վրա այդ «արտադրատեսակների» հետեւանքները, նկատենք, որ, մեղմ
ասած, դրանք ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում են «ծնվում», ինչը պետք է ոչ
թե ուսումնասիրել, այլ պատժել: Կամ էլ պետք է ենթադրել՝ պատկան մարմինները սա ստվեր
չեն համարում: Մի խոսքով, հարկային եւ մաքսային համակարգերի միջոցով ստվերային
տնտեսության դեմ պայքարի այս նախաձեռնության նկատմամբ ձեռներեցներն առայժմ հոռետես
են, մասնագետները՝ թերահավատ: ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ