Ըստ
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի, ընդդիմությունը նոր տարում
ձեռքերը ծալած չի նստելու։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ընդդիմությունը շարունակելու
է բոյկոտել ԱԺ աշխատանքները. «Ըստ էության, խորհրդարանական բոյկոտի հետ կապված ոչինչ
չի փոխվել, միաժամանակ, մենք չենք բացառում, որ ժողովրդին հուզող հարցերի քննարկումներին
մենք կմասնակցենք, ինչպես դա եղավ ավանդների եւ Իրաք հայկական զորամիավորում ուղարկելու
հարցերի հետ կապված: Հունվարի 19-ին տեղի կունենա «Արդարություն» խմբակցության նիստը,
որի ընթացքում ԱԺ աշխատանքներին մասնակցության հետ կապված կարող են քննարկվել նաեւ
այլ նրբերանգներ»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ «Արդարությունը» պատրաստվո՞ւմ է ակտիվ
գործողությունների եւ եթե այո, ապա ի՞նչ դրսեւորումներ կունենա այդ ակտիվությունը:
Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, ընդդիմությունը իր գործողությունները ծրագրելիս հաշվի
է առնում երկու կարեւոր հանգամանք՝ ներքաղաքական զարգացումները եւ արտաքին քաղաքական
գործընթացները: «Մենք մնում ենք այն կարծիքին, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական
գործընթացների հիմնական նպատակն է՝ իշխանափոխությունն իրականացնել ժողովրդի միջոցով:
Սա է մեր ռազմավարությունը: Միաժամանակ, Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած
իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք, հիմքում ունենալով մեր խնդիրներն ինքնուրույն
լուծելու մոտեցումը, չենք կարող հաշվի չառնել նաեւ արտաքին քաղաքական գործընթացները:
2004-ին ընդդիմության տակտիկան հետեւյալն էր՝ մարզերում եւ Երեւանում լայնամասշտաբ
հանդիպումներ, որոշակի պիկ եւ գործողություններ: Այն, ինչ տեղի ունեցավ մինչեւ ապրիլի
12-ը, պետք է իրականացվի նաեւ հիմա՝ փետրվարից սկսած, հաշվի առնելով այն, ինչ տեղի
ունեցավ Ուկրաինայում: Այսինքն՝ մենք պետք է հաշվի առնենք նաեւ արտաքին զարգացումները:
Որպեսզի այս մտքերը չդառնան շահարկման առարկա, կրկին հայտարարեմ, որ մենք դեմ ենք
իշխանափոխությունը դրսի միջամտությամբ իրականացնելուն, այլ խնդիր է՝ արտաքին քաղաքական
զարգացումները հաշվի առնելը: Մենք մերժում ենք դրսից կատարվող իշխանափոխությունը,
քանի որ այդ պարագայում Հայաստանում կլինի խամաճիկային իշխանություն: Կարծում եմ,
իմաստ ունի, որպեսզի մենք մեկ անգամ եւս հանդես գանք քաղաքական ուժերին ուղղված կոչով,
որպեսզի այն ուժերը, որոնք շահագրգիռ են Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնմամբ
եւ օրինական իշխանության հաստատմամբ, միավորվեն, նկատի ունեմ՝ համագործակցեն իշխանափոխություն
իրականացնելու համար: Պետք չէ վախենալ քաղաքական ուժերի կոնսոլիդացիայից: «Արդարություն»
խմբակցությունն այս հարցում որեւէ կոմպլեքս չունի, եւ մենք պատրաստ ենք համագործակցել
ցանկացած քաղաքական ուժի հետ, որը նպատակ է հետապնդում Հայաստանում վերականգնել սահմանադրական
կարգը»: Եթե անցած տարի մարզերում ժողովրդի հետ հանդիպումներին մասնակցում
էին միայն «Արդարության» ներկայացուցիչները, ապա, նոր ֆորմատի պարագայում, ըստ մեր
զրուցակցի. «Էֆեկտն ավելի մեծ կլինի, երբ հանդիպումներին կմասնակցեն բոլոր այն քաղաքական
ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել «Արդարության» հետ»: Նոր ֆորմատների առաջացման
մասին հարցերը ինչպես օրակարգային էին անցած տարեվերջին, այնպես էլ այսօր: Ըստ էության,
մեզ հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանը չժխտեց ընդդիմադիր նոր ֆորմատի ստեղծման հավանականությունը,
միակ անհամաձայնությունը անվան հետ էր կապված. «Ընդհանրապես, որոշակի վերապահումով
եմ վերաբերվում կաղապարված ձեւակերպումներին՝ ֆորմատ, դաշինք, շարժում: Կարեւորը
հարցի բովանդակային կողմն է, էությունը: Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք
նպատակ են հետապնդում փլուզել «Արդարություն» դաշինքը՝ ֆորմատները պատրվակ դարձնելով:
Կարեւորը խնդիրը լուծելն է: Ակնհայտ է, որ այն հարցերը, որոնք չեն լուծվել 2003-2004
թթ., օդում կախված են մնացել՝ անկախ ոմանց ցանկություններից եւ նպատակներից: Ես նկատի
ունեմ այն երեք խնդիրները, որոնք Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա ազդեցություն
են թողնելու՝ միասին կամ՝ առանձին-առանձին: Այդ խնդիրները հետեւյալն են՝ կեղծված
նախագահական ընտրությունները, ԼՂՀ հիմնախնդիրը եւ «Հոկտեմբերի 27-ը»: Այս երեք հարցերը
նոր տարում դարձյալ լինելու են օրակարգային, եւ դրանց լուծումը կախված կլինի ոչ միայն
ներքին, այլեւ արտաքին քաղաքական զարգացումներից»: Վիկտոր Դալլաքյանը վստահ է, որ
Հայաստանում որքան արագ տեղի ունենա իշխանափոխությունը, այնքան մենք Ղարաբաղի հարցում
քիչ պրոբլեմներ կունենանք. «Մենք թեւակոխում ենք շատ վտանգավոր ժամանակաշրջան: Գործող
իշխանությունները վարել են այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը
դուրս է մնացել տարածաշրջանային ծրագրերից, ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված լուրջ ճնշումներ
կան միջազգային փաստաթղթերում: Այսպես կոչված՝ գրավյալ տարածքներում դիտարկում անցկացնող
խումբը հունվարի վերջին կգա տարածքներն ուսումնասիրելու, եւ եթե Հայաստանի ղեկավարությունը
դիվանագիտությունը «շուստրիությունից» չի տարբերում, ապա այս իրավիճակը մեզ համար
վտանգավոր է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ