Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողական

Հունվար 12,2005 00:00

Ուսանողական անտունի Քննություններին նախապատրաստվելու փոխարեն շրջաններից եկած ուսանողներն էժան բնակարան են փնտրում Դեկտեմբերի սկզբից ԵՊՃՀ ուսանող Արտակը ստիպված եղավ թողնել վարձակալած տունը, քանի որ ընկերը բանակ գնաց, եւ ինքը միայնակ 40 դոլար չէր կարող վճարել տան համար: «Այսօր քեռուս տանն եմ ապրում, բայց այնտեղ էլ երկար մնալ չեմ կարող. ընտանիքը մեծ է: Քննություններն էլ մոտենում են, ու չեմ կարողանում էժան տուն գտնել»: Քննություններին պատրաստվելու փոխարեն, ապագա ճարտարագետներն ու հոգեբանները, տնտեսագետներն ու բանասերները ծեծում են բոլոր փակ դռները՝ վարձով տուն գտնելու ակնկալիքով: «Մեկ ամիս առաջ օրական 10 հոգի վարձով սենյակ էր հարցնում,- ասում է Այգեստան թաղամասի բնակիչներից մեկը: Եթե ազատ սենյակ էլ մնացած լինի այս կողմերում, շատ թանկացած կլինի»: Դեռեւս սեպտեմբերին, գալով Երեւան, շրջանների շատ ուսանողներ անսպասելի կանգնեցին տխուր փաստի առաջ. կա՛մ պետք է նախկին $20-ի փոխարեն վճարեին $40՝ 1 սենյակ վարձակալելու համար, կա՛մ պետք է լքեին բնակարանը: Այսօր Այգեստան թաղամասում, որն ավելի շուտ կարելի է ուսանողական համարել, մեծ մասամբ ուսանողներ են ապրում: Այստեղ նկուղային մի փոքրիկ սենյակը, որ հավաբուն է հիշեցնում, տրվում է $40-ով, իսկ 3 հոգով ապրելու դեպքում, չգիտես ինչու՝ $60 (եթե իհարկե 3 մահճակալ տեղավորվի): 2 սենյակն արդեն շատ թանկ հաճույք է՝ $70-100: Ի դեպ, այս բնակարաններն ընտրելիս պետք է հաշվի առնես նաեւ սեռային պատկանելությունդ: Այսպես՝ «Այստեղ լվացքի համար նախատեսված պարան չկա, այդ պատճառով միայն տղաներին ենք տալիս»: Ճիշտ է, այսօր հնարավոր է նաեւ $20-անոց սենյակ վարձել, բայց… առանց զուգարանի: Իհարկե, կան նաեւ լավ կահավորված եւ ապրելու համար պիտանի բնակարաններ, բայց դրանք հիմնականում ծառայում են արտասահմանցի ուսանողներին, ովքեր «թանկանոց տնվորներ» են համարվում: ԱՐՄԻՆԵ ՍՐԱՊՅԱՆՀոդվածի հեղինակը միակը չէ. մենք բազմաթիվ բողոք-նամակներ ունենք, որտեղ խոսվում է շրջաններից եկած ուսանողների խնդիրների մասին: Նրանք պնդում են, որ ուսանողական հանրակացարաններում հնարավոր չէ սենյակ վերցնել, այնտեղ առանց այն էլ մի սենյակում 3-4 հոգի են ապրում: Մենք այս հարցով դիմեցինք ԿԳ նախարարություն: Քարտուղարության պետ Գրիշա Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ուսանողական հանրակացարաններում ամենեւին էլ նկարագրված վիճակը չէ: Նա նաեւ վստահեցրեց, որ հանրակացարաններն այսօր ունեն հնարավորություն՝ բոլոր ուսանողներին ապահովելու սենյակներով, ընդ որում՝ նորմալ, ոչ խիտ պայմաններով: Եվ դրա համար պետք է միայն բուհից համապատասխան տեղեկանք ներկայացնել նախարարություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել