Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԴ ՔՆՆԻՉԻՆ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻ՞Ն ԿԱԶԻՆՈ ՍԱՐՔԵԼ

Հունվար 12,2005 00:00

ԶԴ ՔՆՆԻՉԻՆ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻ՞Ն ԿԱԶԻՆՈ ՍԱՐՔԵԼ Առաջին ատյանի դատարանը՝ ընդդեմ վերաքննիչի նախագահի փեսայի 2004-ի դեկտեմբերի 28-ին Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը (նախագահ՝ Լ. Արազյան) քննության էր դրել Հակոբ, Ասյա, Գարեգին Խաչատրյանների հայցը: Նրանք 70 տարի է, ինչ բնակվում են Արարատի մարզի Արգավանդ գյուղում՝ փաստացի զբաղեցնելով 1870 քմ հողատարածք: Այդ տարածքի վրա աճեցրել են բազմաթիվ ծառեր, հիմք են դրել շինության: Նշված հողատարածքով անցել են Արգավանդի ոռոգման ջրատարը եւ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի կոյուղագծերը: Մի պայծառ օր էլ՝ 2002-ի սեպտեմբերի 13-ին, կազմակերպվում է «հրապարակային» աճուրդ եւ այդ տարածքի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերում նախ «Աերոտուր» ՍՊԸ-ն, ապա Ռոմեն Մարությանը, որն էլ իր հերթին հողատարածքը «վաճառում» է իր եղբորը՝ Ռաֆիկ Մարությանին: Ըստ լուրերի՝ հետագայում կազինո սարքելու հեռանկարով: Դատաքննության ժամանակ Խաչատրյան ների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը ներկայացրեց աճուրդի հետեւյալ մանրամասները. աճուրդի անցկացման մասին գյուղապետարանի կողմից որոշումը կայացվել է աճուրդի անցկացումից 8 օր առաջ, մինչդեռ նախատեսված է, որ աճուրդի անցկացման տեղի եւ ժամանակի մասին 1 ամիս առաջ զանգվածային լրատվամիջոցներով պետք է հայտարարություն տրվեր: Այն չի տրվել: Աճուրդից առաջ տվյալ հողատարածքը պետք է չափագրվեր, սահմանագծվեր, որը տեղի չի ունեցել: Աճուրդին պետք է մասնակցեր երկրորդ անձը, գոնե «սակարկելու» համար: Երկրորդ անձը չկար: Ինչպես դատարանում նշեց փաստաբան Հարությունյանը, աճուրդի անցկացման մասին տեղյակ չէին պահել անգամ Խաչատրյանների ընտանիքին: Եվս մի հետաքրքիր մանրամասն. աճուրդը կազմակերպել էր Արգավանդի գյուղապետ Աշոտ Ասատրյանը: Վերջինիս մասին «Առավոտը» տեղեկացրել էր այն, որ նա սպանել էր նախկին գյուղապետին եւ անմեղսունակ ճանաչվելով՝ հայտնվել էր հոգեբուժարանում: Ի դեպ, դատաքննության ժամանակ նաեւ ակնարկվեց, որ անմեղսունակի բոլոր որոշումները ճանաչվեն ապօրինի: Ռոմեն եւ Ռաֆիկ Մարությանների լիազոր ներկայացուցիչ Լուսինե Օհանյանը հակառակ մոտեցումն ուներ: Նա գտնում էր, որ իր վստահորդները բարեխիղճ գնորդներ են, իսկ իր գործընկեր՝ հակառակ կողմի ներկայացուցիչ Հարությունյանին էլ խոստացավ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ, քանի որ վերջինս «զրպարտում» է Մարությաններին: Առաջին ատյանի դատարանը բավարարեց Խաչատրյանների հայցը, անվավեր ճանաչեց աճուրդ-վաճառքը, առքուվաճառքի պայմանագրերը, սեփականության իրավունքի վկայականը: Երեկ տեղեկացանք, որ Մարությանների ներկայացուցիչը Խաչատրյաններին վտարելու պահանջով դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ առաջին ատյանում պարտված զինդատախազության քննիչ Ռաֆիկ Մարությանը ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Մարատ Կատվալյանի փեսան է: Ինչը Խաչատրյանների կողմից դատարանին բացարկ հայտնելու հրաշալի հիմք է, քանի որ վերաքննիչում հաստատ չի գտնվի մի դատավոր, որը դուրս կգա իր նախագահի եւ նրա փեսայի դեմ: Մյուս կողմից էլ՝ Հայաստանում այլ քաղաքացիական վերաքննիչ չկա: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել