«ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԱՐՍԵՂԸ ՍԿՍԵԼ Է ԶՐՈՅԻՑ» Ասում է վառելիքի խոշորագույն ներկրող, «ՖԼԵՇ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը – Տարեվերջին գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օլիգարխներին զգուշացրեց, որ իրենից չնեղանան, եթե սկսվեն ստուգումներ, եւ որ օլիգարխները ճիշտ կանեն իրենց թղթերը կարգի բերեն: Դուք, որպես օլիգարխ, ինչպե՞ս ընդունեցիք նախագահի այս զգուշացումը: – Իրոք, մոտավորապես այդ խոսակցությունը եղել է, չնայած բառացի այդպես չի ասվել: Հանրապետության նախագահը հետեւյալ միտքն է արտահայտել՝ ասելով, որ հայոց աշխարհում բիզնեսը աստիճանաբար կայանում է, եւ եթե մինչ այդ որոշ թողտվություններ եղել են, ապա հիմա ավելի է խստանալու: Բերեց օրինակներ, որ կան մի քանի խոշոր ձեռնարկություններ, որոնց մոտ չեն ձեւակերպված աշխատողների քանակը եւ աշխատավարձերը: Ճիշտն ասած, դա ինձ շատ զարմացրեց, եւ այդ հանդիպումից անմիջապես հետո ես հավաքեցի իմ աշխատակիցներին եւ ասացի՝ խնդրում եմ ասացեք, մենք քանի՞ աշխատող ունենք: Ինձ ասացին, որ ունենք մոտավորապես 200 աշխատող: Խնդրեցի ասել, թե մոտավորապես ի՞նչ թիվ է գրանցված: Պատասխանեցին, որ բոլորն էլ գրանցված են: Առանց թաքցնելու ասեմ, որ մարմնովս անցավ շատ հաճելի զգացողություն: Հարցրի նաեւ, թե որքա՞ն սոցիալական վճարումներ ենք կատարում: Ասացին՝ մոտ 1 միլիոն 200 հազար դրամ: Ասացի, որ վճարվի այնքան, որքան պետք է: Իմ հաշվարկներով, մեր վճարումները 50 տոկոսով կավելանան: Եվ սա բանականության այն սահմանում է, որը մենք կարող ենք վճարել: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե Բարսեղ Բեգլարյանը խաբում է: Հարկ վճարող մարդը պետք է իմանա, թե ուր են գնում այդ հարկերը: Այդ հարկը գնում է մեր քույրերին, մեր եղբայրներին, ուղղակի իմաստով եմ ասում: Չէ՞ որ ես քույր ունեմ, որը թոշակառու է, չէ՞ որ ես մայր ունեմ, որը թոշակառու է, չէ՞ որ ունեմ եղբայրներ, որոնք աշխատում են գիտության ոլորտում: Այսինքն՝ մենք պարտավոր ենք կատարել մեր հարկային պարտավորությունները: Ստի պոչը պետք է կարճ լինի: – Սակայն օլիգարխներն իրենք իրենց չառաջացան, նրանք համապատասխան «տանիքի» օգնությամբ են դարձել այդպիսին: Որեւէ պատահական մարդ չի կարող խոշոր բիզնես ունենալ եւ բարգավաճել: – Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ընդունված կարգ է՝ բիզնեսմենը օրենսդրական դաշտում պետք է գտնի որոշ ճեղքեր, որպեսզի հարկերը թաքցնի, իսկ հարկային մարմինները պետք է փորձեն նրան բերել հարկային, օրենսդրական դաշտ: Ինձ մի առիթով հարցրին, որ լինելով այդքան խոշոր բիզնեսմեն, ունենալով բարձրաստիճան ղեկավար ընկերներ (ընդ որում, այդ ընկերությունը գալիս է դեռեւս 70-ական թվականներից, երբ նրանք այդ պաշտոնին չէին)՝ թաքցնո՞ւմ եք հարկերը: Ասացի, որ ես հարկերը թաքցնելու հնարավորությունը չունեմ: Ամեն մարդ իր փոխարեն է պատասխանում: Ես հարկ թաքցնելու տեղ չունեմ, քանի որ իմ հարկերը շատ պարզեցված եւ հաստատագրված են: Իսկ թե ուրիշները ինչպե՞ս են հարկերը թաքցնում, խնդրում եմ իրենց հարցրեք: – Ըստ որոշ գնահատականների, Ռ. Քոչարյանի այդ հայտարարությունից ոչինչ չի փոխվելու, միայն «տանիքներին» տրվող «նալոգներն» են մեծանալու: – Իմ կարծիքով, հարցադրումը պետք է տեղափոխենք ուրիշ դաշտ: Մենք պետություն ենք, որը նոր-նոր է թոթափել պատերազմական լուծը եւ կայանում է տարբեր բնագավառներում, բնական է, որ սկզբնական շրջանում ազատական շուկան ունենում է իր ճյուղերն ու նրբերանգները: Պետությունը, իմ կարծիքով, սկզբնական շրջանում մի փոքրիկ թողտվություն է տալիս, որ բիզնեսմենները կայանան, որոշակի նախնական կապիտալ ձեռք բերեն: Թե ինչքանով է այդ նախնական կապիտալը օրինական, թողնենք իրավապահ մարմիններին: Բայց որ դրանից հետո բոլորը պետք է լինեն օրենքի դաշտում, դա անվիճելի է: Դեռեւս 1998-ից, երբ ՀՀ նախագահ դարձավ Ռ. Քոչարյանը, հայտարարեց, որ գործարարի «տանիքը» պետք է լինի միայն եւ միայն ինքը, այսինքն՝ օրենքը եւ ոչ թե անձը: Մինչեւ հիմա այդ «տանիք» ասված բառը չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ ես իմ ընկերների առաջ ավելի պատասխանատու եմ զգում: Ինձ համար հաճելի է, որ նրանք այնտեղ են, բայց նաեւ կրկնակի պատասխանատվություն է: Այլ խնդիր է, որ ուրիշները կարող են այդ կապերից օգտվել: Եթե երկրի ղեկավարը ինձ համար օտար մարդ լինի, ես օրենքն ավելի հեշտ կխախտեմ, քան, եթե երկրի ղեկավարները իմ ընկերներն են: Ես այս դեպքում առավելություններ չունեմ: Հաճելի է, որ իրենք այնտեղ են, բայց ինձ համար դա կրկնակի պատասխանատվություն է: Ցավոք սրտի, այդ կապերի պատճառով ես ինչ-որ տեղ տուժում եմ, թող ների ինձ Աստված, եթե ես կեղծում եմ: – Որպես Ռ. Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին մոտ կանգնած գործարար՝ ասացեք, ձեր կարծիքով Հայաստանում կա՞ ստվերային տնտեսություն: – Այո, Հայաստանում ստվերային տնտեսություն կա: Բայց ի՞նչ չափերի է հասնում, դրա համար կան համապատասխան վիճակագրական կազմակերպություններ, որոնք կարող են ասել: Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ իրենք վերեւներում շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է կատարվում, քան մենք, որ ցածում ենք: Այլ խնդիր է, հայտարարել, եւ այլ խնդիր է՝ ձեռքից բռնելը: Ես չգիտեմ, թե ուրիշներն ինչպես են հարստացել, իմ հարստանալու պատմությունը կարող եմ ներկայացնել: Թող տեսնեն, որ Բեգլարյան Բարսեղը սկսել է զրոյից, եւ բոլորը զարմացած են, թե ինչպես եմ ես աշխատում առանց վարկերի: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ արժեքային համակարգերը տարբեր ժամանակներում փոփոխության են ենթարկվում, բայց կա մի արժեքային համակարգ, որը երբեք փոփոխության չի ենթարկվում. դրանք մարդկային հարաբերություններն են: – Դուք այսօր զբաղվում եք մի բիզնեսով, որով, բացի ձեզնից եւ էլի մեկ կամ երկու հոգուց, ուրիշ մեկը չի կարող զբաղվել: Այսօր ամեն մեկը չէ, որ կարող է սկսել զրոյից եւ դառնալ օլիգարխ, եթե չունի բարձրաստիճան հովանավոր: Ստացվել է, որ դուք այդ բիզնեսը ձեզնով եք արել, եւ բոլորը գիտեն, որ դա, կներեք, ձեր սիրուն աչքերի համար չէ: – Դուք մոտավորապես հետեւյալն եք ասում, որ այսօր շուկան կարծես թե վերաբաշխված է: Հնարավոր է, ճիշտ եք ասում: Ես պատմությունը լավ եմ սովորել: Իսկ պատմության դասագրքերում ասվում է, որ դեռեւս 1914 թվականին, երբ տեղի ունեցավ համաշխարհային պատերազմը, գերտերությունների սեղանին մոտենալով, Գերմանիան տեսավ, որ բոլոր տեղերը զբաղված են եւ ստիպված կռիվ սկսեց, որպեսզի նորից իր տեղը նստի: Աստված հեռու տանի: Հայաստանում տեղի են ունեցել մեծ իրադարձություններ, սկսած 88-ից մինչեւ 97 թիվը: Եվ այդ ընթացքում ով ինչպիսի շնորհք (լավ իմաստով եմ ասում) ունեցել է՝ դրսեւորել Է: Նախնական կապիտալի կուտակում է տեղի ունենում: Ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատել՝ օրինական, թե անօրինական ճանապարհով: Ես կարող եմ միայն ինձ համար պատասխան տալ եւ ասել, որ իմ նախնական կապիտալի կուտակումը սկսվել է զրոյական վիճակից, որի հաջողության 99,999 տոկոսը միայն եւ միայն Աստծո բարեհաճությամբ է եղել: Եվ գուցե իմ անցած ուղին, իմ ընկերական հարաբերությունները, ոչ ընկերական հարաբերությունները վերեւների հետ, այն անցած տարիները (մոտավորապես 27 տարի Երեւանում եմ եղել), որոնց ընթացքում այնպիսի հարաբերություններ եմ ստեղծել, որ ուր գնացել եմ՝ դռները ինձ համար բաց են եղել: Եվ ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրներում: Ես ինքս էլ պատերազմի մասնակից եմ եղել: Եթե ձեր ասած օլիգարխները սկսել են 91-92 թվականներից, ես մինչեւ 97 թվականը իմ կապիտալով եղել եմ զրո: Եվ ես դա չեմ թաքցնում: Իսկ այսօր մոտավորապես 15 միլիոն դոլար հարկ եմ վճարում պետությանը: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ