Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղճ

Հունվար 12,2005 00:00

Խեղճ ֆորպոստ Ղարաբաղյան խնդրի եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանը հանդես կգա միայն որպես միջնորդ: Ըստ «Նովոստի» գործակալության, այս մասին Մոսկվայում թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: «Ընդհանուր գծերով Թուրքիայի վարչապետի հետ մենք անդրադարձանք տարածաշրջանի երկրների՝ ՌԴ-Հայաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»,- ասել է Պուտինը: Ըստ նրա, երկու երկրները ձգտում են հարեւանների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման: «Ռուսաստանն իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորվեն այն հակամարտությունները, որոնք մնացել են hետխորհրդային տարածքում, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտությունը»,- նշել է Պուտինը: Իր հերթին, նույն միջոցառման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե հանդես է գալիս հօգուտ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա կարգավորման: Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան արդեն բացել է Ստամբուլի օդանավակայանը Հայաստանից չվերթների համար: Ցամաքային սահմանն առայժմ փակ է, դրա բացումը կախված կլինի բանակցությունների ընթացքից, նշել է Թուրքիայի վարչապետը: Նա ընդգծել է, որ Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի վիրավորված հարեւաններ չլինեն»,- ասել է Էրդողանը: Այսպիսով, կարելի է ասել, որ Հայաստանի ու առհասարակ հայկական խնդիրների շուրջ նպատակային բանակցություններ են ընթանում Հայաստանի ամենամերձավոր ու ամենառազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի (թեկուզեւ՝ պայմանականորեն) եւ Հայաստանի ամենաոխերիմ թշնամու՝ Թուրքիայի (դարձյալ պայմանականորեն) միջեւ: Առաջին հայացքից դա կարող է տարօրինակ թվալ: Ինչո՞u Մոսկվան Անկարայի հետ բանակցում է, ասենք, Վրաստանին կամ թեկուզ՝ ադրբեջանական նավթին առնչվող հարցերով: Չէ՞ որ այդ երկու երկրները նշված ոլորտներում բազմաթիվ անհամաձայնություններ ունեն: Բայց արի ու տես, որ Պուտինը Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում բանակցությունների, իսկ գուցեեւ առեւտրի առարկա է դարձնում իր հարազատ «ֆորպոստը»՝ Հայաստանը, մինչդեռ սրբության սրբոց ֆորպոստի հետ այդպես վարվել չի կարելի. հայ մտավորականները կարող են ի խորոց սրտի վիրավորվել ու Ռուսաստանը հեղեղել բաց նամակներով: Ծիծաղելի է, որ Ռուսաստանը կարող է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հանդես գալ իբրեւ միջնորդ, ենթադրենք՝ սահմանի բացման հարցում: Դա նույնն է, թե ՌԴ-ն միջնորդի, որ իր «հոգատար գրկից» փրկվի եւ իր ազդեցության գոտուց դուրս սպրդի հերթական հետխորհրդային հանրապետությունը: Եվ այն էլ ինչպիսի հանրապետություն՝ տեղով «ֆորպոստ»: Պարզ է մի բան. եթե Մոսկվան ու Անկարան ինչ-ինչ «հայկական» հարցերի շուրջ, այնուամենայնիվ, համաձայնության գան, դա լինելու է ի հաշիվ Հայաստանի շահերի: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել